Մի արտագաղթեք, մնացեք ձեր երկրում եւ փոխեք իշխանությունը

Մի արտագաղթեք, մնացեք ձեր երկրում եւ փոխեք իշխանությունը
Նախախորհրդարանը երեկ հանրահավաք էր անում Վանաձորում: Երկու օր առաջ նախ մի խմբով մեկնել էին Վանաձոր՝ իրազեկելու բնակչությանը կայանալիք հանրահավաքի մասին: Օրն էլ պատահական չէր ընտրված՝ անկախության տոնը հարմար առիթ էին դիտել պետության, ազգի առաջ ծառացած խնդիրների մասին խոսելու համար:



 



Տեղեկացանք, որ հանրահավաքի ժամանակ ելույթ են ունեցել տարբեր մասնագիտությունների ու հայացքների տեր անձինք, որոնց համախմբել էր մի գաղափար` արտագաղթի դեմ պայքարը: Նրանք կոչ էին անում՝ մի արտագաղթեք, մնացեք ձեր երկրում եւ փոխեք իշխանությունը: Հանրահավաքին մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Հանրահավաքին մասնակցած լեզվաբան Դավիթ Գյուրզադյանն իր ելույթում նշել է, որ այժմ ազգային- ազատագրական պայքար է գնում, ու պիտի արտագաղթի ոչ թե ՀՀ քաղաքացին, այլ՝ զավթիչները: Հանրահավաքին մասնակցել է նաեւ կենսաբան Անի Զախարյանը: Վերջինս իր ելույթում նշել է, որ ցանկացած գործողություն կատարելիս քաղաքական ուժերը հետապնդում են իրենց շահերը. «Ժամանակին հանքեր են վաճառվել, այժմ մենք ենք վաճառվում: Պետք է պայքարենք մեր բարեկեցիկ ապագայի համար»: Հանրահավաքի ժամանակ խոսել են նախաձեռնության քայլերից առաջինի մասին. Նախախորհրդարանը մտադիր է կազմակերպել ընդվզման եւ անհնազանդության բջիջներ, որոնք կբերեն հզոր շարժման, արդար ընտրության եւ օրինական իշխանության հաստատման:



 



Ելույթ ունենալով այդ հավաքում՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Նախախորհրդարանի ոչ պաշտոնական ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ ժողովրդի զգալի մասը հացի կարոտ է եւ խայտառակ վիճակում է գտնվում, ինչի պատճառով էլ արտագաղթում են: Ըստ Սեֆիլյանի, անցել է առաջնորդների ժամանակը, եկել է առաջնորդող խմբերի ժամանակը, եւ իրենք երիտասարդությանը հորդորում են մնալ հայրենիքում ու միանալ իրենց: «Արցախյան պատերազմի մասնակիցներին եմ դիմում՝ թողեք կուսակցական դրոշները, եղեք ակտիվ: Երիտասարդներին եմ ասում՝ մի գնացեք, պայքարն արդեն սկսել ենք: Սփյուռքի կազմակերպություններին հորդորում եմ՝ մի կողմ թողեք բարեգործական կարեւոր ծրագրերը, ներուժը բերեք մեր պայքարին: Մենք հավատում ենք մեր սկսած գործին եւ դրա հաղթանակին»,- իր ելույթում ասել է Ժիրայր Սեֆիլյանը:



 



Հանրահավաքի ավարտից հետո մեզ հետ զրույցում վերջինս նշեց, որ վանաձորյան հանրահավաքում ինչ խնդիր իրենց առջեւ դրել էին, իրականացրել են եւ  բավարարված են: Հանրահավաքի ժամանակ ստորագրահավաք է կազմակերպվել՝ «համակարգը տապալելու համար»: Ինչպես նաեւ հանրահավաքի մասնակիցները հնարավորություն են ունեցել գրել թերթիկների վրա իրենց հուզող հարցերը եւ ուղղել Նախախորհրդարանին. «Խնդիրներին եւ առաջարկություններին դեռ չենք ծանոթացել, բայց մարդկանցից պահանջում էինք իրենց տվյալները փոխանցել մեզ,  դրա նպատակն ինքնակազմակերպումն է, որի ուղղությամբ առաջիկա օրերին քայլեր կձեռնարկվեն»:



 



Նախախորհրդարանը մայիսի 31-ին, ժամը 19:00-ին հանրահավաք է հրավիրել նաեւ Ազատության հրապարակում՝ «Հայաստանում նորգաղութային տիրապետության հաղթահարման եւ նոր որակի պետության ձեւավորման ճանապարհային քարտեզի» քննարկման նպատակով:



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ