Քաղաքական ուժերի միավորումից առաջ ժողովուրդը պետք է միաբանվի

Քաղաքական ուժերի միավորումից առաջ ժողովուրդը պետք է միաբանվի

Քաղաքականության սանդուղքներից ուզում եմ իջնել, որպեսզի ավելի անկեղծ  զրուցեմ յուրաքանչյուրիդ հետ: Լրագրող լինելը քի՜չ է, քաղաքական լրագրողն էլ աչքհանիքի պես բան է: Ծանր է այդ բեռը ու մարդ պիտի կարողանա քաղաքական լրագրողի շինելը հանի ու պարզ, մի ամառային շոր հագած  կանգնի ընթերցողի առաջ՝ դե ասա տեսնեմ ինչ ես ասում: Հա՜ բոլորիդ պատող ցավն ինձ էլ է պատել՝ անկե՞ղծ է քաղաքական չորս ուժերի մտահոգությունը, ի՞նչ է հետապնդում նրանց միավորումը: Տարբեր մտահոգիչ հրապարակումները՝ Քոչարյանի գալստյան վերաբերյալ,  ի՞նչ իմաստ ունեն՝ ժողովրդին զգուշացնու՞մ են, թե՞ ապակողմնորոշելով՝ ավելի խոր փոս են գցում: Մի բան եմ հիշում ու հենց հիշածիս չափով էլ գրում եմ, չեմ ուզում վերաթարմացնել, իմ հասկացածի պես  պատմում եմ: Մեծերից մեկին, երբ զգուշացնում են, որ քո մտերիմը պատրաստվում է քեզ թունավորել, նա չի զգուշանում և նրա նկատմամբ վերաբերմունքը չի փոխում: Էլի համարում է նրան իր մտերիմը ու վստահում է: Այսպես է մտածում՝ թունավորվելը ավելի փոքր բան է, քան ողջ կյանքում կասկածելն ու չվստահելը: Հիմա մենք ենք: Հավատալուց բացի ուրիշ ելք ունե՞նք, փորներս ճղեցինք, ասելով՝ թե անկեղծ եք, միավորվեք: Հիմա էդ ուժերը մի հարցի շուրջ միավորվել են ու կանգնել քաղցած ժողովրդի կողքին: Հիմա էլ փորներս ճղենք, ասենք՝ չենք հավատու՞մ: Բա նրանք իսկի հայ չե՞ն, հայ մոր կաթ չեն խմե՞լ… Որ Նաիրա Զոհրաբյանը բնական շուբ է հագել, դրա համար չվստահե՞նք. ամո՜թ է ամո՜թ, բան ասեք, որ բանի նման լինի: Համատարած այս անհավատության մեջ հնար լիներ մի հազար դույլ հավատ կլցնեի… Ա՜յ հենց այդ հավատի խարխլմամբ է գոյատևում իշխանությունը ու քիչ ջանք չի թափել, որ մեկս մյուսին չհավատանք: Մի օտարոտի հայացք գցեք քաղաքական դաշտին՝ բոլորը սևացա՜ծ, պախարակված, դավաճանների պիտակներ ստացած ու ոչնչացված: Ո՞վ է արել, ինչու՞ է արվել. ա՜յ հենց այսօրվա համար է արվել: Որ ով բերանը բացի՝ ասենք դավաճան ու կացինն առնենք: Մեզ  անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերի միավորումից առաջ մեր քաղցած, տանջված, հուսախաբված ժողովուրդը միավորվի: Երեկ մեկին ասում եմ՝ աշխատավարձիցդ արդեն 30000 կենսաթոշակայինի համար պահել են՝ ինչու՞ չես բողոքում, ինչու՞ չես ակցիայի գնում: Ասում է՝ որ անգործ թողնե՞ն, մեկ է, երկրից գնալու եմ: Է՜, բոլորդ գնացեք, հետո՞… Ժողովուրդը միաբան չի, նորից եմ ասում, միաբանության սեպը արդեն 20 տարի է՝ խփվում ու խորացվում է: Ֆեյսբուքը նայեք, ամեն մի խմբավորում մի ուժի հայհոյում է, խորհրդարանական չորս ուժերը թիրախի տակ են՝ աջից, ձախից… Մենք ենք, չէ՞, ումի՞ց ենք բան պահանջում: Եկեք մի քիչ համբերություն ունենանք ու սպասենք: Միգուցե երկրի այս վիճակն այնքան աղետալի է, որ այս ուժերը՝ մի կողմ դնելով քաղաքական իրենց ամբիցիաները, երկիրը ցեխից հանելու մասին են մտածում:



Քոչարյանը այդ չորս ուժերից առաջ ավելի մոտիկ մարդ ունի: Ինչու՞ եք մոռանում ու կեղծ կռիվ- կռիվ խաղերն իրական ընդունում:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ