Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին առավել վտանգված հուշարձաններից է

Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին առավել վտանգված հուշարձաններից է
Նախօրեին, Աթենքում «Եվրոպա Նոստրա» կազմակերպության կողմից հրապարակվել է Եվրոպայի առավել վտանգված հուշարձանների յոթնյակը: Այն ընդգրկում է մշակութային ժառանգության օրինակներ Ալբանիայից, Կիպրոսից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իտալիայից, Ռումինիայից եւ Թուրքիայից:



 



Ի դեպ, Թուրքիայի կողմից ներկայացված է 420թ. կառուցված հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին, որը գտնվում է Դիարբեքիրի, այժմ` Մարդինի վիլայեթի վարչական կենտրոնում: Աշխարհի «7 առավել վտանգված» մշակութային ու պատմական կոթողների նախնական ցանկում Հայաստանից ընդգրկված է եղել նաեւ Արագածոտնի մարզի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որի հայտը մշակել եւ ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարությունը, եւ որը, փաստորեն, դուրս է մնացել ծրագրից: 2013թ. հունվարին մեկնարկած «7 առավել վտանգված վայրեր» ծրագրի շրջանակում 21 եվրոպական երկրներ ներկայացրել էին իրենց առավել վտանգված հուշարձանների 40 թեկնածությունները: Ծրագիրն իրենից ներկայացնում է ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն այդ հուշարձանների վերականգնման ուղղությամբ, որին աջակցում է Եվրոպայի հեղինակավոր ֆինանսական կազմակերպություններից մեկը`  Եվրոպական ներդրումային բանկը: «Եվրոպա Նոստրայի» նախագահ Պլաչիդո Դոմինգոն, անդրադառնալով հուշարձանների ընտրությանը, նշել էր, որ այդ հուշարձաններն ու վայրերն ընտրվել են ոչ միայն այն պատճառով, որ դրանք պատմում են մեր ընդհանուր անցյալը, այլ նաեւ այն պատճառով, որ դրանք թանկ են տեղական համայնքների համար:



 



Քանդակագործ Արա Շիրազի կարծիքով, Թուրքիայի կողմից հայկական եկեղեցու առաջադրման մեջ ինչ-որ չափով սարքովի բան կա, քան այն, որ իրականում Թուրքիան մտածում է հայկական հուշարձանների մասին: Քանդակագործը նշեց, որ առավել վտանգված հուշարձաններից մեկն էլ Լոռու մարզի Քոբայրի եկեղեցին է` Փարաջանովի սիրած եկեղեցիներից մեկը, որի կեսը կա, կեսը չկա. «Բավականին լուրջ արվեստի գործ է, որը վտանգի տակ է, եւ պետք է հետեւել»:



 



Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նշեց, որ հայկական կողմից ընտրությունը միանշանակ ճիշտ է արվել, որովհետեւ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին այսօր առավել վտանգված հուշարձաններից է եւ իր մշակութային արժանիքներով միանշանակ արժանի էր ուշադրության, թե ինչու չի ընդգրկվել ցանկում, հնարավոր է քաղաքական գործոնները նույնպես կան. «Գուցե Թուրքիայի վարկանիշն ավելի մեծ է աշխարհի երկրների նմանատիպ կառույցներում: Շատ դեպքերում նույն Ադրբեջանը, Թուրքիան ֆինանսավորում են նման կառույցները, ու քանի որ մասամբ իրենք են ֆինանսավորում, ինչ-որ տեղ նաեւ կարողանում են թելադրել»:



 



Հայաստանի տարածքում առավել վտանգված հուշարձաններից Սամվել Կարապետյանն առանձնացրեց նաեւ Դսեղ գյուղի մոտ գտնվող Սուրբ Գրիգոր վանքը, որը գլուխգործոց հուշարձան է եւ գտնվում է վատթարագույն վիճակում: Կարապետյանը կարծում է, որ եթե Սուրբ Պողոս-Պետրոսի փոխարեն ներկայացվեր Սուրբ Գրիգորը, արդյունքը նույնը կլիներ, որովհետեւ այստեղ ուղղակի խտրականություն կա երկրների նկատմամբ. «Այդ միջազգային կառույցների վարվեցողությունը որեւէ չափանիշով արդարացված չեմ տեսնում, որովհետեւ Թուրքիան այսօրվա վիճակով իր հզորությամբ, հարստությամբ մի տեղ է հասել, որ եվրոպական զարգացած երկրներից որոշների հետ քայլ է գցում, դրա համար կարծում եմ՝ այդ կառույցները պետք է ուշադրություն դարձնեն ոչ միայն հուշարձանի կարեւորությանը, այլ նաեւ նրան, թե, օրինակ, Հայաստանն ինչ տնտեսական կացության մեջ է, իր հուշարձանները որքանով է ի վիճակի իր ուժերով վերականգնել: Այս տեսակ երկրներին պետք է ավելի շատ սատարել, քան մեկին, որն առանց այդ օգնության էլ կարող է վերականգնել»: