Մերժել ինքնասպանությունը

Մերժել ինքնասպանությունը

Նախօրեին դեռ աշխույժ եւ կենսախինդ մարդը, ով առնվազն 100 տարի ապրելու ծրագրեր ուներ, հանկարծ ինքնասպանություն է գործում: Առաջին միտքը, որ ծագում է նման պատահարից հետո, վաղամեռիկի հոգեկան առողջության հետ կապված կասկածներն են: Մարդկային տրամաբանությունը հրաժարվում է ընկալել երկարատեւ ու անլուծելի խնդիրներ չունեցող անձի՝ կյանքից կամովի եւ սթափ ուղեղով հրաժարվելու բացատրությունները: Բայց հաճախ պարզվում է, որ ինքնասպանություն գործած անձը բոլորվին էլ հոգեկան հիվանդ չի եղել: Գուցե հոգեպես անհավասարակշիռ: Բայց շատ ավելի հաճախ՝ ընդամենը էգոիստ: Ակնհայտ է, որ 20-ամյա այն երիտասարդը, ով այդպես թեթեւությամբ հրաժեշտ է տալիս կյանքին, ինչ-որ մեկին պատժելու, ցավեցնելու մղումով է առաջնորդվում: Մյուս կողմից՝ այնքան եսակենտրոն է, որ իրենից հետո մնացողների, իրեն սիրող մարդկանց հոգեվիճակի եւ հետագա կյանքի մասին բոլորովին չի մտահոգվում: Նաեւ, անպայման, հավատքի ու Աստվածաշնչի հետ երբեւէ առնչություններ չի ունեցել: Ամեն անգամ նման ցավալի դեպքից հետո մենք սկսում ենք խորհել երիտասարդ սերնդի հոգեկան անհավասարակշռության, ինչու չէ՝ դաստիարակության ու կուլտուրայի պակասի մասին: Պահն անցնում է՝ ամեն ինչ մոռացվում է: Բայց արժե այս մասին ավելի համակարգված մտածել: Արժե միջոցներ ձեռնարկել, որ դպրոցում, ընտանիքում, երկրում այնպիսի մթնոլորտ ձեւավորվի, որը կմերժի ինքնասպանության մասին ցանկացած միտք ու փորձ: Արժե, որ օրումեջ տարբեր ակումբներում այս թեմաներով ճամարտակող հոգեբանները, սոցիոլոգները, բժիշկները, մանկավարժները լրջորեն մտահոգվեն եւ կոնկրետ գործողությունների, քայլերի ծրագիր մշակեն՝ ինչպես կոփել երիտասարդ սերնդին, որ կյանքին հրաժեշտ տալու միտքը նրանց ուղեղում ամենավերջինը ծագի:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ