Կաթն ու բուլկին` որպես նվեր մանուկներին

Կաթն ու բուլկին` որպես նվեր մանուկներին

Մեկ շաբաթ առաջ կառավարության հաստատած «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը լայնորեն գովազդվում է ԹիՎի-ներով եւ ներկայացվում որպես հեղաշրջում տարրական դասարանների աշակերտների սննդակարգում եւ սոցիալական վիճակում: Այն ընդամենը նշանակում է, որ պետությունն իր գրպանից մեկ բաժակ կաթ եւ թխվածքի մեկ կտոր՝ ենթադրաբար, բուլկի է տալու 1-4-րդ դասարանների աշակերտներին: Ծրագիրը երկար նախապատրաստական ընթացք եւ փորձաշրջան է ենթադրում: Հայտարարվել է, որ այն, փորձնական կարգով, իրականացվելու է մեկ մարզի դպրոցներում, բայց թե ինչն է փորձարկում կառավարությունը` պարզ չէ: Այն, թե կկարողանա՞ն արդյոք երեխաներն ուտել բուլկին եւ խմել կաթը, թե կկարողանա՞ արդյոք պետբյուջեն ապահովել օրական 140 դրամ տարրական դասարանների երեխաների համար: «Սա ազգային ռազմավարության ծրագրով է նախատեսված եւ շարունակությունն է Պարենի համաշխարհային ծրագրի,- ասում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության զարգացման ծրագրերի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:- Վայոց ձորը փոքր մարզ է, առայժմ կսկսենք այնտեղ, տեսնենք, թե հետո ինչպես ենք իրականացնելու, տարածելու մյուս բոլոր մարզերով»: «Կաթը գյուղերում, մարզերում խնդիր չէ, եւ մարդիկ ավելի հագուստի, կոշիկի կարիք ունեն: Ազգային ռազմավարության ծրագրով նախատեսված չի՞ երեխաներին կոշիկով կամ հագուստով ապահովելը»,- հարցրինք զարգացման ծրագրերով զբաղվող պաշտոնյային: «Դա ուրիշ խնդիր է, տվյալ դեպքում խոսքը տարրական դասարանների երեխաներին կանոնակարգված եւ սննդարարությամբ ապահովված սննդով ապահովելու մասին է: Դա նվազագույնն է, որ պետությունը տալիս է երեխաներին»: Նվեր կաթն ու բուլկին, որը մատուցվելու է երեխաներին (ի դեպ, Աշոտյանը հաշվի չի առել, որ երեխաների մեծ մասը կաթ չի սիրում), օրական 140 դրամ է տանելու պետական բյուջեի միջոցներից: Ինչեւէ, այս ամենը շուտ չեն պարզի, քանի որ կաթի ու բուլկու ծրագիրն սկսելու է իրականացվել հունվարից հետո, իսկ առայժմ նախապատրաստական աշխատանքներ են գնում, եւ պարզ չէ, թե հատկապես որ կազմակերպությունն է մատակարարելու երեխաների կաթն ու թխվածքը: Խորհրդային ժամանակից շատերս հիշում ենք «կորժիկն» ու կաթը, որը բուֆետից բերում էին դասարան, եւ ուսուցչուհին սկսում էր բաժանել ուղղակի դասի ժամանակ, իսկ երեխաներն ուրախանում էին, որ դաս անելու փոխարեն մի քանի րոպե այլ բանով կզբաղվեն: Այն ժամանակ պետությունը սա անում էր անաղմուկ: Առհասարակ, այն ժամանակ պետական պաշտոնյաները համեստ էին: Ընդունված չէր նախարարներին հեռուստացույցով ցույց տալ: Պետք է երեւային միայն հասարակ մարդիկ, իսկ նախարարները, որպես կանոն, չէին «փիառ»-վում, հատկապես սոցիալական թեմաների շրջանակներում:



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ