Սովորաբար որեւէ քաղաքակիրթ երկրի դեսպան նշանակում են…

Սովորաբար որեւէ քաղաքակիրթ երկրի դեսպան նշանակում են…

Լիլիթ Սիմոնյանը գրում է. «Սովորաբար որեւէ քաղաքակիրթ երկրի դեսպան նշանակվում են արտաքին հարաբերությունների մասնագետներ՝ դիվանագետներ: Երբեք հայտնի չէ նրանց քաղաքական կողմնորոշումը: Ճիշտ այնպես, ինչպես հայտնի չէ ոստիկանության ու զինվորականության քաղաքական կողմնորոշումը: Սրանք բոլորը ներկայացնում են Պետություն, իսկ Պետությունը վերկուսակցական համակարգ ու հասկացություն է: Առավել եւս հարկ չկա, որ դեսպանը հայտարարի, թե ընդունել է պաշտոնը, որովհետեւ «համաձայն է երկրի նախագահի ու արտաքին գործերի նախարարի վարած արտաքին քաղաքականության հետ», որովհետեւ, հակառակ դեպքում, պարզապես անհասկանալի կլինի, թե ինչու է համաձայնել դեսպանի պաշտոնին: Սովորաբար, քաղաքակիրթ երկրներում դեսպանները, լինելով դիվանագիտական շրջանակի պաշտոնյաներ, առանձնապես իրավունք չունեն համաձայնել կամ չհամաձայնել իրենց նշանակման հետ: Սրանք պետական պաշտոնյաներ են, որոնք որեւէ հարաբերություն չունեն իշխանության հետ: Անձնական հարաբերություն նկատի ունեմ: Իմիջիայլոց, դեռեւս տարիներ առաջ, երբ Ֆրանսիայի նախորդ նախագահ Սարկոզին ստեղծեց «բաց» կառավարություն, որտեղ ընդգրկեց ընդդիմադիր նախարարների, ամենեւին դեսպանների վրա չկենտրոնացավ, որովհետեւ, կրկնում եմ, նրանք՝ ուզած-չուզած, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումից, կատարում են երկրի, կառավարության որոշած արտաքին քաղաքականության վերաբերյալ հրահանգները: Ինքնուրույն չեն:



Հիմա ոմանք նորից կսրտնեղեն երկար-բարակ գրառումիս համար, բայց երեւի ժամանակն է, որ մեկընդմիշտ իմանանք օրենքն ու կերպը: Ուրեմն՝ այսքանն իմանալուց հետո ընդհանրապես անհասկանալի, բայց եւ շատ «հայկական» է մնում Հայաստան գաղութի վերջին դեսպանացուների ստեղծած ՀՅԴ կուսակցության հայտարարություններն այն մասին, թե իրենք, նույնիսկ դեսպաններ ունենալով, նույնիսկ համաձայնելով Սերժիկ Սարգսյանի ու Էդվարդ Նալբանդյանի վարած արտաքին քաղաքականության հետ, մնում են ընդդիմություն: Այսինքն, հնարավո՞ր է Հայաստանի՝ Մաքսային միության մեջ մտցնելուն համաձայնելով, հայ-թուրքական ձախավեր արձանագրություններն ստորագրելով, հայաթափման ռուս-թուրքական ծրագիրն իրականացնելով՝ լինել ընդդիմություն: Ենթադրում եմ, որ հնարավոր է, բայց այդ դեպքում մեկ ճշտում անպայման հարկավոր է անել: Սրանք եւ սրանց նման «ընդդիմությունները» հայ ժողովրդի ու Հայաստանի դեմ են ընդդիմություն: Եվ, հավանաբար, ժամանակն է վերջնականապես հասկանալու այս պարզ իրողությունը, որովհետեւ, հակառակ դեպքում, «հուսահատությունները» խոշորանալու են ու հիմնովին կոտրեն մեր մեջքը»: