Գործադիրի անճարակությունն ու պատգամավորների կատաղությունը

Գործադիրի անճարակությունն ու պատգամավորների կատաղությունը
Չնայած  վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է, թե Արմավիրի մարզի կարկտահարությունը դարը մեկ է լինում, եւ դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ, սակայն  ակնհայտ է, որ դա մեր անճարակ գործադիրի ինքնասփոփանքն է ընդամենը:



 



Բայց քանի որ բողոքի ալիքն ուժգին էր եւ սպառնում էր նրանց աթոռներին, ուստի իշխանությունը դիմեց այնպիսի խղճուկ քայլի, ինչպիսին հանգանակությունն է, որին, փաստորեն, մասնակցելու են բոլոր հնարավոր գերատեսչությունները, մասնավոր ընկերություններ, պատգամավորներն ու բիզնեսմենները: Բանն այն է, որ Արմավիրից պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Ալիկ Պետրոսյանը  հումանիզմ դրսեւորեց եւ դիմեց առողջապահության, կրթության եւ գիտության նախարարներին, որ նրանք զիջումների գնան արմավիրցիների կրթության վարձավճարների ու բուժման հարցում, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղում միացավ նախաձեռնությանը`հայտարարելով, թե իր մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցի տուժած գյուղացիների հաշվեհամարին: Նա կոչ արեց մասնակցել նաեւ պատգամավորներին: Եվ քանի որ սրանք, որպես կանոն, բարեգործություն անել չեն սիրում, հիմա էլ նրանց շարքերում է դժգոհության ալիք բարձրացել:



 



Օրինակ, ԱԺ  պատգամավորները դժգոհում են, որ գործադիրի փոխարեն իրենք պետք է աջակցություն ցուցաբերեն գյուղացուն: Երբ հարցուփորձ արեցինք, թե ով է մասնակցելու բարեգործությանը, ակնհայտ դարձավ, որ այնքան էլ նրանց սրտով չէր Արգամիչի կոչը:  Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, «մասնակցելո՞ւ եք հանգանակությանը» հարցը լսելուն պես, պայթեց. «Քո ի՞նչ գործ, իմ աշխատավարձս՝ ես, ինչքան կուզեմ, կփոխանցեմ»: Մեկ ամսվա աշխատավա՞րձն եք փոխանցելու՝ հաջորդող հարցն ավելի գազազեցրեց նրան: «Էդի ես եմ որոշողը»,-եղավ  պատասխանը: Մեկ այլ ՀՀԿ-ական` Կարեն Սարիբեկյանը,  նկատեց. «Կգա ժամանակը՝ կտեսնեք, ինչի՞ եք շտապում»:  Իսկ գումարի չա՞փը: «Այ քեզի բան, էդ ի՞նչ ասելու բան ա, Դո՞ւք քանի հարյուր հազար եք փոխանցելու, ով ինչ հնարավորություն ունի, այդքան էլ կանենք»: ՀՀԿ-ական մյուս պատգամավորը՝  Արմեն Մխիթարյանը,  արձագանքեց անորոշ.  «Չեմ մտածել, բայց կփորձեմ օգնել»: Թե որքան գումարով, ասաց. «Չենք իմանում, պտի հստակեցվի-բան ըլնի»: Գուցե մեկ ամսվա աշխատավա՞րձը կփոխանցի՝ ինչպես Արգամիչը, կակազեց. «…Չչ …չեմ կարող ասել, հլը տեսնեմ պատգամավորներով ինչ ենք որոշում, հետո կասեմ»:



 



ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ հիշեցրեց Գագիկ Ծառուկյանի 200 միլիոն դրամ փոխանցելու մասին` նշելով, որ դա վերաբերում է նաեւ իրենց: Իսկ ինչպե՞ս է գնահատում հանգանակությունը որպես նորամուծություն, ասաց, որ դա բարոյական քայլ է, բայց կառավարությունը պետք է մշակված հստակ ծրագիր ունենա, քանի որ կարկտահարությունը ստանդարտ դեպք է,  կանխատեսելի աղետ: Եվ նման խուճապը կառավարության անգործության հետեւանք էր:



 



Զավեշտն այն էր, որ Արմավիրի կարկուտը ներխուժեց նաեւ ոստիկանության բյուջե: Այստեղ եւս իրար խառնվեցին, սակայն ոչ թե հումանիզմի ազնիվ մղումով, այլ զանգվածային բողոքները եւ հատկապես ճանապարհ փակելու գործընթացները կանխելու նկատառումով: Ոստիկանապետն անձամբ սպառնաց՝ վերջին անգամ լինի: