Մեզնից քարվան կտրող դուրս չի գա

Մեզնից քարվան կտրող դուրս չի գա

Վիլնյուսի գագաթնաժողովն ինձ մի տխուր պատմություն է հիշեցնում թղթե շերեփի մասին: Բոլոր ազգերը հավաքվել են, իրենց շերեփներով ընդհանուր կաթսայից շիլա են ուտում` մենք մնացել ենք կողքի կանգնած` մեր թղթե շերեփով: Դուք է՞լ հիշեցիք…



 



Մեզ ոչինչ չհասավ: Ուկրաինան, օրինակ, ԵՄ-ի հետ ընդհանուր օդային տարածքի համաձայնագիր ստորագրեց, որից հետո տրանսպորտային համաձայնագիրն է գալիս: Վրաստանն ու Մոլդովան ստորագրեցին Ասոցացման համաձայնագրի տեխնիկական մասն ու 2014-ին արդեն պատրաստ կլինեն ամբողջն ստորագրելու: Նույնիսկ Ադրբեջանը Վիլնյուսից մի բան փախցրեց` ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի պարզեցում:



 



Իսկ մեզ ոչինչ չհասավ այս մեծ կերուխումից: Ամոթ էլ էր` նախագահի մակարդակով հասել էինք Վիլնյուս, ու մեզ ասացին` «նյետ»: Նույնիսկ Բելառուսի վիճակն էր մեզնից լավ: Անգիր իմանալով գլխի գալիքը` Բելառուսը Վիլնյուս էր ժամանել դիտորդի կարգավիճակով: Այդպես գոնե ավելի արժանապատիվ էր:



Մենք շատ աղմկեցինք Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի` դեպի ՄՄ կտրուկ շրջադարձի մասին: Մեր թերթերն ու ԶԼՄ-ները ողողվեցին Ուկրաինայի մասին պատմող նյութերով` Տիմոշենկոյի բանտախցից մինչեւ մայդան, մայդանից մինչեւ կառավարություն` մինչեւ Ազարով (վարչապետն է), հասանք անգամ Արեւմտյան Ուկրաինա` Լվով: Բայց Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ Յանուկովիչը մեծավարի մի բան ասաց իր ժողովրդին, մի բան էլ՝ Եվրոպային, եւ ամեն ինչ, կարծես, իր տեղն ընկավ: Նա մայդանին ասաց. «Սա դժվար որոշում էր, բայց ես իրավունք չունեի իմ ժողովրդին սովի մատնելու», իսկ Եվրոպային ուղղակի ոչնչացրեց. «Դուք խոսում եք աջակցության մասին` պայման դնելով Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Դա նվաստացուցիչ է իմ երկրի համար»: Վստահաբար` Յանուկովիչին հասկացողներ եղան թե Ուկրաինայում եւ թե Եվրոպայում:



 



Ձեզ ասեմ` նաեւ Ռուսաստանում: Նույն գիշեր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանին ունեցած Ուկրաինայի պարտքը 10 միլիարդով կնվազի: Այսքանից հետո Յանուկովիչը գնում է Վիլնյուս, Ուկրաինան համաձայնագրեր է ստորագրում… Իսկ դուք այդտեղ, Հայաստանում, ինչքան ուզում եք՝ աղմկեք, որ Ուկրաինայի վիճակն ավելի խայտառակ է:



 



Վիլնյուս մեկնելուց առաջ ՀՀԿ եվրաինժեներները հաշվարկ էին արել, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում արված հայտարարությամբ մենք Բրյուսելին դրել ենք մի վիճակի մեջ, որ հիմա Եվրոպան պետք է վազի Հայաստանի հետեւից: Արտակ Զաքարյանին ես միշտ լուրջ մարդու տեղ եմ դրել, բայց հենց նա էր այս ցնդաբանությունը մեզ փոխանցողը: Մի՞թե այն մի քանի հայտարարությունները, թե Եվրոպան կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների գործում, այդքան ոգեւորել են ՀՀԿ մտավորականությանը: Կարդացեք Յանուկովիչի խոսքը եւս մեկ անգամ: Եվրոպան ոչինչ ձրի չի անում, երբեք ձրի չի աջակցում, իսկ դա նվաստացուցիչ է:



 



Նվաստացուցիչ է, երբ Վիլնյուսում քեզ մի թուղթ են դեմ տալիս, որտեղ ընդամենը հետեւյալն է գրված. «Եվրամիությունն ու Հայաստանն այսօր վերահաստատում են իրենց հաստատակամությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ավելի զարգացնելու եւ խորացնելու վերաբերյալ՝ շեշտելով իրենց հարաբերությունների ներկայիս հիմքերը վերանայելու եւ թարմացնելու անհրաժեշտությունը:



 



Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են յուրաքանչյուր գործընկերոջ սուվերեն իրավունքը՝ ազատորեն ընտրելու Եվրամիության հետ հարաբերությունների իրենց համար ցանկալի մակարդակն ու նպատակները»:



 



Ընդամենը խոսքեր` ոչինչ չասող, ոչինչ չպարտավորեցնող, ոչ մի սպասելիք չպարունակող: Մինչդեռ մերոնք շտապում են Վիլնյուսից սեփական կարեւորությունն ընդգծել: Հեռագրել են. «Հայաստանի նկատմամբ մոտեցումը տոլերանտ էր»: Եթե սա հայերեն թարգմանենք, ապա կստացվի. «Լավ էր, որ մեզ դուրս չշպրտեցին Վիլնյուսից»:



 



Ասել է` մտան մեր դրության մեջ, հասկացան մեր ցավը` Ռուսաստան, կոնֆլիկտ, շջափակում եւ այլն… Եվ, որպես տոլերանտության նշան, մեզ տվեցին վերոբերյալ հայտարարության տեքստը: Բայց Արտակ Զաքարյանը նույնիսկ այդ ոչինչ չասող թուղթն է կարողանում մեկնաբանել. «Նախ` Հայաստանը ԵՄ-ի կողմից կդիտվի որպես կարեւոր գործընկեր, որի հետ վերահաստատում է համագործակցության իր պատրաստակամությունը: Եվ ապա՝ դա տալիս է մի շատ կարեւոր բան, որ ԵՄ-ն փաստացի եւս ընդունում, ընկալում եւ գնահատում է Հայաստանի ընտրությունը՝ Մաքսային միություն մտնելուն առնչվող, եւ հարգանքով է վերաբերվում դրան»: Ի՞նչ է նշանակում` կարեւոր գործընկեր, պարոն Զաքարյան, ի՞նչ է նշանակում` գնահատում են Հայաստանի ընտրությունը: Դա, ախր, ընդամենը միջազգային նիստուկացի բառապաշար է եւ ուրիշ ոչինչ: Իրականությունը լինում է շերեփի մեջ` թեկուզ խաշած լոբու հատիկների տեսքով:



 



ՀԳ - Հավաքվեք, հավաքվեք՝ եկեք-տեսնենք Պուտինին ինչ ենք անում, ոնց ենք աչքը քաղցրացնում: Ասում են` լավ էլ գալիս է. փողով, նվերով-բանով… Այնպիսի մի ընդունելություն ցույց տանք, որ Եվրոպան մեզ ավելի կարեւոր գործընկեր համարի: 



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ