Մի դատիր

Մի դատիր

Հասարակության ակտիվ հատվածը շատ սուր է արձագանքել Արա Սահակյանի՝ Ղազախստանում դեսպան նշանակվելուն: Հիշել են վերջինիս ՀՀՇ-ական անցյալը, անգամ ինչ-որ զավեշտալի պատմություն են արխիվից հանել. եղբոր՝ թութակ գողանալու մասին: ՀՀՇ-ն ու տերպետրոսյանական շրջանակներն էլ են ծանր տարել փաստը՝ փորձում են տարանջատվել Սահակյանից եւ նշում են, որ նա վաղուց էր հրաժեշտ տվել իրենց թիմին: Դատելով այս անառողջ իրարանցումից, կարելի է եզրակացնել, որ մեր հանրությունը թերեւս կարծում է, թե 16 տարի առաջ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից կամովի հրաժարական տված անձը, որն այսօր ընդամենը 58 տարեկան է, պետք է հպարտ-գործազուրկի կարգավիճակից չհրաժարվի եւ հետայսու զբաղվի միայն թոռների խնամքով: Թերեւս կարծում են նաեւ, որ դեսպանների պաշտոնին նշանակվում են միայն անթերի կենսագրություն ունեցող, դրական իմիջով կամ դիվանագետի մասնագիտության նրբություններին քաջատեղյակ անձինք, որոնց թվին Արա Սահակյանը չի պատկանում: Գուցե մտածում են նաեւ, որ տարբեր պաշտոններում, մանավանդ դեսպանների աթոռին, պետք է նստեն միայն նրանք, ում մասին իրենք երբեւէ չեն լսել, ովքեր որեւէ բանով աչքի չեն ընկել, որեւէ քաղաքական կուսակցության եւ թիմի անդամ չեն եղել: Կամ էլ համարում են, որ Տեր-Պետրոսյանի ժամանակ պաշտոն զբաղեցրած մարդիկ մի անելիք ունեն՝ բողոքի պերմանենտ ակցիաներ անել ու իշխանափոխություն պահանջել: Եվ նրանք, ովքեր այդ պայքարին չեն մասնակցում, «դավաճան» են, «հաճախորդ», «պնակալեզ» ու «կարիերիստ»: Այս տարերային ատելության, ցասումի ու չարության, անհանդուրժողության եւ մերժումի մթնոլորտում ակնհայտ է, որ մեր հասարակության ակտիվ հատվածը կազմված է բացառապես դատավորներից: Բայց ասված է, չէ՞. մի դատիր, որ չդատվես:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ