Խոտի դեզի վրա

Խոտի դեզի վրա
Իրավիճակ 1. Խոտի դեզի վրա հայտնված շունը չի ուտում այդ դեզից, չի էլ թողնում, որ ուրիշն ուտի: Ելք՝ կամ շունն ստիպված ուտում է այդ դեզը, կամ շանը փայտով լարում են ու իրենք են ուտում: Երրորդ տարբերակ, թվում է՝ չկա:



 



Իրավիճակ 2. Րաֆֆի Հովհաննիսյանը կամա թե ակամա (կապ չունի) լիդեր է դարձել, ու այսքան ժողովուրդն իրենն է, ինքը՝ այդ ժողովրդի դե ֆակտո առաջնորդը: Ելք՝ կամ Րաֆֆին առաջնորդում է ժողովրդին, կամ Րաֆֆուն դե ֆակտո փայտով, եղանով-բանով քշում են Օպերայից, ու ուրիշներն են առաջնորդում: Երրորդ տարբերակ, թվում է՝ չկա:



 



Տարբերությունը խոտի դեզի եւ ժողովրդի մեջ մեծ չէ: Տարբերությունը, սակայն, մեծ է: Շունը դեզը պահում է բնազդաբար: Րաֆֆին ժողովրդին պետք է առաջնորդի գիտակցաբար: Հետեւաբար՝ շանը կարող են քշել եղանով եւ դեզին տիրանալ, իսկ Րաֆֆուն չի կարելի եղանով-բանով հեռացնել ժողովրդից, որովհետեւ ժողովուրդն է ցանկացել, որ Րաֆֆին առաջնորդի իրեն, եւ Րաֆֆին պիտի գիտակցաբար պաշտպանի իր դեզը:



 



Գալուստ Սահակյանն այս հարցի հետ կապված մի հրեշավոր ծրագիր ունի: Արդեն մանրամասնել է՝ դեզը, ներողություն, ժողովուրդը, կամաց կմաշվի: Ասում է՝ մենք դրան կնպաստենք մեր բարենորոգումներով: Գալուստ Սահակյանն այս դեպքում ոչնչով չի տարբերվում սուլթան Համիդից: Նա իրականում ոչ մի բարենորոգում էլ չի անի, այլ ուղղակի, հույսը ժամանակի վրա դրած, կսպասի, որ հրապարակ ելած ժողովուրդը մաշվի, որ ամեն անցորդ ձեռքի հետ իրենը տանի, վերջանա-գնա: Սեփական ժողովրդի հետ այսպիսի կատակ չի կարելի անել:



 



Հարգելի Րաֆֆի Հովհաննիսյան, հաղթե՞լ ես, ժողովուրդն իր քվեն քե՞զ է տվել, ուրեմն ասա, որ հաղթել ես: Էլ խուճուճ բաներ մի արա՝ ոչ ես եմ հաղթել, ոչ Սերժը, այլ ժողովուրդն է հաղթել: Ժողովուրդը չի հաղթել, ժողովուրդն ընտրել է, ընտրել է հաղթողին, որ իրեն առաջնորդի: Մի՞թե ճիշտ է ժողովրդին ասել՝ ոնց հաղթել ես, գնա այդպես էլ կառավարվիր: Սա քաղաքական առումով ամենաքիչը տգիտություն է, պարոն Հովհաննիսյան: Նա, ով հաղթել է ընտրություններում եւ պատրաստ է առաջնորդել ժողովրդին, այդ նույն ժողովրդի հետ հիմա քարուքանդ պիտի աներ այն երկրների դեսպանատները, որոնց նախագահները հերթով շնորհավորում են չհաղթողին: Պատրաստվո՞ւմ եք այդպիսի բան անել, թե՞ դա էլ է հաղթող ժողովրդի գլխի ընկնելիքը: Դուք պարտավոր էիք տեռորի ենթարկել այն դիտորդներին, ովքեր հիացական կարծիքներ էին գրում նախագահական ընտրությունների մասին: Արե՞լ եք:



 



Իսկ եթե փոքր-ինչ կասկածում եք, որ հաղթել եք, ապա պիտի մարդավարի ընդունեք նաեւ պարտությունը: Պարտվելու մեջ ամոթ բան չկա: Դրանից առավել ամոթալի է չհաղթածի մոտ գնալն ու գյալաջի անելը, այն էլ այն բանից հետո, երբ հաղթած ժողովրդին ասում ես, որ հրապարակում կմնանք այնքան, մինչեւ չհաղթողը գա եւ իշխանությունը հանձնի մեզ:



 



Դուք, պարոն Հովհաննիսյան, իրո՞ք մտածում էիք, որ կարող էր նման բան լինել: Այդ դեպքում ես ցավում եմ Ձեզ համար, որովհետեւ բոլոր մարդիկ էլ մի բան միշտ երազում են: Ոմանց երազանքը կատարվում է, ոմանցը՝ ոչ: Սա նույնիսկ այն դեպքը չէ, որ ասես՝ եկեք, փորձի համար, տեսնենք Սերժն իր ձեռքով թագը կբերի՞ Օպերա, թե՞ չի բերի: Եթե կասկածում ես հաղթանակիդ,  պիտի էս գլխից ասես ժողովրդին՝ մենք այս անգամ չհաղթեցինք: Եվ այդ խոսքերը չպետք է հնչեն ցածր տոնով: Դրանք էլ ժողովրդին առաջնորդելու խոսքեր են: Ժողովուրդը դա կհասկանա: Բայց խաղը, որի մեջ ներքաշել եք ժողովրդին, չի հասկանա: Մենք ասացինք, որ ժողովրդի ու դեզի մեջ տարբերությունը մեծ չէ: Կառուցվածքը որ նայենք, կտեսնենք, որ դեզն էլ ժողովրդի պես հատ-հատ խոտերից է բաղկացած: Իսկ տարբերությունն այն է, որ ժողովուրդ-դեզի ամեն մի խոտ մտածելու կարողություն ունի:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ