Սեյրան Oհանյանը երկու ճակատ համբուրեց՝ երկուսն էլ՝ նեղ շահերից ելնելով

Սեյրան Oհանյանը երկու ճակատ համբուրեց՝  երկուսն էլ՝ նեղ շահերից ելնելով

Երեկ լրատվամիջոցները սեւեռվել էին մի հուզիչ փաստի վրա՝ Սեյրան Օհանյանը Եռաբլուրում հրաժեշտ տալիս համբուրեց ադրբեջանական դիվերսիոն խմբի դեմ հերոսաբար մարտնչած ու զոհված Արմեն Հովհաննիսյանի ճակատը:



Եվ չնայած հենց Սեյրան Օհանյանն է բանակի կենսագործունեության համար թիվ մեկ պատասխանատուն, եւ հենց նրան են մարդիկ վստահում իրենց որդիներին, ուստի ոչ թե պետք է ոգեւորվեինք համբույրի փաստից, այլ հաշվետվություն պահանջեինք: 



Սեյրան Օհանյանը վերջին  անգամ համբուրել էր 2013 թվականի մայիսին Նոյեմբերյանի զորամասում ծառայակցի գնդակից սպանված Լյուքս Ստեփանյանի ճակատը: Մինչդեռ մենք ունեցել ենք բազում սպանված զինվորներ, որոնք հողին են հանձնվել առանց «նախարարական համբույրի»: Արմեն Հովհաննիսյանի շնորհիվ Սեյրան Օհանյանի ղեկավարած բանակը հերոսի կերպար ունեցավ, ինչը հեռուստատեսությամբ ու բոլոր լրատվամիջոցներով թմբկահարելով, սկսեցին ներկա ու ապագա զինվորներին հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու ձգտում ներարկել: Սակայն դա չի փոխում զինվորների ու նրանց ծնողների վերաբերմունքը բանակի հանդեպ: Եվ Սեյրան Օհանյանի կողմից նման կեղծ ու շինծու սրտաճմլիկ տեսարաններ բեմադրելուց վիճակը չի փոխվում: Զոհված զինվորների ճակատը համբուրելով՝ նախարար Օհանյանը փորձում է փրկել իր ու իշխանությունների դեմքը: Երեկ մի արտասովոր բան էլ տեղի ունեցավ կառավարությունում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հանկարծ հետաքրքրվեց սահմանային դիվերսիայի դեպքով: Սակայն պարզվեց՝ հետաքրքրվում է ոչ թե սրտացավությունից կամ հայրենասիրությունից դրդված, այլ «իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները» հերքելու համար:



 



Նա Սեյրան Օհանյանին հորդորեց ներկայացնել վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերը: ՀՀ պաշտպանության նախարարն էլ, Ադրբեջանի դիվերսիոն  գործողությունների դեմ Արմենի ու նրա ընկերների հերոսությունը նկարագրելուց հետո, հավելեց. «Ադրբեջանի դիրքերում որոշակի լարվածություն կա: Այն արտահայտված է կրակոցներով ու նաեւ որոշակի խուճապահար գործողություններով, քանի որ մտավախություն կա, որ մենք արժանի պատասխան կտանք: Նաեւ կրակոցներով արտահայտված որոշակի լարվածություն կա ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շփման գծում, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանում: Գիտեք, որ մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, պատասխանում ենք միայն նպատակային եւ դիպուկահարների կրակոցներին: Այսօր իրավիճակը շփման գծում եւ մեր սահմաններում վերահսկելի է…»:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]