Հայկ Դեմոյանը չի ցանկանում ԲՈՀ-ի նախագահ դառնալ

Հայկ Դեմոյանը չի ցանկանում ԲՈՀ-ի նախագահ դառնալ

Արդեն մեկ ամիս է, ինչ համառորեն լուրեր են շրջում, թե Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի թափուր տեղն զբաղեցնելու է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով իր ռուսալեզու դիսերտացիայի պաշտպանության ժամանակ բավական աղմկալի բախում ունեցավ ԲՈՀ-ի հետ, եւ այս բախումը, ասում են, դերակատարում է ունեցել Արտյուշա Ղուկասյանի պաշտոնազրկման հարցում: Դեմոյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է լսում իր նշանակման մասին: «Ես առաջին անգամ եմ լսում, եւ դա ծիծաղելի է, քանի որ այդ նույն հանձնաժողովը փորձում էր տապալել իմ դիսերտացիան: Հիմա մոդա է, մեկ ինձ սփյուռքի նախարար են նշանակում, մեկ` այլ պաշտոնի»,-ասաց նա: Իսկ եթե նման առաջարկ լինի, ինչպե՞ս կարձագանքեք` հարցրինք: «Այդպիսի առաջարկ չի լինի, որովհետեւ, եթե մեկը փորձի ինձ մնան բան առաջարկել, նախ պետք է գիտակցի, թե որտեղ եմ ես հիմա աշխատում, եւ որքանով է դա կարեւոր ու հրատապ: Ցեղասպանության թանգարանի տնօրեն լինելը ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին շատ ավելի կարեւոր է: Շատ անլուրջ կլինի, որ ես դառնամ նախարար կամ մեկ այլ պաշտոնի անցնեմ: Ես ինքս թույլ չեմ տա, որ այս կարեւոր եւ որոշիչ պահին անցնեմ այլ աշխատանքի: Նման պարագայում ես նախ իմ անձի, ապա նաեւ հանրության առաջ շատ անլուրջ տպավորություն կթողնեմ: ԲՈՀ-ի նախագահի պաշտոնն ու Ցեղասպանության թանգարանի տնօրենի աշխատանքը տարբեր հարթությունների վրա են»,-եղավ Դեմոյանի արձագանքը:



Նա կարծում է, որ ԲՈՀ-ը պետք է փակվի, քանի որ այդ կառույցի գոյությունը վնասում է գիտությանը: Դեմոյանին չի բավարարել անգամ Ա. Ղուկասյանի պաշտոնանկությունը: Դա ընդամենը մի քայլ է համարում: «Այն գործընթացները, որոնք տեղի ունեցան իմ դիսերտացիայի շուրջ, ուղղակի խայտառակ էին: Ես բավարարված չեմ այն հանգամանքով, որ Արտյուշա Ղուկասյանը հեռացվել է: Ես շատ լավ գիտեմ ԲՈՀ-ի ներսում, ԲՈՀ-ի շուրջ ինչ էր կատարվում, ինչպիսի մեխանիզմներ են գործում: ԲՈՀ-ը, որպես կառույց, պետք է ընդհանրապես փակվի, որովհետեւ դա գիտությանը վնասող կառույց է: Կամ էլ պետք է լիովին վերանայվի ու բարեփոխվի: Հատկապես պետք է ուշադրություն դարձնել մասնագիտական խորհուրդների նախագահների որակավորմանը,-ասաց Դեմոյանը` ավելացնելով:- Այն սանձարձակ ու փողոցային գործելաոճը, որ որդեգրել էին իմ դեմ, միայն ԲՈՀ-ի նախագահի կողմից չէր: Դա մի ամբողջ կոռուպցիոն համակարգ էր, շղթա էր, որը գործում էր իմ դեմ: Միայն Արտյուշա Ղուկասյանը չէր, կար հստակ ձեւակերպված պատվեր»: Դեմոյանը չցանկացավ կոնկրետ անուններ հնչեցնել: Ասաց, որ դրանք իրեն շատ պարզ են, եւ ժամանակը կգա, ու ինքը կբացահայտի այդ անունները: «Ես, լինելով սկզբունքային մարդ, գնալու եմ մինչեւ վերջ եւ պատժելու եմ այն անձանց, ովքեր սանձարձակորեն, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, դիմել են կոռուպցիոն գործելաոճի` խախտելով գործող օրենքը, ԲՈՀ-ի կանոնակարգը: Ուղղակի փողոցային վարձկանների էին վարձել իմ դեմ, ովքեր պետք է հասնեին ինձ վարկաբեկելուն: Բայց խնդիրը ԲՈՀ-ը չի, խնդիրը մասնագիտական խորհուրդների մեջ է: ԲՈՀ-ը զուտ սառցաբեկորի երեւացող մասն է: Ինչ համակարգ է գործում ԲՈՀ-ում եւ ԲՈՀ-ից ճառագայթաձեւ դուրս գալիս` ուղղակի սարսափելի է: Ես իմ կաշվի վրա եմ զգացել, թե ինչի են ընդունակ ԲՈՀ-ն ու որոշ մասնագիտական խորհուրդների նախագահները: Նրանք կարող են «դաբրոյով» հեշտ ու հանգիստ աշխատանք անցկացնել կամ տապալել մեկ ուրիշին: Այս մեխանիզմն է գործում ԲՈՀ-ում»:  Դեմոյանը, ի նշան բողոքի, ԲՈՀ-ից չի վերցրել անգամ իր դոկտորական կոչման վկայականը: Նա դա անլուրջ է համարում: Ճիշտ է, չի փոշմանել, որ դոկտորական է գրել, քանի որ այն գրել է ոչ միայն ԲՈՀ-ի կամ իր համար, այլեւ «մեր երկրի, երկրի անվտանգության համար»: «Բայց ամենասոսկալի եւ ամենախայտառակ երեւույթն այն է, որ հենց մեր երկրում փորձեցին այն տապալել: Գործընթացը, որը ծրագրավորված տեղի ունեցավ իմ աշխատանքը տապալելու ուղղությամբ, թերեւս լավագույնը կվճարեր թուրքական եւ ադրբեջանական կողմը»,-կարծում է Ցեղասպանության թանգարանի տնօրենը:  



 



ՀԳ - Առնվազն զարմանալի է, որ Հայկ Դեմոյանն այսպիսի որակումներ է տալիս եւ պաշտոնական դիրքի չարաշահում անվանում իր դիսերտացիայի քննադատությունը՝ համարելով, որ հասարակությունն իրավունք չուներ քննադատել այն եւ եթե քննադատել է, ապա դա «փողոցային վարձկանների» ձեռքի գործն է: Իսկ հասարակությանը շոկի մեջ էր գցել այն փաստը, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենը, ով հայկականության եւ հայոց հարցի առաջին ջատագովներից մեկը պետք է լինի, իր ատենախոսությունը գրել էր ռուսերեն:



 



Սոնա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ