Ամեն նոր մոռացված հինն է

Ամեն նոր մոռացված հինն է
Մենք գումարումների, համախմբումների ազգ չենք, մերը պառակտումն է, բաժանումը, անմիաբանությունը: Դա հատկապես նկատելի է քաղաքական դաշտում: Թե քանի կուսակցություն է անկախության 20 տարիների ընթացքում պառակտվել, բզկտվել, բաժանվել մասերի եւ անհետացել քաղաքական «թատերաբեմից», դժվար է անգամ հիշել:



 



Բայց 2002-ին «Կուսակցությունների մասին» օրենքի ընդունումից հետո, թվում էր, պրոցեսները գնալու են հակառակ ուղղությամբ՝ միավորման, խոշորացման: Օրենքի պահանջներին համապատասխանեցման տրամաբանությունը դրան էր հանգեցնելու: Այլեւս հնարավոր չէր լինելու մի ընտանիքի անդամներով կուսակցություն ձեւավորել, որպես կուսակցության գրասենյակ գրանցել սեփական բնակարանի հասցեն եւ պարբերաբար ասուլիսներ ու հարցազրույցներ տալն էլ ներկայացնել որպես կուսակցական բուռն գործունեություն: Մի քանի տարի, իսկապես էլ, որոշ կուսակցություններ փակվեցին, միացան իրար, ոմանք հրաժարվեցին մարդ-կուսակցություններ գրանցելու գայթակղությունից: Բայց քանի որ ամբարիշտ ենք ու ամբիցիոզ, նաեւ օրինապաշտ չենք, իսկ օրենքի կատարումն ապահովող մարմիններ կամ չկան, կամ իրենց դիրքերում չեն, ուստի այս վիճակը երկար չտեւեց:



 



Եվ կրկին մեր աչքի առաջ նոր կուսակցությունների ձեւավորման գործընթացներ են ընթանում: Նորի ծնունդը, անշուշտ, կարելի է ողջունել եւ դրա հետ հույսեր կապել: Սակայն վատ է, որ նորը ծնվում է առճակատման ճանապարհով: Հների դիմադրությունը հաղթահարելով: Պառակտումներով ու անհաշտություններով: Տա աստված՝ նոր ՀՀՇ-ն կենսունակ կառույց լինի, եւ ընդդիմության նոսրացող դաշտում մի գույն ավելանա: Տհաճն այս պարագայում նույն ընդդիմության դաշտում սկսված գզվռտոցն է, ինչը կրկին հիասթափեցնելու է հասարակությանը եւ իշխանության ջրաղացին է ջուր լցնելու: