Տրանսպորտի ուղեվարձի ձևավորման հանձնաժողով կստեղծվի

Տրանսպորտի ուղեվարձի ձևավորման հանձնաժողով կստեղծվի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր որոշում է կայացրել նոր հանձնաժողովի ձևավորման մասին: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, որոշման մեջ ասվում է.



Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 25-ի NN 3722-Ա և 3723-Ա որոշումների կատարումն ապահովելու նպատակով.





  1. Ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:


  2. Հանձնաժողովի նախագահին` ապահովել.




1) Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման, այդ թվում` չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկումը.



2) խնդրի առնչությամբ հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ համակողմանի և լիարժեք տեղեկատվության տրամադրումը.



3) քննարկման արդյունքներով համապատասխան առաջարկությունների ներկայացումը Երևանի քաղաքապետին:





  1. Սահմանել, որ.




1) հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հաջորդ նիստերը` ըստ անհրաժեշտության.



2) հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են անդամների առնվազն կեսը.



3) քննարկվող հարցերի շուրջ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` ներկա մասնակիցների ձայների մեծամասնությամբ:





  1. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել հանձնաժողովի նախագահի վրա:


  2. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ