Իրավապահների շրջանում կաշառակերության բացահայտումը կրկնակի աճել է

Իրավապահների շրջանում կաշառակերության բացահայտումը կրկնակի աճել է

239 քրեական գործ՝ անցյալ տարվա 204-ի դիմաց. այսպես փակեց տարին Հատուկ քննչական ծառայությունը: Այս գործերից 77-ը եղել է կոռուպցիոն բնույթի, նախորդ տարվա 46-ի դիմաց: Դատի տրված 26 պաշտոնատար անձանցից 15-ը ոստիկանության աշխատող են, մեկը՝ ՔԳՎ ավագ քննիչ, Ճանապարհային ոստիկանության վաշտի մեկ հրամանատար կա, 7 տեսուչներ, 5 հետաքննիչներ, ՊԵԿ 5 աշխատակից, մարզպետարանի վարչության 2 պետ, ԱԻՆ 2 աշխատող, բաժանմունքի պետ ՊՆ քննչականից եւ բերդի պետի մեկ տեղակալ՝ «Նուբարաշենից»:



 



ՀՔԾ հաղորդագրության մեջ դրական տեղաշարժերի թվում նշված է բարոյահոգեբանական մթնոլորտի եւ  դատախազների հետ հարաբերությունների բարելավման մասին, ինչն ուղղակիորեն չի կապվում ՀՔԾ տարեվերջին կատարված իշխանափոխության եւ Աղվան Հովսեփյանի կադրերի հեռացման  հետ, սակայն ենթադրել է տալիս, որ դրա հետեւանքն է: «Որպես հատուկ քննչական ծառայության աշխատանքների կազմակերպման սկզբունք, ծառայությունում իրականացվող նախաքննությունը կազմակերպվել է ոչ թե նախկինում գործող պրակտիկ մոտեցումներով, այլ քննիչ-դատախազ գործնական փոխհարաբերությունները կազմակերպվել են բացառապես օրենսդրությամբ նախատեսված կարգը պահպանելու սկզբունքով»,- գրված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:  Ավարտված գործերով պետությանը պատճառված նյութական վնասը վերականգնվել է  95,9 տոկոսով։ Ավարտված գործերի համարյա կեսն ուղարկվել է դատարան, կեսը կարճվել է, 54 գործ դեռ ավարտված չէ: Դատարան ուղարկված գործերի թվում ամենաշատը սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են. 14 գործ՝ 20 անձի դեմ, պետական ծառայության դեմ՝ 23 մարդ: 10 մարդ անցնում է կառավարման կարգի դեմ ուղղված քրեական գործերով:



 



 



ՀԱՑ ՏԱԼԸ ՔԻՉ Է, ՊԵՏՔ Է ՄՈՒԾՎԵՔ






Գործերից մեկին ՀՔԾ-ն իր պաշտոնական հաղորդագրության մեջ հատուկ է անդրադառնում, որպես տիպիկ գործի, որը հարուցվել է ոստիկանության տարածքային քննչական բաժնում իշխանության ներկայացուցչի դեմ բռնության մեղադրանքով, սակայն հետո պարզվել է, որ ոչ թե իշխանության ներկայացուցչին են ծեծել, այլ քաղաքացուն՝ Կարեն Հարությունյանին: Շինարարության հետ կապված ինչ-որ հանցանքի համար կասկածվող Կարեն Հարությունյանը ոստիկան Բակուր Ավետիկյանի հետ «լեզու գտնելու» նպատակով նրան հրավիրել է «հաց ուտելու», սակայն խնջույքին հետեւած օրերին պարզվել է, որ կասկածյալը «հաց կերցնելով» չի պրծնի, եւ պետք է նաեւ «մուծվի»: Կարեն Հարությունյանին հրավիրել են բաժին, խոսակցությունն ավարտվել է նրանով, որ ոստիկանները գործ են հարուցում նրա նկատմամբ: Ըստ նրանց «հեքիաթային» վարկածի, քաղաքացի Կարեն Հարությունյանը, Տորք Անգեղ կամ Շվարցենեգեր դարձած, մտել է բաժանմունք, մի քանի ոստիկանի, այդ թվում ոստիկան Բակուր Ավետիկյանին, ծեծել-ջարդել է, ինչի համար էլ ձերբակալվել է: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁԱՊՎ ընդունվելիս «կասկածյալի» մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, եւ գործն ուղարկվել է ՀՔԾ, որտեղ ճիշտ հակառակ պատկերն է պարզվել. «Որ իրականում Կարեն Հարությունյանը ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն չի գործադրել, այլ, ընդհակառակը՝ ավագ տեսուչ Բակուր Ավետիկյանը վերջինից կաշառք է վերցրել..., իսկ այնուհետեւ պահանջել է ավելացնել կաշառքի գումարը, որի կապակցությամբ նրանց միջեւ առաջացած վիճաբանության ժամանակ Բակուր Ավետիկյանը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Կարեն Հարությունյանի նկատմամբ ու բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, որից հետո զեկուցագիր է ներկայացրել իր ղեկավարությանը, թե վերջինս չի ենթարկվել իր օրինական պահանջին եւ բռնություն է գործադրել իր նկատմամբ»։ Քաղաքացուն բաց են թողել, իսկ ոստիկանին 2 հոդվածով մեղադրանք են ներկայացրել ու գործն ուղարկել դատարան:



 



ՀՔԾ հաշվետվության հետ կապված՝ մի քանի գրավոր հարց ուղղեցինք ծառայության պետ,  արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանին եւ պատասխաններ ստացանք:



 



- 2013 թվականին ՀՔԾ վարույթում քննված գործերն ավելացել են: Սա ի՞նչ է նշանակում, որ մեր պաշտոնատար անձինք ավելի շատ հանցագործություններ են կատարում, թե՞ ծառայությունն ավելի լավ է աշխատում: 






- Կարծում եմ` մեր ծառայության վարույթում քննված քրեական գործերի աճն առաջին հերթին պայմանավորված է քաղաքացիների վստահությամբ: Հատկապես վերջին ժամանակահատվածում ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված դիմումների քանակը նկատելիորեն աճել է: Այդ դիմումներից շատերի հիման վրա նախապատրաստվել են նյութեր եւ հանցագործության հիմքերի առկայության դեպքում հարուցվել են քրեական գործեր: Սա նաեւ հասարակության լայն զանգվածների շրջանում իրազեկվածության լավ նախադեպ է. դիմումատուները ճիշտ հասցեատեր են ընտրում: 



 



- Ավարտված գործերից մեկն ուղարկվել է դատարան՝ մեկ անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար։ Սա ո՞ր գործն է:






- Սա այն քաղաքացին է, որ 2013թ. մարտի 22-ին դանակով մտել էր ԱԺ՝ Վրեժ Գալստյան: Պետական պահպանության կանոնակարգով սահմանված անցագրային ռեժիմի խախտմամբ հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող ՀՀ Ազգային ժողովի ցանկապատ տարածք ապօրինի մուտք գործելու եւ ձեռքին եղած դանակով իր ապօրինի տեղաշարժը կանխել ցանկացող ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակիցների կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տալու վերաբերյալ հարուցված քրեական գործն է:



 



- Կալանքն ավելի՞ հաճախ է ընտրվել որպես խափանման միջոց, թե՞ հակառակը՝ նախկինում այն ավելի շատ էր կիրառվում:






- 2013թ.  ընթացքում Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերով դատի տրված 78 անձից, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանավորում ընդամենը 33 անձի կամ դատի տրված անձանց 42 տոկոսի նկատմամբ: Սրա հետ մեկտեղ, պետք է առանձնահատուկ նշել, որ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրվելիս կարեւորվել է այն, որ այս խափանման միջոցը բացառիկ է, եւ յուրաքանչյուր դեպքում հաշվի է առնվել ոչ միայն կոնկրետ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այլեւ այն կիրառելու օրենսդրական հիմքերի առկայությունը: Գործնական աշխատանքում արմատավորված այս մոտեցումը շարունակվելու է նաեւ հետագայում:



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ