Ապրել 102 տարի` 100 տարի աշխատելու համար

Ապրել 102 տարի` 100 տարի աշխատելու համար

Պատմում է կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանը



 



ԲԱԶԵ` ՆԱԵՎ ԱՆՁՆԱԳՐՈՎ






13 տարեկան էի. մի ընկեր ունեի, ում եղբայրը նկարներ էր տպում, մի օր հարցրի` ինչպե՞ս են դրանք պատրաստում, ասեց` քո խելքի բանը չէ: Չնայած դրան՝ մի փոքր պլաստիկե կամերա վերցրի ու սկսեցի նկարել: Բայց քանի որ հենց ամենասկզբից լուսանկարչության դռները փակեցին իմ առաջ, ոչ մեկին հարց չեմ տվել, կամաց-կամաց ինքնուրույն սկսեցի լուսանկարել: Ինչու Բազե՝ որովհետեւ այդ թռչունը շատ եմ սիրում, համարյա միեւնույն բնավորությունից ենք, լավ աչք ունեմ, սիրում եմ թռնել, սիրում եմ ազատությունը: Այդ ժամանակ Ջիմի անունով մի աղջիկ կար, ում հետ գրվում էինք, մի օր ասեց` Հրայր Խաչերյան շատ երկար է, մի հատ ծածկանուն ընտրի, ես էլ Բազե ստորագրվեցի, ու այդպես անունս մնաց Բազե: Երբ 82-ին գնացի Ամերիկա՝ օդաչու դառնալու, փաստաթղթերը լրացնելու ժամանակ ասեցին՝ անունդ ի՞նչ է, ասեցի` Բազե, բայց քանի որ անձնագրիս մեջ չկար գրանցված, դրանից հետո անձնագրիս մեջ էլ ավելացավ: Հիմա պաշտոնական բոլոր փաստաթղթերիս մեջ, այդ թվում անձնագրիս մեջ, գրված է երկրորդ անունս` Բազե: Ուսումս ավարտելուց եւ օդաչուի որակավորում ստանալուց հետո որոշեցի հետ վերադառնալ Լիբանան: Բայց այն ժամանակ պատերազմ էր, շատ վատ էր վիճակը, ու չկարողացա որպես օդաչու աշխատել: Մոտ մի տարի կոշիկ վաճառեցի, փող հավաքեցի, օդանավի տոմս առա ու էլի գնացի Ամերիկա, իսկ մի քանի ամիս անց տեղափոխվեցի Կանադա, որտեղ էլ մինչ օրս ապրում եմ: Բայց այդ ընթացքում միշտ նկարել եմ, երբ թռնում էի` օդանավից նկարում էի, նույնիսկ իմ թռիչքի ծախսերի մի մասն արածս նկարներով էի աշխատում ու հասկացա, որ լավ արվեստ է եւ կարող է քեզ նաեւ կերակրել:



 



ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ԵԿԵՂԵՑԻ






Առաջին նկարներս եղել են դպրոցական ընկերներիս լուսանկարները, դա էր իմ հետաքրքրությունը: Հետո սկսեցի նկարել պատերազմի, պայթած ռումբերի հետքերը Լիբանանի պատերի վրա: Շատ էի սիրում բնություն նկարել, երբ գնացի Ամերիկա, օդանավից էի նկարում, դա էլ բոլորովին ուրիշ նորություն էր ինձ համար, հետո սկսեցի nude (մերկ) նկարել, Արցախյան շարժումը, Արեւմտյան Հայաստանը, եւ զուգահեռաբար բոլոր սիրած թեմաներս գնացին առաջ: Հիմա այդ նկարածների արդյունքը 11 գիրքն է: Վերջին գիրքս «Մեկ ազգ, մեկ եկեղեցի»-ն է` 42 երկրների հայկական եկեղեցիների մասին պատմող 360 էջանոց ալբոմ, որի վրա մոտ 20 տարի եմ աշխատել: Գրքի շնորհանդեսն արդեն արվել է Չիկագոյում, Բոստոնում, Նյու Յորքում, դեկտեմբերին նախատեսված է անել Կանադայում, իսկ Հայաստանում գրքի շնորհանդեսն ու ցուցահանդեսը կլինեն հաջորդ տարի:



 



ՀԱՐՑՐԻ՝ ՂԱՐԱԲԱՂՆ Ի՞ՆՉ Է, ԱՍԵՑԻՆ` ՀԱՅԵՐ ԵՆ ԱՊՐՈՒՄ






88-ին, երբ շարժումն սկսվեց, Մոնրեալի հայ գաղութը «Ղարաբաղը մերն է» կոչերով ցույց արեց Մոնրեալի Սովետական Միության դեսպանատան առաջ: Այդ ժամանակ հարցրի՝ Ղարաբաղն ի՞նչ է, ասեցին` հայեր են ապրում, ասեցի՝ տեսե՞լ եք, ասեցին` ոչ: Դրանից հետո մեջս հետաքրքրություն զարթնեց, որ գամ ու տեսնեմ: Առաջին անգամ Հայաստան եկա 92-ին, պատերազմ էր, 3 օր հետո գնացի Շուշի ու ծանոթացա մարտիկների հետ, որոնք ինձ ընկերակցեցին ու ցույց տվեցին տարածքը: Այդտեղ Լեւոն անունով 60 տարեկան մի մարդ ինձ Արցախի հուշարձանների մասին գիրք նվիրեց, ու եկեղեցիների առաջին լուսանկարս արել եմ Մարտունիում: Այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց, այդ մարդը կարծես հատուկ առաքելություն դրեց իմ մեջ: Կյանքում ոչինչ հենց այնպես չի պատահում, միշտ լինում է այն, ինչ պետք է լիներ: Այդ տարիներին շատ լավ մարդկանց հանդիպեցի Արցախում, որ ինձ «ինձ» դարձրին, հասկացա, թե ինչ է նշանակում կռվել, ազատագրել, պահպանել մշակույթ եւ երկիր: Երբ վիրավորված զինվորները մի քանի օր հետո նորից գնում էին դիրքերը, այդ ժամանակ շատ մեծ հարգանք առաջացավ մեջս դեպի այդ շարժումը, այդ տղերքը, ովքեր զոհվեցին: Ու եթե այսօր նստել ազատ, անկախ զրուցում ենք, դա ի շնորհիվ իրենց է:



 



ԽՐԱՄԱՏԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱ ՈՒ ՏԱՔՍԻ ԿԱՆՉԵՑԻ






Պատերազմ չսիրեցի նկարել, որովհետեւ չեմ սիրում մահ տեսնել: Լիբանանում ահագին տեսել եմ այդ պատերազմից, 14 տարեկան էի, երբ պատերազմն սկսվեց, ու մինչեւ 21 տարեկան տեսել եմ այդ պատերազմն ու դրա հետեւանքները: Բայց եկա Արցախ ու ականատես եղա, թե ոնց են հայրենիք պաշտպանում, դա կարեւոր տարի էր ինձ համար: Առաջին ալբոմս էլ, որ տպվեց, նվիրված է Արցախի ազատագրմանը, բնությանը, ժողովրդին ու ճարտարապետությանը: Հիշում եմ՝ գնացել էի Մարտակերտ, առավոտ էր, տղերքը նախաճաշ էին անում, ես էլ նկարում էի իրենց: Հանկարծ ռումբ ընկավ մեր մոտակայքում, բոլորս վազեցինք-մտանք մի խրամատի մեջ, բայց հաջորդ ռումբն ընկավ մեզնից ընդամենը մի մետր այն կողմ, երբ ես վիդեո էի անում: Հենց այդ պայթյունն ավարտվեց, դուրս եկա խրամատից ու տաքսի կանչեցի: Հիմա արդեն ծիծաղալու է, որովհետեւ պատկերացնելն անհնար է, թե այդ պահին, պատերազմի դաշտում, տաքսի որտեղից պետք է լիներ: Բայցեւայնպես, հրամանատարները 5 լիտր բենզին տվեցին, մի կերպ հասանք Ստեփանակերտ, բայց այստեղ էլ հանկարծ օդանավեր անցան ու սկսեցին շարիկային ռումբեր գցել: Պաշտպանվելու համար մեքենայից դուրս ցատկեցինք, ու առաջին բանը, որ տեսա առաջս` հազիվ 6 սմ հաստության բարակ ծառն էր: Վազեցի ու այդ ծառի հետեւը թաքնվեցի, իբրեւ պաշտպանություն: Ի վերջո հասանք Շուշի, որտեղ մնում էինք, բայց այստեղ էլ տեսանք, որ մեր սենյակում, ուր մնում էինք, ռումբ էր ընկած: Այդ մեկ օրվա մեջ 3 անգամ փրկվեցի մահից, ու հետաքրքիր է` երեւի պիտի ապրեի, որ հասցնեի այս ամբողջը լուսանկարների միջոցով: Մի քանի տարի առաջ Արցախի կառավարությունը, որպես նվեր, ինձ տրամադրեց մի տարածք, ասեցի` շնորհակալ եմ, բայց չեմ ուզում բնակարան սարքել, մտածում եմ լուսանկարչական դպրոց բացել: Քանդված 2 հարկանի շենք է, որ կտուր էլ չունի, ուզում եմ դա վերանորոգել եւ երկու տարին մեկ 6 աշակերտների պրոֆեսիոնալ լուսանկարիչ դարձնել, բայց դա մեծ բյուջեի կարիք ունի, եթե մի բարերար հայտնվի, ով գոնե շենքի հոգսերն իր վրա վերցնի, ես էլ գոնե կկենտրոնանամ լուսանկարչական դպրոցի վրա:



 



ՓՐԿՈՒԹՅԱՆ ՈՒԽՏ






93-ին, երբ վերադարձա Կանադա, ցուցահանդես արեցի ու ցուցադրեցի Արցախում արված լուսանկարներս: Բայց ցուցահանդեսը չավարտած՝ արդեն ինձ վատ էի զգում: Մի օր էլ լուսանկարչական խանութում ուշքս գնաց, հիվանդանոցում արդեն բժիշկն ինձ ասեց, որ 10 օրից կմահանամ: Այդ ժամանակ էր, որ ուխտ արեցի. սենյակում` անկողնուս դիմաց, մի հատ խաչ կար, ասեցի. եթե փրկվեմ, կգնամ հայկական եկեղեցիներ կնկարեմ: Այդ պահին չհասկացա, թե ինչու այդ ուխտն արեցի, որովհետեւ ոչ մի նախապատրաստություն չունեի: Հիմա` տարիներ անց, կատակով ասում եմ. երանի մի հատ ոչխար մորթեի, մի քանի հարյուր դոլարով պրծնեի, քան թե կուտակեի 44 երկրների ծախսերը: Բայց հասկացա, որ դա հատուկ ուխտ էր, որից պատմական շատ կարեւոր գիրք դուրս եկավ` «Մեկ ազգ, մեկ եկեղեցի»-ն, որն իրենից ներկայացնում է 42 երկրների հայկական եկեղեցիների մասին պատմող ալբոմ: Հետո այդ ընթացքում ինձ համար էլ շատ հետաքրքիր էր տեսնել հայության հույսը, հավատքը, ու թե ոնց են համախմբվում եկեղեցու շուրջ: Նկատել եմ` հայերն ուր գնում են, առաջին կառույցներից մեկը, որ սարքում են, եկեղեցին է:



 



ՀԱՍԿԱՑԱ` ԿՅԱՆՔԸ ՇԱՏ ԿԱՐՃ Է






Երբ բժիշկն ասեց 10 օրից կմահանաս, առաջինը մտածեցի, որ 3 եւ 4 տարեկան աղջիկներ ունեմ, ո՞նց եմ իրենց թողնելու, իրանց առջեւ դեռ պարտավորություններ ունեմ: Մի խոսքով դա մեծ մարտահրավեր էր ինձ համար, որովհետեւ կյանքի հանդեպ սերն ավելացավ ու ուժ կուտակվեց մեջս: Այդ դեպքից հետո հասկացա, որ կյանքը շատ կարճ է ու ոչ մի բան չեմ արել այս կյանքում: Հարսանիք էի նկարում, շրջանակներ պատրաստում, սովորական առօրյա աշխատանք` ոչ սերունդների համար: Դրա համար այդ հիվանդությունը մի կողմից էլ ես լավ հիվանդություն եմ կոչում, որովհետեւ ինձ դեպի լավը տարավ, առիթ տվեց, որ կյանքը ավելի լավ հասկանամ, ավելի լավ ապրեմ: Հետո շատ ջղայն, նյարդային մարդ էի, հիվանդությունից հետո դարձա շատ հանգիստ, ազատ, հիմա անգամ լուրերը չեմ նայում եւ ավելի կենտրոնանում եմ կյանքը լիարժեք ապրելու վրա, գնահատում եմ այդ վայրկյանները եւ փորձում եմ փոխանցել շրջապատի մարդկանց:



 



ԵՐԳԻՐ. ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ






Երբ երեխա էի, մեծ մայրիկս միայն թուրքերեն էր խոսում, ամեն օր դպրոց գնալիս բարի լույս էի ասում, ինքը թուրքերենով էր պատասխանում, ես էլ ասում էի` մեծ մայրիկ, դու թուրք ես, հայ չես: 97-ին, երբ առաջին անգամ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի հետ գնացինք Արեւմտյան Հայաստան, միանգամից լեզուս բացվեց, այդ ժամանակ հասկացա, որ մեծ մայրիկս ականջս լցրել էր այդ բառերը ու պատրաստում էր ինձ այդ ուղեւորությանը: Սկզբում շատ դժվար էր, երբ հարցնում էինք՝ որտե՞ղ է եկեղեցին, մեզ քարկոծում էին, հետո, տարիների ընթացքում, փոխվեց իրենց մտածելակերպը: Հիմա, երբ հարցնում ենք՝ որտե՞ղ է հայկական եկեղեցին, ասում են՝ ո՞ր մեկը: Թուրքերը միշտ են եղել դիվանագետ ու հասկացել են դիվանագիտության արժեքը: Ու երբ հիմա թույլատրում են գնալ-լուսանկարել գյուղերը, վանքերը, դա իրենց համար դրական պրոպագանդայի եւս մի միջոց է: Չնայած Խծկոնքի 5 եկեղեցիները պայթացրել են, Սուրբ Սարգիսը հազիվ կանգուն է, Սուրբ Կարապետը գրեթե լրիվ ոչնչացրել են, Մշո Սբ. Առաքելոցը ռումբով պայթացրել են, բայց հիմա հասկացել են, որ դա նաեւ իրենց հարստությունն էր, որը կարող էր իրենց օգտին աշխատել, եւ դրա համար կամաց-կամաց սկսել են եկեղեցիներից հանած խաչերը նորից տեղը դնել, նորոգել, տարին մեկ անգամ թողնել պատարագ արվի: Դա արդեն պատմականորեն կարեւոր առաջխաղացում է: Իսկ մեզ համար էլ շատ կարեւոր է առնվազն լուսանկարներով այդ տարածքների հարստությունները հավաքել մի տեղ, որ բոլորը կարողանան այդ լուսանկարներն օգտագործել իրենց հետազոտական աշխատանքներում: Արեւմտյան Հայաստանի մասին արդեն 2 գիրք եմ պատրաստել` «Երգիր 1», «Երգիր 2»: Հիմա աշխատում եմ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված գրքի վրա, որը կլինի 512 էջանոց մեծ հատոր` ընդգրկելով Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի ամբողջ գավառները, գյուղերը, բնությունը, եկեղեցիները եւ այնտեղից եկած գանձերը` գորգեր, սկիհներ, ձեռագրեր, մեր մշակութային ժառանգությունը, քանի որ մենք քանդող ժողովուրդ չենք, այլ՝ ստեղծագործ: 100-ամյակին նվիրված գիրքը կլինի հաջորդ տարի եւ կկոչվի շատ պարզ` 100:



 



ԱՊՐԻԼԻ 24






Մի անգամ ապրիլի 24-ին պատմական Արծափ գյուղում էինք, որտեղ տապանաքարեր, խաչքարեր կան: Մի քուրդ, երբ մեզ տեսավ առաջացավ ու ասեց` այսօր ապրիլի 24-ն է, պետք չէր, որ դուք այսօր այստեղ լինեիք: Այսինքն իրենք  գիտակցում են, որ ցեղասպանություն է եղել ու ապրիլի 24-ն ինչ օր է հայերի համար: Հետո երբ գնացինք Անի, մի թուրք լրագրող մոտեցավ նույն բանն ասեց, ու ցանկություն հայտնեց ինձնից հարցազրույց վերցնել: Վերջում հարցրեց` եթե մի ցանկություն ունենայիր ի՞նչ կանեիր, ես էլ ասեցի 1000 տարի առաջ կնայեի ու կնկարեի հայկական մայրաքաղաքները, թե ոնց են ապրում, ինչ են ստեղծում ու կվերադառնայի 21-րդ դար ու ցույց կտայի դրանք: Վերջրես Տիգրանակերտի մեջ քուրդերը պաշտոնական մի հատ հուշաքար են փակցրել, որի վրա գրել են, որ ներողություն են խնդրում հայերից: Դա փաստում է, որ նրանք ոչ միայն շատ լավ դիվանագետ են, այլ որ մեզանից էլ լավ են պատրաստվում 100-ամյակին:



 



 



ԱՐԱՐԱՏ, ԿԻԼԻՄԱՆՋԱՐՈ, ՖՈՒՋԻ






Արարատը միշտ սիմվոլ է եղել հայերի համար ու ես էլ Արարատը անընդհատ նկարել եմ Հայաստանից, Պարսկաստանից, Արեւմտյան Հայաստանից: 2010թ-ն էր ընկերներիս հետ որոշեցինք բարձրանալ Արարատ ու հաջողվեց հասնել մինչեւ գագաթը: Մեր խմբի մեջ կային ընկերներ, որ նամակներ թողեցին սառույցի մեջ, փոքր հուշանվերներ, ես էլ իմ հուշը թողեցի այնտեղ: Իսկ 2012թ-ին նույն ընկերներով որոշեցինք Կիլիմանջարո սարը բարձրանալ, որը մի քանի հարյուր մետր բարձր էր Արարատից: Բարձրունքների հանդեպ իմ սերն այդքան մեծ չէ, ուղղակի բնության, ընկերների հետ է կապված, դրա համար ավելի հաճելի է: Արագածը դեռ չեմ բարձրացել, ամոթ ինձ,  ծրագրեր կան 2015-ին բարձրանալ նաեւ Ֆուջի, որն ի դեպ շատ նման է Արարատին: 



 



3 ԱՆԳԱՄ ԱՎԵԼ ՏԵՍՆԵԼ






Ծնվել եմ Լիբանանում, ուսանել եմ Ամերիկայում, ապրում եմ Կանադայում, մինչ այսօր 47 երկիր եմ տեսել ու ցանկություն ունեմ 3 անգամ ավելի տեսնել՝ մինչեւ 102 տարեկան: Ուզում եմ մինչեւ 102 տարեկան ապրել, որպեսզի մինչեւ 100-ն աշխատեմ, 2 տարի էլ հանգստանամ: Արցախը, Արեւմտյան Հայաստանը, Ջավախքը, Վրաստանի հայկական շրջաններն ինձ շատ են հետաքրքրում, այս ամբողջ տարածքն իմ համար հարազատ է, եւ չեմ կարող մշտական մեկ տեղ մնալ: Պիտի անընդհատ ճանապարհորդեմ, թարմանամ, կարոտից անընդհատ վերադառնամ, որպեսզի ավելի լավ ապրեմ: Մի տեղ, որ երկար ես մնում, լճացում է առաջանում: Առաջին անգամ, երբ եկա, Երեւանն ուրիշ համ ուներ, այդ հին, նեղ փողոցները շատ հետաքրքիր էին, դա իրոք գույն էր տալիս Երեւանին: Դժբախտաբար, երբ մեծ ու բարձրահարկ շենքեր են բարձրանում, դրանք իրենց հետ նաեւ բետոնի աուրա են տարածում, չհաշված այն, որ գնալով ամեն ինչ թանկանում է, ու մարդկային շփումներն էլ քչանում են: Միակ հարազատ տեղը, որ այսօր մնացել է, Կոնդն է: Մի կողմից հասկանում եմ, որ պետք է զարգանա քաղաքը, բայց այնքան լավ ճարտարապետություն ունի Երեւանը, որ ինչո՞ւ փորձենք եվրոպական երկրներին նմանվել, այն դեպքում, երբ այդ շենքերը չեն սազում Երեւանին: Բայց ինչ էլ որ լինի, Երեւանն ինձ հարազատ է, միշտ վերադառնում եմ ու լավատեսությամբ մոտենում ամեն հարցի:









Սոնա ԱԴԱՄՅԱՆ



sona.adamyan@ hraparak.am