Իմ խիղճը մաքուր է

Իմ խիղճը մաքուր է

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր պաշտոնավարման տարիներին էմոցիոնալ պոռթկումներ էր ունենում, երբ լրագրողները հարցեր էին տալիս ինչպես իր ղեկավարած համակարգի, այնպես էլ իր անձի եւ հատկապես շան դնչկալի պատճառով ՀԱԿ ակտիվիստների ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին: Իսկ այս միջադեպը չնայած 2008 թվականից  ընդդիմադիր ակտիվիստների  ու ոստիկանների միջեւ եղած բախումներից առաջինը չէր, բայց այդ մեկի դեպքում Ալիկ Սերգեյիչն առանձնապես դաժան գտնվեց, ու Տիգրան Առաքելյանը երկու տարուց ավելի ժամկետով փակվեց ճաղերի ետեւում: Երբ ասուլիսներից մեկի ժամանակ հարց հնչեց Տիգրան Առաքելյանին ապօրինի ազատազրկելու մասին, Սարգսյանն իրեն բնորոշ հախուռն կերպով պոռթկաց, թե նա «անշնորհակալ կենդանակերպ է», մեկ անգամ արդեն նրա համար միջնորդել են՝ ազատ է արձակվել, իսկ այս անգամ ինքը  հանդիպել է գործին առնչվող ոստիկանների հետ, զրուցել եւ… մի խոսքով՝ ոչ մի ներում: Սակայն Տիգրան Առաքելյանի բանտում հայտնվելուց ամիսներ անց պարոն Սարգսյանը հրաժեշտ տվեց իր բարձր պաշտոնին: Երեկ դատարանը, համաներում կիրառելով, վերջապես ազատ արձակեց Առաքելյանին: Ինչպե՞ս է ընդունել այս փաստը նախկին ոստիկանապետը:



- Պարոն Սարգսյան, Տիգրան Առաքելյանի ազատազրկումն ասոցացվում էր Ձեր անձի հետ, նա արդեն ազատության մեջ է: Ուրա՞խ եք:



- Ախր, ես ի՞նչ կապ ունեմ այդ միջադեպի հետ, դա  քրեորեն պատժելի արարք է եղել, բոլոր ատյաններով անցել է, մտել դատարան, մարդը դատվել է:  Կարո՞ղ եք նշել իմ կապն էդ դեպքի հետ, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ, մեկնումեկն ի վերջո գրելու ու վերլուծելո՞ւ է, որ ես կապ չունեմ այդ միջադեպի հետ:



- Գլխավոր կապն այն էր, որ Դուք ոստիկանապետն էիք, եւ Ձեզնից կախված էր այդ գործի ընթացքը:



- Հետո ինչ, որ ես ոստիկանապետն էի, ես ի՞նչ կապ ունեմ հարուցված քրեական գործի ընթացքի հետ: Բայց եթե իմ փոխարեն ուրիշ ոստիկանապետ լիներ, կարո՞ղ է ուրիշ բան ստացվեր: Ես նրան ոչ ճանաչել եմ, ոչ տեսել, հետը կյանքում գործ ունեցե՞լ եմ, որ վրեժխնդիր լինեմ: 



- Այնուամենայնիվ, ուրա՞խ եք, որ արդարացվեց ու ազատ արձակվեց:



 - Ցանկացած ազատ արձակվողի համար ուրախ եմ, ո՞նց կարող եմ դրա համար տխրել, իմ խիղճը մաքուր է:



- Պարոն Սարգսյան, օրերս ազատության մեջ հայտնվեց  նաեւ Ձեր նախկին ենթակա, ՃՈ պետ Մարգար Օհանյանը: Զանգե՞լ եք, զրուցե՞լ եք հետը:



 - Ի՞նչ խոսեմ, ինչի՞ մասին, ես խոսելու առանձնապես թեմա չեմ տեսնում, ինչի՞ մասին քննարկենք: Առիթ լինի՝ կխոսենք:



- Իսկ չե՞ք հոգնել նախագահի խորհրդականի պաշտոնից, առավել եւս, որ այն համարվում է թոշակառուի պաշտոն:



- Ոչինչ, ոչինչ, նորմալ է, ես չեմ հասցրել ձանձրանալ:



- Պարոն Սարգսյան, երբ ոստիկանապետ էիք, եռանդով լծվել էիք եվրոոստիկան կերտելու գործին, փորձում էիք հասարակությանն ապացուցել, որ մեր օրերի ոստիկանի հոգեբանությունը տարբերվում է սովետական միլիցիայից:  Մաքսային միությանն անդամագրվելու որոշումն արդյո՞ք ջուրը չի լցնելու եվրոոստիկան կերտելու այդ «տիտանական աշխատանքը»:



- Չէ, չեմ կարծում, ինչո՞ւ հենց անպայման եվրոոստիկան, ժամանակի պայմաններից բխող, նորմատիվներից բխող առաջադեմ ոստիկաններ ունենք, ի՞նչ պարտադիր է եվրոոստիկան լինի: Ձեզ թվում է, թե ես եվրոոստիկաններին գովաբանելու նկատմամբ մոլո՞ւցք ունեմ:  Ինչ վերաբերում է սովետական միլիցիային, ո՞վ ասեց, որ  վատ է: Ես այդ կարծիքին չեմ: Սովետական միլիցիան հզոր կառույց էր, շատ հզոր: Ես ինքս եղել եմ այդ համակարգում, ամենաներքեւից եկել-հասել եմ…



- Հիմա,  երբ հետ եք նայում Ձեր ոստիկանապետ եղած ժամանակներին, ամենաշատն ինչի՞ համար եք զղջում:



 - Ես ոչ մի բանի համար չեմ զղջում կամ փոշմանել, ես շատ ճիշտ եմ աշխատել, իմ օրոք շատ բարեփոխումներ են տեղի ունեցել, ամենակարեւորը՝ մարդկային ֆակտորը միշտ բարձր է եղել, միշտ պահպանվել է: Շատ մարդկային հարաբերություններ են եղել, ժամանակն ամեն ինչն իր տեղն է գցում, ովքեր էլ որ իրենց սառն են դրսեւորում, ես չեմ նեղանում, ժամանակի ընթացքում ինքնըստինքյան հարթվում է:  Բայց ես իմ կոլեգաների հանդեպ շատ մարդկային եմ եղել: Չէ, մանավանդ հիմա ոչ մի բանի համար չեմ զղջում:



- Իսկ դա գնահատվե՞լ է, հիմա, երբ տեսնվում եք, ջերմ բարեւո՞ւմ են, նույնքան մարդկայի՞ն են, երբեւէ զանգո՞ւմ են Ձեր որպիսությունը հարցնելու:



 - Զանգում էլ են, շփվում էլ են, նորմալ է, ես առանձնապես չեմ ուզում ինչ-որ մեկի հետ հատուկ շփվեմ, մարդիկ թող աշխատեն, ես ինքս չեմ ուզում որեւէ մեկի հետ հատուկ ընդգծված մոտիկ լինեմ: 



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]