Էդվարդ Նալբանդյան. Հայաստանն ու Պանաման համակարծիք են միջազգային շատ հարցերի շուրջ

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանն ու Պանաման համակարծիք են միջազգային շատ հարցերի շուրջ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Պանամա նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը: Այս մասին հունվարի 8-ին, Պանամայում  Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Ֆերնանդո Ֆաբրեգան:



ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանի եւ Պանամայի արտգործնախարար Ֆերնանդո Ֆաբրեգայի հանդիպման ընթացքում շարունակվել են անցյալ տարվա սեպտեմբերին Նյու-Յորքում մեկնարկած քննարկումները երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։



Նախարար Նալբանդյանն ասել է, որ թեեւ Հայաստանին եւ Պանամային բաժանում են հազարավոր կիլոմետրեր, սակայն երկրները համակարծիք են միջազգային շատ հարցերի շուրջ, ինչը լավ հիմք է հանդիսանում տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացման համար։



Երկուստեք կարեւորվել է բարձրաստիճան այցերի կազմակերպումը, իրավա-պայմանագրային դաշտի ձեւավորման, ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման,   անհրաժեշտությունը, շեշտվել է, որ մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրումը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնման։



Ֆերնանդո Ֆաբրեգան Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է Պանամայի ջրանցքի ընդարձակման նպատակով իրականացվող աշխատանքները։



Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։



Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվել է Պանամայի ազգային ժողովում, որտեղ կայացել է Պանամայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դալիա Բերնալի հետ հանդիպումը, որին մասնակցում էր նաեւ փոխարտգործնախարար Մայրա Արոսեմենան։



Պանամայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է իր կողմից ղեկավարվող հանձնաժողովի գործունեությունը, այլ երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված Պանամայի խորհրդարանի կողմից իրականացվող աշխատանքները։



Դալիա Բերնալին ողջունել է Էդվարդ Նալբանդյանի առաջարկությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ՝ շեշտելով, որ դա կօժանդակի միջխորհրդարանական կապերի եւ այդ ճանապարհով նաեւ միջպետական հարաբերությունների զարգացմանը։



Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։