Պետական բուհերի՝ խոշոր հարկատու լինելը զավեշտ է

Պետական բուհերի՝ խոշոր հարկատու լինելը զավեշտ է

Երեւանի պետական համալսարանի դասախոս, տնտեսագետ, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը  կարծում է, որ կրթությունը երբեք էժան հաճույք չի եղել, եւ մեր երկրի նման փոքր երկրում համատարած բարձրագույն կրթություն ապահովելը չափազանց դժվար գործ է: Ցածր եկամտի պայմաններում էլ, բնական է, որ ուսման վարձի բարձրացումը համարվում է թանկացում, չնայած մեր երկրում բոլորը հակված են, որ իրենց զավակներն ստանան բարձրագույն կրթություն: Իսկ բացի վարձերից մեծ են նաեւ բուհի ծախսերը, եւ բուհն իր հնարավորություններով չի կարող այդ հարցը լուծել: Միակ ելքը մնում է վարձավճարների բարձրացումը` նյութատեխնիկական զինման, սոցիալապես անապահով ուսանողներին արտոնություններ տրամադրելու, ինչպես նաեւ բազմաթիվ սոցիալական փաթեթներ ձեւավորելու համար: Բայց այս հարցերը միայն վարձերի թանկացումով լուծելը բավարար չէ, շատ իրատեսական է բուհերին հարկերից ազատելն ու այդ գումարն ուղղելը հենց այն խնդիրների լուծմանը, որոնց պատճառով էլ  ստիպված են բարձրացնել ուսման վարձերը: Սակայն հարկային արտոնություններ տալը դեռ չի նշանակում, որ կրթությունն անվճար կլինի, պարզապես թանկացումը ցածր եկամուտներ ունեցող երկրում կարող էր ավելի մեղմ լինել: Ավելին, տնտեսագետը կարծում է, որ ՀՀ պետական բուհերի խոշոր հարկատուների ցանկում լինելն արդեն զավեշտալի է: «Վարձերի բարձրացումը պետք է հետապնդի կոնկրետ նպատակ.  ուսումնական ամբողջ տիրույթի համալրումը, վարձատրությունը, լաբորատորիաներ, շատ բաներ կան, բայց զարմանալին այն է, որ պետական կարգավիճակ ունեցող բուհերը հանդիսանում են հարկատուներ եւ խոշոր հարկատուների ցուցակում են ընդգրկված, որը զավեշտ է: Այնինչ կրթական համակարգը պետք է լինի շահույթ չհետապնդող կազմակերպություններ եւ այդպես էլ կա եւ ամբողջ հասույթը պետք է օգտագործի կանոնադրական նպատակների համար,-ասում է Վարդան Բոստանջյանն ու հավելում:- Երեւանի պետական, Տնտեսագիտական  համալսարանները եւ այլ բուհեր 300 խոշոր հարկատուների ցանկում են, որը ծիծաղելի է: Ինչպե՞ս կարող են լինել հարկատուների մեջ, երբ պետությունն այդ երիտասարդներին պատրաստում է երկիրը, տնտեսությունն առաջ տանելու համար»: Ըստ Բոստանջյանի, շահույթ հետապնդող հիմնարկներ կարող են լինել ոչ պետական, հավատարմագրված բուհերը, որոնց առջեւ պետությունը պարտավորություններ չունի: Իսկ պետական բուհերը, որտեղ մասնագետների պատվերներ ունի պետությունը, եւ որը չի կարող լինել շահույթ հետապնդող,  բնականաբար, չեն կարող լինել հարկատու: Բուհերն էլ ուսման վարձավճարների թանկացման որոշումը հիմնավորում են լաբորատորիաների, աշխատավարձերի, սոցիալական ֆոնդերի ու նյութատեխնիկական  համալրման համար, մինչդեռ այդ  խնդիրները կարող են լուծվել ոչ թե ուսանողի ու ծնողի գրպանը մտնելով, այլ ընդամենը հարկերից ազատվելով: «Պետական բուհերը  պետք է ազատվեն հարկերից,  ու այն գումարը, որը հարկ են մուծում, ծախսեն իրենց օրենսդրական պահանջների վրա: Վերանորոգեն, հրապարակներ կառուցեն, դասագրքեր, աշխատավարձ եւ այլն: Սակայն, փաստորեն, այդ ամենը բացակայում է: Պետական բուհերը չի կարելի դնել պարտավորությունների դաշտում, որովհետեւ նրանք  երկրի համար անհրաժեշտ կադրեր են պատրաստում. դա զավեշտ է»: Ինչ վերաբերում է միջազգային հեղինակություն ունեցող բուհերի հետ համեմատություններին, ինչը հաճախ կարելի է լսել նախարար Աշոտյանից ու ռեկտորներից, ապա Բոստանջյանն ասում է, որ նրանց հետ անգամ համեմատվելու աղերսներ չկան: «Ես եղել եմ շատ բուհերում ու ծանոթ եմ, թե այդ բուհերում ինչպիսի համակարգ է գործում: Այնտեղ ուսուցման այնպիսի համակարգ է, որ հնարավոր չի պատկերացնել, որ կրթության ձգտող, ընդունակ ու ընդհանրապես  պոտենցիալ ունեցող ուսանողները կարող են հայտնվել ծանր վիճակում: Ամբողջ քաղաքակրթված աշխարհում բուհերը վարձերն իրացնում են կանոնադրական նպատակների իրացման համար, որի մեջ շատ բան է մտնում, եւ, ամենակարեւորը` այդ բուհերը հարկատուներ չեն»,-հավաստիացնում է ավելի քան 30-ամյա մանկավարժական ստաժ ունեցող տնտեսագետը:  Նշենք, որ ուսման վարձավճարների պարբերական բարձրացման դեմն առնելու նպատակով կառավարությունը նախագիծ է մշակում, որով պետք է սահմանվի ուսման վարձավճարի վերին շեմ: Դրանով էլ ուսանողությունը պաշտպանված կլինի ինքնավար բուհերի կամայականություններից: Սակայն մինչ կնախագծվեն ու կմշակվեն հետագա թանկացումները վերահսկելու մեխանիզմները, ուսանողները պատրաստվում են սեպտեմբերյան թեժ պայքարին՝ ընդհուպ դասադուլ, որը կստիպի,  թանկացման որոշումները վերանայել:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ