Պուտինի այցից հետո

Պուտինի այցից հետո

Արհեստական խոտով կանաչազարդ Գյումրի, ջարդված ակտիվիստներ, զոդած դիտահորեր, հերթական «գույք» «ՀայՌուսգազարդում» կառավարության 20 տոկոս բաժնեմասի տեսքով «Գազպրոմին» նվիրած. այսպիսին են Պուտինի 4-ժամյա այցելության տեսանելի արդյունքները:



Երեկ պաշտոնյաները նեղ շրջանակում կիսաձայն զարմանք էին արտահայտում ՌԴ նախագահի արտառոց պաշտոնական այցի կապակցությամբ: Սովորաբար, նման այցերի ժամանակ բարեկամ երկրի բարձրաստիճան հյուրերը նախ մայրաքաղաք են այցելում, պատմամշակութային վայրեր, մի որեւէ համալսարանում դասախոսություն կարդում, ինչպես, օրինակ, 2010-ին Սերժ Սարգսյանը՝ Դամասկոսի համալսարանում, կամ Տիգրան Սարգսյանը՝ Հարվարդում:



 



Այցի ծրագրում նման կետեր նախատեսելը երկրի նկատմամբ հարգանքի հավաստիք է, ինչը չկար Պուտինի այցում, Սպիտակի երկրաշարժի զոհերի եւ Ծիծեռնակաբերդի հուշարձաններին ծաղիկներ դնելուց բացի: Նույնիսկ ռուսական մամուլն էր սա նկատել: «Կոմերսանտը» գրեց, որ նախատեսված էր 2 օր, սակայն «Պուտինը չի ցանկացել երկու օր հյուրընկալվել Հայաստանում»: Նա եկել էր իր վոտչինան, նաեւ 102-րդ ռազմաբազան նայելու, ինչը չէր թաքցնում՝ հենց սկզբից հընթացս ցուցադրելով Արեւմուտքին, որ Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում, ինչպես միշտ, ամուր են:



 



Պուտինի «Մենք պատրաստվում ենք ամրապնդել մեր դիրքերը Հարավային Կովկասում, հիմնվելով այն ամենի վրա, ինչ ժառանգել ենք մեր նախնիներից» ֆրազը տարածվեց արեւմտյան մամուլով, որը նախեւառաջ հակված էր գրելու ակտիվիստների բողոքի ցույցերի մասին, որոնք ծավալվեցին Երեւանում: Սակայն եվրոպացի պաշտոնյաներն առերես այնքան էլ ջերմեռանդ չեն պաշտպանում հանուն Եվրոպայի հետ մերձեցման ծեծուջարդ կերած մեր ակտիվիստներին:



 



Երեկ ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան ասուլիսում այսպես գնահատեց Պուտինի այցն ուղեկցող հայաստանյան ակտիվիստների ցույցերը. «Միայն այն փաստը, որ այս ցույցը թույլատրված էր իշխանությունների կողմից, նշանակում է, որ սա մի մեծ քայլ առաջ էր դեպի կամքի ազատ արտահայտություն եւ խոսքի ազատություն: Ես հետեւում էի լրատվամիջոցներին եւ հույս ունեմ, որ ամեն ինչ պատշաճ կերպով կհետաքննվի եւ կարվի օրենքին համապատասխան: Մենք սպասում ենք, որ տեսնենք, թե ինչպիսին կլինեն հետաքննության արդյունքները, եւ հուսով ենք, որ հետաքննությունը կարվի խոսքի ազատության սկզբունքի ոգով՝ մի սկզբունք, որի տակ ստորագրել են ԵԽ անդամ բոլոր երկրները»: Փաստորեն, ԵՄ դեսպանն այնքան էլ ուշադիր չի հետեւել ԶԼՄ-ներին:



 



Հակառակ դեպքում, երբ երեկ, ժամը 15-ի սահմաններում ԵՄ կենտրոնում լրագրողների առաջ ելույթ ունենալիս այս մտքերն էր արտաբերում, անշուշտ, կիմանար, որ ոչ մի հետաքննություն էլ չի տարվում, իսկ ակտիվիստներին բաց էին թողել դեռեւս նախօրեի երեկոյան: Այս փաստը հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից: Փաստորեն, ԵՄ պաշտոնյան պատրաստի տեքստն էր կարդում, որը կառուցված է «համ նալին, համ մեխին» սկզբունքով, եւ նման իրադարձությունների դեպքում սովոր է տրաֆարետի նման կիրառել տարբեր երկրների իրավիճակը գնահատելիս: «Պետք չէ զարմանալ, որ ոստիկանությունը բաց է թողել ակտիվիստներին:



 



Մի օր բաց կթողնեն, մի օր՝ չէ,- ասում է փաստաբան, հակապուտինյան ընդվզումների ակտիվ մասնակից Արգիշտի Կիվիրյանը: - Գտնում եմ, որ բոլոր ձերբակալումներն ապօրինի էին ի սկզբանե: Ես երեկ տեսել եմ, թե ինչ բռնություններ, վայրագություններ է իրականացրել ոստիկանությունը, երբ որ մարդկանց ծեծելով քարշ էին տալիս ոստիկանական ավտոմեքենաներ:



 



Բաժիններում, ըստ Վարչական իրավախախտումների օրենսգրքի, կարող էին ակտիվիստներին մինչեւ երեք ժամ պահել, բայց մեծամասնությանը պահել էին 4-5 ժամ: ՀՀ իշխանությունները մեր երկիրը փորձում են տանել դեպի Մաքսային միություն եւ ընդօրինակում են այն ոճը, որն ընդունված է այդ միության մյուս երկրներում՝ ՌԴ- ում, Բելառուսում»:



 



Հարցին, թե արդյո՞ք Պուտինի եւ Մաքսային միության դեմ բողոքողները քիչ չէին, նա պատասխանեց, որ քիչ են, բայց սա ընդամենը սկիզբն է. «Մենք ՀՀ ակտիվ, արժանապատիվ քաղաքացիական հասարակության ծնունդն ենք տեսնում, մարդը բնակչից դառնում է քաղաքացի, որը պայքարում է իր իրավունքների  համար եւ պատրաստ է կրել նաեւ պարտականություններ: Մենք ակցիաների ժամանակ տեսնում ենք այնպիսի դեմքեր, որոնք մի տարի առաջ չեն եղել: Սա սկիզբն է, ծնունդն է»:  



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ