Հարց Աշոտյանին՝ ուշունց տալու համար լեզվի կարգավիճակ պահանջվու՞մ է…

Հարց Աշոտյանին՝ ուշունց տալու համար լեզվի կարգավիճակ պահանջվու՞մ է…

Ռուսաց լեզվին կարգավիճակ տալու մտորումներով երթուղային նստեցի: 72 համար ավտոբուսն էր, որին մեր պետությունը կարգավիճակ էր տվել ու դառել էր 34 համար: Դեղի՜ն, երկար, կարգավիճակով ավտոբուս: Նստեցի ու կանգնած մնացի, ավտոբուսի կողոսկրի վրա մի ռեկլամ էր արված, տակն էլ գրված՝ Like: Մտքովս անընդհատ անցնում էր , որ մոտենամ ու լայք տամ, տեսնեմ՝ ինչ կլինի: Ավտոբուսի հերթական թափահարումից հետո մի մանրիկ տատիկ ընկավ առաջս ու սկսեց ռուսերենով հայհոյել՝ սվոլոչ, նիգադյայ ասելով: Կողքիս կանգնածը երևի Կրթության նախարարությունից էր, մազերը նոսր էին, հայացքն էլ՝ շատ իմացողի, անմիջապես մանրադրամ տատիին կոթեց՝ ռուսերենը տրանսպորտային լեզու չէ:



 



Նրան աշխատանքային լեզվի կարգավիճակ են տվել: Չամիչ դարձած տատին մի պահ չհասկացավ, հետո քոռ ասեղի հայացքով սկսեց խոսողին ծակծկել՝ սվոլոչը հայերեն բառ է՝ ասեմ, իմանաս: Հետո սկսեց ստուգաբանական գրոհ՝ քեզ էլ շատ սազական է: Կողքի գիտակները միանգամից թեման շրջանցեցին ու Աշոտյանին անցան՝ զարա՜զը… Ամա՜ն, իրենք էլ ռուսերեն խոսում, լեզուս մի թեթև կծեցի, որ հանկարծ ռուսերեն մի բառ պատահաբար դուրս չթռչի: Չէ որ ռուսերենը միայն աշխատանքային լեզու է ու կարող է ինձ տուգանեն: Մանրիկ տատին իջնում էր, երկար ավտոբուսի վարորդը հետ էր նայում ու սպասում, թե կռիվ գցած տատին ո՞նց է վերջից՝ սրան-նրան բրդելով, գալիս առաջ: Ամեն բրդելուց հետո վա՜յ-ի տեղ մի ռուսական օ՜յ էր հնչում: Վերջը մի հինգ րոպե հետո տատին «փող հաշվող օլիգարխի պես» կանգնել էր վարորդի առաջ: Թաշկինակի ծերը բացեց ու սկսեց հաշվել: Վարորդը բարկացավ՝ ինչ ես անում այ պառավ, արագացրու, փողը տուր ու իջիր: Պառավի չորացած ծառից մի տերև էլ չշարժվեց, տերև կա՞ր, որ շարժվի, լրիվ չորացած փայտ էր: Պառավը մի քանի 10 դրամանոցներ տվեց վարորդին՝ շոֆեր ջան, էս կոպեկները առ:



 



Կրթության տիկինն էլ էր առաջացել ու վարորդի աչքում ուզում էր ընդգծել, որ Կրթության նախարարությունից է ու հայերենը որպես պետական լեզու կարգավիճակ ունի, ինքն էլ տրանսպորտում նախարարի փոխարեն պաշտպանում է հայոց լեզուն ու խոսքը: Ուզում էր պոմադով լղոզված հայկական բերանը բացել, երբ շոֆերի կարգավիճակ ստացած վարորդը կոպեկները շպրտեց դեպի պառավը՝ առ քու կոպեկներդ ու իջիր, որոնք շոշափեցին կրթական տիկնոջ ընդլայնական տարածքը ու շրըխկ թափվեցին ավտոբուսի մեջ, մեկն էլ բացված դռան արանքից փախավ: Ավտոբուսի ժողովուրդը տատիի փողերն էր ոտների տակ փնտրում, իսկ տատին վարորդին անիծում էր՝ գյոռբագյոռ դառնաս դու էլ, քո տերն էլ, քո տիրոջ տերն էլ: Ադրբեջաներենն էլ ոչինչ, տրանսպորտային լեզու է դառնում: Նենց թիրախային էր հայհոյում տատին, որ բոլորի սիրտը յուղվել էր: Տատին չէր իջնում, 10-անոցներից մեկը չկար: Վերջը վարորդի ներվերը տեղի տվին ու գոռաց՝ արի քշի, էլ չեմ քշում: Զահուրմար լինի մեր աշխատած էդ էրկու քոռ կոպեկը, որ աշխատում են էտ գյորմափուշտերի համար: Տո ես էս կառավարության նանին ու դեդը, բաջին ու բրատը, տո գծատիրոջ տիրուգիծը…



 



Մինչ կռիվը շարունակվում էր, ես թաքուն մատս կպցրի ավտոբուսի կողին նկարած Like-ին, ասել է թե՝ լայք տվի ու համոզվեցի, որ լայքը հենց այնպես էր գրված, ձևի համար: Հետո նայեցի կռվի մեջ խորացած մանրիկ պառավին ու մտածեցի՝ էդ ռուսը, որ լեզվի կարգավիճակը փոխելուց առաջ մեր կարգավիճակը փոխեր, էլի ջհաննամ, գյոռ: Ախր էս կարգավիճակով ամոթ է նույնիսկ լեզվի կարգավիճակի մասին խոսել: Կես ժամվա ընթացքում բոլոր եղբայրական լեզուներով ավտոբուսի ժողովուրդը՝ առանց լեզվի կարգավիճակի, հայհոյեց իշխանությանը: Մոտս նշում արի, որ Աշոտյանին ռուսական մակարդակով մի կարևոր հարց ուղղեմ՝ ուշունց տալու համար լեզվի կարգավիճակ պահանջվու՞մ է, թե՞ եղբայրական բոլոր լեզուներով կարելի է ուշունցը համեմել…






ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ