ՈՒ՞ր է նախաքննության մարմնի գլուխը

ՈՒ՞ր է  նախաքննության մարմնի գլուխը

Երեկ, երբ քաղցել էինք, կողքինս հարցրեց՝ ի՞նչ է ասում մարմինդ: Բառն ինձ կրկին հիշեցրեց, որ նյութականը, շոշափելին թելադրում է մարմինը: Գեշ բան է մարմինը, որն անընդհատ հուշում է՝ սոված ես, անփող ես, մրսում ես: Հիշեցնում է, որ դատարկ է գրպանդ, բայց երբևէ չի հիշեցնում, որ հոգիդ դատարկ է ու ցուրտ: Ու դրա համար մարմնի վրա կա գլուխը, որ կարգավորի նյութական ցանկությունը: Ինձ համար հասկանալի է, թե ինչու՞ են նախաքննությունը կոչել նախաքննության մարմին: Բա հո հոգի չէի՞ն դնելու: Նախաքննության մարմին: Սոսկալի է, բայց փաստ, որ այս կազմակերպության համար անունը բովանդակային նշանակություն ունի: Մարմինը շատ որոշումներ է ընդունում, շատ բաներ է անում՝ սեփական պահանջմունքներից դրդված. նա ֆիզիկական գոյություն է: Բայց բնության մեջ յուրաքանչյուր մարմին, ինչպես նշեցի, գլուխ ունի, այդ առումով զարմանալի է՝ ու՞ր է նախաքննության գլուխը: Այդպիսի բան լինու՞մ է, երբ մարմնի սեփական գլուխը փնտրում ես ոչ մարմնի վրա: Օրինակ, մարմինը որոշում է ձերբակալել մեկին, հետո ձերբակալելուց հետո ընկնում ու ապացույցներ է փնտրում, թե ինչու է անհապաղ ձերբակալել: Կամ հանցագործին ազատության մեջ է թողնում, հետո պատճառներ որոնում, թե ինչու է ազատության մեջ թողել: Այդ որոնումների հետքով եթե գնանք, կգտնե՞նք նախաքննության մարմնի գլուխը՝ թեկուզ մեկ ուրիշ մարմնի վրա:




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ