«Սիրտ և նիզակ» կամ` մի հատ չգնա՞նք Ռուբենսի թանգարան

«Սիրտ և նիզակ» կամ` մի հատ չգնա՞նք Ռուբենսի թանգարան

Բելգիայում ապրող եւ համայնքային կազմակերպություն վարելու շնորհիվ հայերի շրջանում հեղինակություն վայելող մեր հայրենակցի  պատմածի հիման վրա, ում անունը չենք հրապարակում` ելնելով  իր իսկ անվտանգության նկատառումներից, մեր ընթերցողին ներկայացնենք  հետաքրքրաշարժ դրվագներ հայաստանյան ճաշակի որոշ յուրահատկությունների մասին: Պարզվում է, Բելգիայում` Անտվերպենում, որն ադամանդի առեւտրի համաշխարհային կենտրոններից է, թանկարժեք քարերի աճուրդներ են կազմակերպում, որոնց կանոնավոր հաճախում են պաշտոնյաների տիկնայք եւ սիրուհիները: Մի քանի կարատանոց ադամանդները նրանք ձեռք են բերում եւ կրելու, եւ բիզնեսի համար:  Բայց բանը միայն դրանց խոշոր լինելը չէ. այդ ադամանդները հատուկ տաշվածքի են, մասնագիտական անվամբ` «Սիրտ եւ նիզակ»: Դրանք հատուկ տեխնիկայով պատրաստվում են միայն Հոնկոնգում, եւ դրանց հիմնական շուկան Ճապոնիան է: Այդ տաշվածքի հմայքն այն է, որ հատուկ նշան է դաջվում՝ մի կողմից սիրտ, հակառակ կողմից` նիզակ:



Անտվերպեն քաղաքի  Վեստինգստրատ փողոցում է գտնվում լիբանանահայ «բարոն» Վիգենի ադամանդի խանութը` «Սիրտ եւ նիզակ» անվամբ: Աշխարհի մեծահարուստները, հիմնականում արաբ մուսուլմաններ, հնդիկներ, ռուս մաֆիոզներ եւ նորահայեր, նախընտրում են հենց այս խանութից գնումներ անել: Մեր «բիրդան աղաները»` իրենց օրինական կամ «սրտով սիրած» կանանց հետ միասին,   ոչ միայն գնումներ են անում «Սիրտ եւ նիզակից», այլեւ հաճախում են այդ աճուրդներին: Եվ, ի դեպ, այնքան անամոթ են, որ չեն ամաչում աճուրդի գնալիս իրենց այցեքարտերը տալ: Մեր աղբյուրի ձեռքի տակ է նման այցեքարտերի մի ամբողջ հավաքածու` հասարակության լայն շերտերին հայտնի շատուշատերի կանանց եւ «Ամուրի»՝ «նիզակով խոցված սրտերի» տիրուհիների: Մեր հայտնիները հաճախ ուղեկցում են իրենց սրտի թագուհիներին, քանի որ կասկածում են, թե կանայք այնքան էլ բարձրաճաշակ չեն ու, գործից չհասկանալով, սխալ ընտրություն կանեն: Նրանք ծպտված` ծակված ջինսե տաբատներով, կեպի-մեպի դրած, գալիս են աճուրդի: Երբեմն աճուրդների ուղարկում են հատուկ բրոքերներին: Եվ մի նրբություն էլ. եթե հայտնի մեկի սիրուհին ժամանում է Բելգիա, «ախպերության» կողմից նվեր են առնում հատուկ «Սիրտ եւ նիզակից»:  Իսկ ժամանում են առանձին՝ սիրուհիները մի ինքնաթիռով, իրենք՝ մյուս: Հետո Բելգիայում «ընտանիքի միավորում» է տեղի ունենում:



Ադամանդներ ձեռք բերելու նպատակով Բելգիա եկած հայերն անպայման այցելում են Անտվերպեն`  իբր որպես արվեստի գիտակ ու սիրահար: Իսկ «Գնում ենք Ռուբենսի թանգարան» արտահայտությունը գաղտնաբառի նշանակություն ունի. բոլորը գիտեն, որ ասողն իրականում գնում է ադամանդի «որսի»:  Այդպես «Ռուբենսի թանգարան» էր եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` Սաշիկի որդու հարսանիքին ընդառաջ, հավանաբար, թանգարանային արժեք ունեցող խոշոր ադամանդ գնելու նպատակով: Հետո, «Ռուբենսի» տպավորության տակ, քեֆը լավացրել էր ու մարդկանց ուղեկցությամբ մի կերպ հասել ինքնաթիռ: Ինչ անենք, թե չարտերային թռիչքը թանկ հաճույք է, եւ հարկատուների քթից է դուրս գալու  գումարը, «զատո» մարդը հարբել է «Ռուբենսի արվեստից»:



Մեր աղբյուրի փոխանցմամբ, ամենաթարմ գնորդները եղել են «Եվրոստան ույուտի»  Մանվել Բադեյանի եւ անշարժ գույքի շուկայում հայտնի, մյուս զավակի գծով Ռ. Քոչարյանի խնամի Մարինա Չատինյանի զավակների հարսանիքին հրավիրյալները: Էլիտար այդ հարսանիքին նվերներ ընտրելու նպատակով  Հայաստանից ոմանք հասել են Բելգիա եւ «բարոն» Վիգենի խանութից գնումներ արել: Այսինքն` որպես խորը հարգանքի ու նվիրվածության նշան, մեր մեծահարուստներն այլեւս այս խանութից են նվեր գնում հայկական էլիտային: Բացի դա, «բարոն» Վիգենը հուսալի գործընկերոջ համարում ունի եւ  չի բացահայտում շատ հայտնիների ադամանդե տենդի գաղտնիքները: Ասենք ավելին. նա նպաստում է որոշ շրջանակների միջեւ գործարար կապերի հաստատմանը: 



 Ի դեպ, մեր «բիրդան աղաները», հավանաբար, տեղյակ չեն, որ «Սիրտ եւ նիզակ» խանութի փողոցն ամբողջությամբ տեսանկարահանվում է Բելգիայի հատուկ ծառայությունների կողմից:



 



Հայկ  ՆԱՀԱՊԵՏՅԱՆ