Արդյո՞ք սա նախաքննություն էր

Արդյո՞ք սա նախաքննություն էր
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչի կողմից ինձ՝ Սամվել Հովհաննիսյանիս, մեղադրանքներ են առաջադրվել` 1. ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով, այսինքն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ, մի խումբ անձանց կողմից պատվերով կյանքից զրկելու նախապատրաստության համար:



 



 



Քննիչի կողմից առաջադրված այս մեղադրանքը հիմնավորված է համարվել, իսկ որպես ապացույցներ՝ ընդունվել են նախ ինձ հետ հակամարտության մեջ գտնվելու ռեալ պատճառներ ունեցող Ռոբերտ Տոնոյանի ոչնչով չհիմնավորված ցուցմունքները, նրա կողմից ինձ հետ իր վարած հեռախոսային զրույցների գաղտնի կատարված եւ ինձ համար ակնհայտ մոնտաժի ենթարկված ձայնագրությունները, ինչպես նաեւ որոշակի ժամանակահատվածում, թեւեւ  օրենքով սահմանված կարգով կատարված, սակայն քրեորեն հետապնդելի որեւէ արարքի կատարման, կատարման փորձի կամ հանցագործության նախապատրաստության հետ կապ չունեցող  բովանդակությունների զրույցների, խոսակցությունների գաղտնալսումների տեքստերի վերծանումները, որոնք եւս օբյեկտիվորեն չեն կարող ապացուցողական ուժ ունենալ: Այս ամենը նախաքննական մարմինն ուներ դեռեւս քրեական գործ հարուցելու պահին, տասնմեկ ամիս շարունակ նախաքննական մարմինը բազմաթիվ քննչական հանձնարարություններ է ուղարկել ՌԴ եւ այնտեղից ստացել պատասխաններ, որոնցով ակնհայտ երեւում է, որ իմ կողմից տրված ցուցմունքները ճիշտ են եղել: Հավանաբար, քրեական գործի վարույթն այսքան ձգձգելու պատճառը եղել է այն, որ ես էլ, ոմանց նման, չորս ամիս անազատության մեջ գտնվելուց հետո կարող էի այլեւս չդիմանալ այդ պայմաններին եւ բոյկոտել:



 



2. ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող հափշտակություն կատարելու համար:



 



Այս մեղադրանքի հիմնավորվածության մասին խոսք չի կարող լինել, քանի որ նախաքննական մարմինը, այսինքն՝ տվյալ դեպքում ՀՀ ԱԱԾ քննչական մարմինը, ինչ-ինչ նկատառումներից դրդված, քաղաքացիաիրավական պայմանագրային ոլորտին վերաբերող, պարտք ու պահանջի բնագավառին ենթակա հարցերն արհեստականորեն մտցրել է քրեաիրավական հարաբերությունների դաշտ եւ ցանկանում է գոնե այդ արհեստածին քրեական գործը  ծառայեցնել ինձ անպայման քրեական պատասխանատվության ենթարկելու ոմանց նկրտումներին:



 



Իսկ որ ամենատարօրինակն է, այդ ընթացքում անվերջ վկայակոչվում են քրեադատավարական եւ քրեական նյութական օրենսդրությունների ոլորտները կարգավորող նորմեր, որոնք ընդհանրապես չեն կարող կապ ունենալ քննիչի կողմից ներկայացված քրեական հանցագործության բնագավառի հետ:



 



Ինձ սպանության նախապատրաստության մեջ մեղադրելու հարցում նախաքննական մարմինը որեւէ ապացույց ձեռք չի բերել, որը կհիմնավորեր, թե  նախաքննական մարմնի նշած պատվիրատու Մրազ Շառոյանը ճանաչել է ինձ, եւ որ այդ անձնավորությունն ինձ պատվիրել է Ջամալ Սլոյանի սպանությունը:



 



Ամենակարեւոր հանգամանքը. նախաքննական մարմինը կարողանում է Շառոյանի հեռախոսային խոսակցությունը երկու ամիս շարունակ գաղտնալսել, բայց գտնվելու վայրը չի կարողանում պարզել, որ կալանավորեն: Բայց չեն կալանավորում, որովհետեւ այդ պարագայում հայտնի կդառնա, որ ես Շառոյանին չեմ ճանաչում եւ, բնականաբար, որեւէ սպանության նախապատրաստելու պատվեր էլ չեմ ստացել: Շառոյանի համար արդեն ունեն մշակված ծրագիր, ինձ կդատապարտեն, իսկ արդեն Շառոյանի մասով կասեցված քրեական գործի նյութերը Ռուսաստանի Դաշնությունից կպահանջեն, եւ ՌԴ քննչական մարմինները քրգործը կկարճեն հանցակազմի բացակայության հիմքով, քանի որ Շառոյանի՝ սպանության նախապատրաստության պատվեր տալու փաստը որեւէ կերպ հիմնավորված չէ:



 



Ակնհայտ է մի բան, որ համապատասխան  բարձրաստիճան պաշտոնյան, իրադարձություններից առաջ ընկնելով, չճշտված տվյալներ է զեկուցում ՀՀ բարձրագույն ղեկավարությանը, որ ես հանցագործություն եմ կատարել եւ, որպես ապացույց, հղում է կատարել ձայնագրառումները, կալանավորում են ինձ եւ հետո փորձում իմ կողմից կատարված «հանցագործությունը» բացահայտել, այն է՝ մութ սենյակում փնտրում են սեւ կատու, այն դեպքում, որ այդ սենյակում կատու չկա: Չհամարձակվելով կրկին անգամ զեկուցել, որ տեղեկությունը չի հաստատվել, եւ ձայնագրառումները բնօրինակներ չեն, այլ պատճեններ են, ամեն կերպ փորձում են չարած հանցագործությունը հիմնավորել, հիմա էլ, որեւէ ապացույց չունենալով, գործն ուղարկել են դատարան, հույս ունենալով մեղադրական դատավճիռ կորզել  դատավորից, որը ես համարում եմ անհնար: Վստահ եմ, որ դատարանը քրեական արդարադատություն կիրականացնի եւ ուրիշի եփած անհամ բորշչը չի ուտի, առավել եւս, որ ՀՀ նախագահը վերջերս բարձրաստիճան պաշտոնյայի ազատեց աշխատանքից՝ հենց քրեական արդարադատություն չիրականացնելու համար, եւ մասսայական հայտնեց, որ բոլոր նրանք, ովքեր կշեղվեն քրեական արդարադատություն իրականացնելուց, կազատվեն աշխատանքից: Ես պատրաստվում եմ օրերս հաղորդմամբ դիմել համապատասխան ծառայությանը իմ անձի նկատմամբ իրականացվող եւ այլ հանցագործությունների մասին:



 



Սամվել ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



ՀՀ արդարադատության նախարարության  քրեակատարողական վարչության նախկին պետ