Սխալ ուղղություն

Սխալ ուղղություն

Առաջադիմությունը Հայաստան դժվարությամբ է հասնում: Ճիշտ է՝ ոմանք դա դրական են համարում, դրա մեջ տեսնելով մեր արմատներից չհրաժարվելու, արեւմտյան «այլանդակ» բարքերին տուրք չտալու, ազգային «մաքրությունն ու անաղարտությունը» պահպանելու հնարավորություն: Բայց Արեւմուտքը միայն միասեռականները չեն, ոչ էլ ազգությունն ուրացած կոսմոպոլիտները: Արեւմուտքը նաեւ բարեկեցություն է, մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ, ժողովրդավարական ընտրություններ եւ, ընդհանրապես՝ քաղաքացիական կայացած հասարակություն: Ի վերջո, հենց այդ աշխարհի գայթակղությունն է ստիպում ՀՀ շատ քաղաքացիների թողնել սեփական հողն ու տարագրվել՝ լավ կյանքի եւ սեփական անձի պաշտպանվածության փնտրտուքով: Մինչեւ այդ արժեքները չսաղմնավորվեն մեր երկրում, հույս չունենաք, որ արտագաղթը կդադարի, եւ հայությունը կսկսի վերադառնալ իր հայրենիք: Մենք ստիպված ենք փոխել մեր երկիրը, ձեւավորել նոր, առաջադեմ, գայթակղիչ ու կյանքի համար հարմարավետ միջավայր: Սակայն այդ ուղղությամբ գնալու փոխարեն շարունակում ենք քանդել ու ավերել մեր երկիրը, խստացնել կենսապայմանները, ոտնահարել մարդու իրավունքները: Տարբեր երկրներում ապրող հայերն ախր տեսնում են, որ աշխարհը ոչ թե գներն է բարձրացնում, այլ մարդկանց եկամուտներն է ավելացնում, սոցիալական պաշտպանության ամուր մեխանիզմներ է ձեւավորում: Ոչ թե օդից փող է աշխատում՝ փողոցները կարմիր գծերով պատելով, այլ հակառակը՝ վերացնում է տարբեր տեսակի տեսագրող ու չափող սարքերը, դրանք դիտելով որպես մարդու իրավունքների եւ հատկապես անձնական կյանքի գաղտնիության խախտում: Ոչ թե ուսման վարձավճարներն է բարձրացնում, այլ բազմատեսակ կրեդիտային ու դրամաշնորհային ծրագրերով խրախուսում է երիտասարդության ուսման ձգտումը:  



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ