Մի բան արեք

Մի բան արեք

Երկրի տնտեսական վիճակը ծանր է եւ գնալով ծանրանում է: Դա երեւում է ոչ միայն 2013-ի առաջին կիսամյակի պաշտոնական թվերից, որոնք անգամ «դզել-փչելուց» հետո մնացել են 4 տոկոսի նիշի վրա, այլեւ մարդկանց եկամուտների, բիզնեսի շրջանառությունից, սպառողական ապրանքների ու ծառայությունների պահանջարկի կրճատումից: Պետք չէ բարձրակարգ տնտեսագետ լինել այդ ամենը տեսնելու համար: Դա շատ ավելի լավ տեսնում ու իրենց գրպանի վրա զգում են ինչ-որ գործունեություն ծավալող անձինք: Երեկ երեւանյան միջին կալիբրի ռեստորաններից մեկի տերը, օրինակ, պնդում էր, որ անցած տարվա համեմատ 50 տոկոսով իր եկամուտները կրճատվել են: Անգամ կոշկակարն էր տրտնջում, որ գործ չկա անելու՝ «կլիենտները գնացել են, ով էլ մնացել է՝ չստեր է հագնում»: Իսկ բիզնեսը Ռուսաստան տեղափոխած մեկ ուրիշը զարմացած հարցնում էր. «Լավ, Սերժ Սարգսյանը չի՞ տեսնում ինչ է կատարվում երկրում, չի՞ ուզում քայլեր ձեռնարկել երկիրն այս փոսից հանելու համար»: Եվ բոլորը՝ ռեստորանի տնօրենը, բիզնեսմենն ու անգամ կոշկակարը փրկության իրենց բանաձեւն էին առաջարկում: Մեկն ասում էր. կադրային կտրուկ փոփոխություններ է պետք անել՝ մինչեւ վարչապետին չփոխեն, ոչ մի բան երկրում չի փոխվի: Մյուսն ասում էր՝ փրկության կոմիտե է պետք ստեղծել, օլիգարխներից մեծ գումարներ վերցնել եւ ուղղել աղքատության եզրից այն կողմ գտնվողներին աջակցելուն: «Թող կանչի Ծառուկյանին, Քոչարյանին, մյուսներին, ասի, որ ամեն մեկդ մի միլիարդ պետք է տաք, որ երկիրն էս վիճակից հանենք, հերիք է ինչքան օգտվեցիք պետությունից, հիմա օգնելու ժամանակն է եկել»,- լուրջ-լուրջ առաջարկում էր նա: Եվ ամենակարեւորը. մարդկանց առավելապես զարմացնում ու զայրացնում է այն անգործությունը, որ դրսեւորում է իշխանությունը ոչինչ չանելով:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ