Ասաց՝ լսեցինք

Ասաց՝ լսեցինք
Երեկ ողջ օրը երկիրը կարդում էր ու դիտում դարակազմիկ ասուլիսի նախ սղագրությունը, ապա՝ տեսագրությունը: Անշուշտ, վաղուց ժամանակն էր հանդես գալու, եւ ասուլիսը՝ չնայած մերժելի ձեւաչափին, հանդիպումից շատ ժամեր անց հրապարակվելուն եւ բազում կասկածելի հայտարարություններին, ողջունելի էր եւ օգտակար:



 



Առաջին հերթին հենց իր՝ Սերժ Սարգսյանի, ապա եւ հանրության համար, որն իրավունք ունի իմանալ, թե ինչ է մտածում երկրի նախագահը, ինչից է զայրանում եւ ուրախանում, ինչպես է պատրաստվում հարաբերվել իր հակառակորդների հետ եւ այլն: Նախօրեի ասուլիսն այդ առումով ծով նյութ է տալիս խորհրդածությունների համար: Յուրաքանչյուր քաղաքացի, լսելով երեկ նրան, անշուշտ, շատ հարցերում համաձայնեց, բայցեւ բազում հարցերում չէր կարող կիսել նրա տեսակետները: Ասենք՝ ինչպե՞ս կարելի է համաձայնել այն մտքի հետ, թե ՀՀԿ-ն ամեն ինչ արել է, որ խորհրդարանում օլիգարխներ չհայտնվեն:



 



ՀՀԿ խմբակցության անգամ «ամենաօրենսդիր» ներկայացուցիչներն ավելի շատ բիզնեսգործունեությամբ են զբաղված, քան օրենսդրական: Կամ՝ իր ընդդիմախոսների կողմից հնչող քննադատության նկատմամբ այդ մերժումը, լրատվամիջոցներին ուղղված մեղադրանքները: Պարզվում է՝ մամուլն է այն անբավարարության, դժգոհության, «գաղջ» մթնոլորտի պատճառը, որը տարիներ շարունակ իշխանավորները ձեւավորել են երկրում՝ ինտրիգներ հյուսելով, գռփելով, թալանելով, պաշտոնը չարաշահելով, հասարակական հոգսերի նկատմամբ զրո հետաքրքրություն դրսեւորելով: Եվ երբ երկրի նախագահը հայտարարում է, թե՝ ես ոչ միայն ինձ կողմ, այլեւ դեմ քվեարկած անձանց նախագահն եմ, ընդամենը պետք է նայեր, թե ովքեր են նստած սեղանի շուրջ, եւ հասկանար, որ ինքը միայն «ընտրյալների» նախագահն է՝ նրանց, ովքեր տհաճ հարցեր չեն տա եւ չեն քննադատի: