Լռությունը ոսկի է

Լռությունը ոսկի է

Հասարակության մեջ տաբուներ, արգելված թեմաներ, կուռքի վերածված անձինք չպետք է լինեն: Կռապաշտությունն ու անձի պաշտամունքը, արգելված թեմաները բռնապետական հասարակություններին բնորոշ երեւույթներ են եւ վտանգավոր են առողջ ու դեմոկրատական հասարակությունների համար: Այս առումով պատերազմի վետերանների, հրամանատարների բանավեճը, որով հեղեղված է վերջին օրերի մամուլը, ողջունելի է: Բայց երբ Կոմանդոսն ու Գուրգեն Դալիբալթայանը հարցազրույցներ են տալիս եւ միմյանց հասցեին ոչ հաճելի բաներ ասում, դա ոչ թե արգելված թեմայով առողջ խոսակցության է վերածվում, այլ հասարակության կողմից հարգված հերոսների, պատերազմի վետերանների գզվռտոցի: Մենք, որպես կանոն, չենք կարողանում պահպանել բանավեճի կուլտուրան եւ անտեղի վիրավորանքներ շռայլելու մեջ վարպետ ենք: Բայց այս բանավեճի մեջ միայն դա չէ կարեւոր՝ ավելի ուշագրավ բան կա: Քրեական օրենսգրքի «վաղեմության ժամկետ» հասկացությունը, որը մարդու գործած ու չբացահայտված հանցանքը ներելու իմաստ ունի, հումանիստական դրույթ է: Հիմքում այն գաղափարն է, որ պատժիչ մարմինները հին հանցագործությունները բացահայտելու, բավարար ապացույցներ հայթայթելու դժվարություններ ունեն, իսկ անբավարար ապացույցներով մարդուն դատել չի կարելի: Երբ խնդրո առարկա դեպքերից տարիներ անց խոսվում է այս կամ այն անձի սխալների մասին, մանավանդ երբ այդ անձն այլեւս ողջ չէ եւ չի կարող ոչ առարկել, ոչ արդարանալ, ոչ իր անմեղությունն ապացուցել, այդ խոսքը դառնում է զրպարտություն ու բամբասանք: Վազգեն Սարգսյանի անձն ու գործը, անշուշտ, պատմաբանների քննության առարկան կդառնան, ժամանակակիցների հուշերում կպատմվեն, բայց եթե նրա կենդանության օրոք լռել եք, շարունակեք լռել նաեւ նրա բացակայության պայմաններում:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ