Թագավորը մերկ չէ, բայց վախկոտ է

Թագավորը մերկ չէ, բայց վախկոտ է
Եռօրյա մասնավոր այցով Հայաստան ժամանած Ուելսի արքայազն Չարլզը երեկ օդանավակայանից միանգամից ժամանեց Մատենադարան, սակայն Մատենադարան մտավ ոչ թե գլխավոր մուտքից, այլ հետնամուտքից:



 



Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցների փոխանցմամբ,  արքայազնի անվտանգության աշխատակիցներն էին խորհուրդ տվել այդպես վարվել, քանի որ Մատենադարանի հարթակում արքայազնին, բացի լրագրողներից, սպասում էին մի խումբ բնապահպան ակտիվիստներ, ովքեր իրենց բողոքն էին հայտնում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված, որը շահագործում է բրիտանական ընկերություն: Նշենք, որ մինչ արքայազնի ժամանելն ակտիվիստներին հանդիպեց Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզինը: Նա լսեց բնապահպանների բողոքը եւ խոստացավ դրանք փոխանցել արքայազնին: Բնապահպաններին մոտ երկու ժամ անց հաջողվեց պարզել, որ արքայազնը հետնամուտքով է մտել Մատենադարան, եւ նրա այդ քայլը վերջիններս ամոթ եւ վախկոտություն որակեցին: Հետաքրքիրն այն է, որ ՄԲ դեսպանատան աշխատակիցները, փաստորեն, խաբեցին ոչ միայն բնապահպաններին, այլեւ լրագրողներին, ովքեր դեսպանատան հրավերով ժամանել էին այստեղ՝ այցը լուսաբանելու: 



 



Արքայազնը թագավորական ընտանիքի միակ ներկայացուցիչն է, ով մասնավոր այցով ժամանում է Հայաստան: Այս եռօրյա այցի շրջանակներում մի շարք հանդիպումներ են նախատեսված: Մասնավորապես, արքայազնը կհանդիպի Սերժ Սարգսյանի, կաթողիկոս Գարեգին 2-րդի հետ: Մասնակցելու է Օպերայի եւ բալետի թատրոնում կազմակերպվելիք համերգին, բարեգործական ընթրիք է լինելու: Նշենք, որ արքայազնի այցը Հայաստան միանշանակ չի ընդունվել Բաքվի կողմից: ԱՊՊԱ գործակալության փոխանցմամբ, մի շարք ադրբեջանական կազմակերպություններ հիասթափված են այն փաստով, որ արքայազնը նախապատվությունը տվել է ոչ թե իրենց երկրին, որը եւս հարուստ է մշակութային օջախներով, այլ Հայաստանին: «Ցավոք, արքայազնը ցանկության դեպքում էլ հայ-ադրբեջանական սահմանը հատելուց դժվարություններ կունենա, քանի որ արդեն 20 տարի է՝ ադրբեջանական հողերի 20 տոկոսն օկուպացված է Հայաստանի կողմից, անկախ այն բանից, որ ՄԱԿ-ը Հայաստանի այդ քայլը դատապարտող 4 բանաձեւ է ընդունել: Սերժ Սարգսյանի հետ նրա հանդիպումը լավագույն հնարավորությունն է ցուցադրելու իր հարգանքը միջազգային իրավունքի նկատմամբ»,-փոխանցում է գործակալությունը:



 



Օրվա ավարտին հայտնի դարձավ, որ արքայազնը ճաշելու է «Դոլմամա» ռեստորանում, եւ բնապահպանները որոշեցին ակցիան անել այնտեղ: