Սեւ հումոր

Սեւ հումոր

Եթե փորձենք դասակարգել երեկ մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները, ապա պետք է օգտագործենք «խառնաշփոթ», «անտեղյակություն», «իրարամերժ կարծիքներ», «շոկ», անգամ «մանթրաժ» բառերը: Նրանք, ովքեր ի պաշտոնե պետք է տեղեկացված լինեին այս որոշմանը՝ Մաքսային միությանն անդամագրվելու մասին, կամ խուսափում էին կարծիք հայտնելուց, կամ փորձում էին ձեւանալ, թե ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, մենք շարունակում ենք գնալ նույն ճանապարհով, եվրոպական «դուռը» դեռ փակ չէ մեր առաջ, սա ընդամենը ճկուն արտաքին քաղաքականության հերթական դրսեւորումն է՝ իրենց առաջնորդի եւ նրա թիմի հանճարի արդյունք: Այսպես կոչված՝ «կոմպլեմենտար» քաղաքականության կամ «եւ... եւ»-ի հերթական հաղթանակը: Նրանք, ովքեր որեւէ պատասխանատվություն չեն կրում այս որոշման համար եւ հակված են իշխանության քայլերի մեջ միայն բացասական բան տեսնել, երեկ անխնա քննադատում էին Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած հայտարարությունը եւ «ասում էի, չէ՞...» բանաձեւով խելոք-խելոք մտքեր հայտնում, դատապարտում հայտարարությունը: Ամենաակտիվ քննարկողներն ու քլնգողները, անշուշտ, «Ֆեյսբուքում» «ապրող» մասսան էր, որտեղ գերակշռողը հումորն էր, հիմնականում՝ սեւ: Կատարվածը Լենինի աֆորիզմների ոգով բնորոշում էին. «Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ»: Հիշել էին ռուս գեղեցկուհիներին, իսկ «Հայլուրի» լոգոյի փոխարեն դրել էին «Վրեմյայի» նշանը: Մեկը գրել էր. «Լավ է, հասցրեցի անկախ Հայաստանի բանակում ծառայել», մյուսը՝ «իսկ 3 ռուբլիանոցի վրա մեր Աբգար թագավորի նկարը կլինի՞»: «Սրանից հետո ամառային հանգստի համար ոչ մի Բադեն-Բադեն, միայն Ուրյուպինսկ»: Ռուսն ասում է. ծիծաղ՝ արցունքների միջից: Հումորն օգնում էր հաղթահարել շոկը: Բայց տագնապն ու հուսահատությունը հումորով չեն հաղթահարվի:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ