Տարկետման պայմանները խստացվել են

Տարկետման պայմանները խստացվել են

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որով նախատեսվում է միջպետական և միջկառավարական համաձայնագրերով արտասահմանում սովորող արական սեռի ուսանողների համար ՀՀ կառավարության անհատական որոշումներով տարկետում տալ միայն ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ պարտավորությունների կատարումն ապահովող գրավի պայմանագիր (գրավ դրվող գույքի նվազագույն գինը սահմանվում է 8,5 մլն դրամ) կնքելու պայմանով:



 



Զինապարտության մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է կարգավորել և կանոնակարգել միջպետական և միջկառավարական համաձայնագրերով տարկետում ստացած ուսանողների հարցը: Այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչներին այսպիսի պարզաբանում է տվել  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այդ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:



 



Նախարարը նշել է, որ այդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է բացառապես միջպետական և միջկառավարական համաձայնագրերով արտասահմանում սովորող արական սեռի ուսանողներին, իսկ նախաձեռնության՝ դրական պատասխանի դեպքում, Կառավարությունը կորոշի՝ որ բուհերի ուսանողներին և որ մասնագիտություններով տալ համապատասխան տարկետման իրավունք: