Սար ու ձոր

Սար ու ձոր
Մոտ 40 օր է անցել նախագահական ընտրություններից, եւ միանգամայն բնական է, որ մարդկային էմոցիաները ոչ մի կերպ չեն հանդարտվում, եւ հասարակությունը շարունակում է քննարկել ու վերլուծել կատարվածը:



 



Սակայն բնական չէ, երբ ընդդիմությունը նորից ու նորից վերադառնում է քվեարկության մանրամասներին եւ խոսում քվեատուփերը բացելու մասին, ինչպես արել է երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նախ, դեռ ընտրության հաջորդ օրերին արդեն պարզ էր, որ քվեատուփերում ոչինչ չկա: Չկա այն իմաստով, որ մինչեւ քվեատուփերը փակելն է ամեն բան արվել: Իսկ եթե անգամ չեն հասցրել անել, ապա դա արել են քվեատուփերը փակելու գիշերը: Ընտրակեղծարարները քաջ տեղյակ են, որ օրենսգիրքը թույլ է տալիս հաջորդ օրը բացել քվեատուփերը եւ ստուգել դրանց պարունակությունը: Ի դեպ, մի քանի տեղամասում դա արվեց, եւ արձանագրությունների հետ մեկ կամ երկու քվեաթերթիկի տարբերություն արձանագրվեց:



 



Այնպես որ, ընտրությունից 40 օր անց քվեատուփերը բացելու պահանջը տվյալ դեպքում կարող էր առաջ քաշել իշխանությունը, որ ապացուցեր իր անմեղությունը, այլ ոչ թե ընդդիմությունը: Նման պահանջն առավել եւս անիմաստ է, եթե հաշվի առնենք, որ արդեն իսկ հրապարակվել է Սահմանադրական դատարանի որոշումը, եւ քվեատուփերը բացելու պահանջն առնվազն ամեն ինչ ջնջելու, զրոյից սկսելու կամ անիմաստ ձգձգումների տպավորություն է թողնում: Ի վերջո, երբ ընդդիմության առաջնորդն արտահերթ ընտրությունների եւ պաշտոնների պահանջները, քվեատուփեր բացելու եւ Ցեղասպանության թանգարանի տնօրենին ՀՀԿ ավագանու ցուցակից դուրս գալու կոչերն իրար է խառնում, ավելի է ամրապնդում այն տպավորությունը, որ կամ հացադուլն է նրա վրա վատ ազդել, կամ իսկապես չգիտի ասելիքն ու անելիքը: Իսկ ժողովուրդը հստակ եւ սկզբունքային առաջնորդի կարիք ունի: