Քաղաքապետարանին հայհոյո՞ւմ են, թե՞ լուծումներ առաջարկում

Քաղաքապետարանին հայհոյո՞ւմ են, թե՞ լուծումներ առաջարկում

 Երբ ուղեվարձի թանկացման անօրինական որոշման դեմ բարձրացրած երեւանցիների աղմուկն ու դժգոհությունն ի վերջո պայթեցրեց Տարոն Մարգարյանի անվան շուրջ ստեղծված միֆը, վերջինս փորձեց տարատեսակ քայլերով վերականգնել երբեմնի բարի համբավը:



 



Այդ քայլերից մեկն էլ քննադատելու անարգել հնարավորություն ընձեռնելն էր երեւանցիներին: Դեռեւս սեպտեմբերին որոշվեց Երեւանի վարչական շրջաններում տեղադրել առաջարկների արկղեր, որոնք իրենք կոչում են տաղավարներ:



 



Քաղաքացիները պետք է մայրաքաղաքում առկա խնդիրների վերաբերյալ իրենց առաջարկները գցեն այդ արկղերի մեջ: Սակայն դա, իսկապես, քաղաքային իշխանության վրա  չարացած մարդկանց լիցքաթափման հնարավորություն դարձավ: Քանի որ այդ արկղերը թափանցիկ են, շատ լավ երեւում է, որ այնտեղ կա ամեն ինչ եւ հազվադեպ առաջարկություններ: Հատկապես սկզբում դա աղբամանի պես բան էր, էլ կոպեկներ  էին գցում՝ ի նշան քաղաքապետարանի թշվառության, վիրավորական, հայհոյախառն գրություններ, անպիտան առարկաներ, մի խոսքով՝ այն ամենը, ինչ հնարավոր էր անցկացնել տուփի անցքից:



 



Այս գործի պատասխանատուն է քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը, ով ստիպված է պարբերաբար ծանոթանալ արկղերի բովանդակությանը: Վերջինս երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ դեկտեմբերին բացելու են տաղավարները եւ տեսակավորելու են քաղաքացիների առաջարկները, որն ամփոփ կներկայացնեն նաեւ լրատվամիջոցներին:



 



Մինչ այդ էլ են պարբերաբար բացել, բայց թե ինչի են ականատես եղել, Մերթարջյանը խուսափեց նշել: Ասաց, որ տարբեր խնդիրների վերաբերյալ տարբեր լուծումներ, առաջարկներ կան՝ չմասնավորեցնելով դրանք: Սակայն ավելի հավանական է, որ հարցը լսելիս Մերթարջյանը հիշեց ոչ հաճելի «առաջարկները». «Տարբեր են, միանշանակ չեն, կան բազում ցանկություններ, կան բազում շնորհակալություններ, տարբեր է ինքը, տենց չկա մի խնդիր, որ ասեմ:



 



Մարդիկ ցանկանում են կանաչապատ տարածքներ եւ այլն, տարբեր»: Ուղեվարձի սակագնի թանկացումն ամենաարդիական հարցն է, խնդիր,  որն այսօր շատ հուզում է քաղաքացիներին: Այդ հարցի լուծման այլ եղանակներ, բացի թանկացումից, քաղաքացիներն առաջարկե՞լ են: «Որ ճիշտն ասեմ՝ նման առաջարկներ ես չեմ ստացել տաղավարներով, ամփոփելուց հետո ես ամբողջը կներկայացնեմ, հետո կպատասխանեմ Ձեր հարցերին»,- ասաց քաղաքապետարանի չինովնիկը: Իսկ հայհոյանքների ու անպարկեշտ գրությունների մասով ի՞նչ կասեք: Քաղաքացիները շա՞տ են վրդովված քաղաքային իշխանության գործունեությունից. հարցին պատասխանեց. «Քցողներին հարցրեք, թե որտեղից են որոշել նման բաներ անեն, որտեւ ես եմ բացում, ու դժգոհություններ կարող է լինեն, բայց ես նման բան չեմ հանդիպել»: Այդ դեպքում ինչի՞ց են դժգոհում հատկապես: «Մարդը խնդիր ա տեսնում, բարձրացնում ա, լուծում առաջարկում»,- ասաց Մերթարջյանը՝ միաժամանակ խուսափելով նշել, թե քաղաքացիների ներկայացրած լուծումներն ու առաջարկները որքանով են լրացրել քաղաքապետարանի իդեաների ու լուծումների դեֆիցիտը: Քաղաքացիների  առաջարկություններում եղե՞լ են այն հարցերի լուծման ճանապարհները, որոնք քաղաքապետարանն անհնարին է համարել՝ քաղաքապետի օգնականը կրկին հրաժարվեց նշել դրանք:



 



Մինչդեռ այս հարցերի պատասխանները ինքնին կվկայեին սույն գաղափարի արդյունավետության մասին: Այն պետք է քննարկեն, որ խելամիտ առաջարկների ֆինանսավորումը տեղ գտնի քաղաքապետարանի բյուջեում: Մենք կհետեւենք արկղերի բացմանը եւ կփորձենք ներկայացնել, թե ինչ արդյունք է տվել երեւանցիների եւ քաղաքապետարանի այս ձեւաչափով՝ «անկաշկանդ շփումը», թեեւ վստահ ենք, որ դրանք զտված ու սրբագրված տարբերակով են ներկայացվելու հանրությանը: 



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ