Եթե Ուկրաինայում ժողովուրդը հաղթեց,դա մեծ ազդակ կլինի մյուսներին

Եթե Ուկրաինայում ժողովուրդը հաղթեց,դա մեծ ազդակ կլինի մյուսներին

Հարցազրույց քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանի հետ



 



-Դուք նոր եք վերադարձել Ուկրաինայից, եղել եք նաեւ Մայդանում։ Ի՞նչ առիթով էիք մեկնել։






- Փետրվարի 2-10-ը եղել եմ Ուկրաինայում՝ քաղաքացիական սեմինարի մասնակցելու հրավերով, թեման էր՝ քաղաքացիականության նոր գաղափարներ Եվրոպայի համար, որին հրավիրված էին եվրոպական տարբեր երկրներից ներկայացուցիչներ, նաեւ 3 հոգի Հայաստանից։ Սա հնարավորություն էր մոտիկից ծանոթանալու Ուկրաինայում տիրող իրավիճակին, քանի որ դա էապես ազդում է նաեւ Հայաստանի իրադրության վրա, եւ նմանությունները շատ են։ Հեռվից նայելով, հետաքրքրվելով՝ ամեն ինչ չի երեւում, տեղում տեսնելով, թե ինչպես են ուկրաինացիները կազմակերպում իրենց պայքարը, կարեւոր է մեզ համար թե անձնապես եւ թե այդ փորձը Հայաստան բերելու առումով։



 



- Տեղում տեսնելով՝ ի՞նչ տպավորություններ ունեք Մայդանից եւ ուկրաինացիների պայքարից։






- Կիեւում միանգամից չի զգացվում, որ այնտեղ իրավիճակն այդպիսին է, Մայդանից դուրս կյանքն իր բնական ընթացքով է գնում, սակայն թեման առօրյայում մշտապես առկա է, թեպետ առաջին հայացքից չի զգացվում։ Մարդիկ հիմնականում իրենց աշխատանքին են գնում, բայց օրվա մեջ ժամանակ են գտնում Մայդան գնալու, հիմնականում դրական են արտահայտվում, բացասական արտահայտվողներ շատ քիչ կան։ Մի տեսակ բացասականն այն է, որ այդ ոգին չի զգացվում ամբողջ քաղաքում։ Իսկ երբ մոտենում ես Մայդանին, այնտեղ նախ անցակետ է դրված, որտեղ հերթապահում են ինքնապաշտպանության ջոկատի տղաներից, որպեսզի ինչ-որ հարձակման կամ իրադրության ժամանակ կարողանան իրավիճակը վերահսկել, մինչեւ օգնություն հասնի։ Փողոցներում բարիկադներ են սարքված մի քանի շարքով եւ պատրաստ են դիմադրել ու ինքնապաշտպանվել։ Բայց այնտեղ էլ տարբեր են պայքարի ընկալումները, հիմնական շեշտը դրված է Յանուկովիչի հրաժարականի վրա, արդեն Եվրոպային միանալու թեման այնքան էլ ակտուալ չէ, քանի որ առաջնային է դարձել հանցավոր իշխանություններից ազատվելու խնդիրը։ Հիմնականում ավելի շատ ազգային գաղափարներն են տիրում, ապագայի մասին տեսլականներն այդքան չեն զգացվում, նաեւ տարբեր խմբեր տարբեր կերպ են պատկերացնում. ասենք, կուսակցություններն անհասկանալի ձեւով են իրենց պահում, որովհետեւ կոնկրետ ոչինչ չեն ասում, բայց փորձում են վերահսկել իրավիճակը, իսկ քաղաքացիները կուսակցություններին ընդհանրապես բանի տեղ չեն դնում, չնայած ստիպված համակերպվում են, քանի որ կուսակցություններն են վերահսկում իրավիճակը, որպեսզի պառակտումներ չլինեն։ Բայց լավն այն է, որ տարբեր գաղափարների տեր մարդիկ կարողանում են համախմբվել նույնիսկ այն կուսակցությունների հետ, որոնց չեն վստահում. այդ համագործակցությունը կա։



 



- Ի՞նչ եք կարծում, այս պայքարն ինչի՞ կհանգեցնի, ի՞նչ արդյունք կունենա, ի՞նչ զարգացումներ եք տեսնում։






- Հիմա մեծ թափով ինքնապաշտպանական ջոկատներ են կազմավորվում, եւ այդ պրոցեսը բավականին արագ է ընթանում, այսինքն՝ զգացել են, որ ուժով պետք է պաշտպանվեն։ Մարդիկ, ովքեր կանգնած են այնտեղ, բոլորն էլ ասում են, որ մինչեւ վերջ են գնալու, քանի որ իշխանությունների հետ այլ կերպ չի կարող լինել, եւ իրենք այլեւս չեն կարող համակերպվել։ Իրենք մի գործ են սկսել, որ հետճանապարհ չունեն եւ հավատում են դրան, իսկ թե ինչ կլինի, մի քիչ դժվար է ասել, բայց կազմակերպվածությունը, պայքարի ոգին, չհանձնվելը բավականին հուսադրող են. եթե ոչ ամբողջական, գոնե փուլային հաղթանակ կունենան, որը հետագայում իր մեծ ազդեցությունը կունենա։



 



- Մենք նույնպես սեպտեմբերի 3-ից հետո փորձեցինք պայքարել Մաքսային միություն մտնելու դեմ, նույնիսկ երթ անցկացվեց Երեւանում, բայց պայքարն այնպես հիմնավոր ու կոշտ չէր, ինչպես Ուկրաինայում է։ Եթե համեմատենք, ի՞նչ զուգահեռներ ու տարբերություններ եք տեսնում մեր ու նրանց պայքարի միջեւ։






- Իրենց բնակչությունը մոտ 10 անգամ ավելի է, քան մերը, բայց այդ համեմատության մեջ էլ մեզ մոտ տոկոսային առումով ավելի քիչ են դուրս գալիս փողոց, բնակչության ավելի քիչ տոկոսն է ակտիվ ու նախաձեռնող, հենց դա էլ ամենալուրջ գործոններից մեկն է, նաեւ արտագաղթը, որ հեռացողը հենց դժգոհ մասսան է։ Բացի այդ, հավանաբար նաեւ այն հանգամանքն է դեր խաղում, որ մեզ համար Ռուսաստանը համարվում է ռազմավարական գործընկեր, եղբայրական Ռուսաստան, եւ մարդիկ կան, որ կարծում են, թե Ռուսաստանը պետք է մեզ լավ նայի, եւ մենք անկախ չենք կարող լինել՝ առանց հասկանալու, որ քո փոխարեն ռուսն է որոշելու, եւ դա մեր շահերից չի բխելու։ Ամեն դեպքում, Ուկրաինայում կատարվողը մեծապես ազդում է այլ երկրների եւ մեր երկրի վրա, որովհետեւ նույն իրավիճակում ենք։ Եթե Ուկրաինայում ժողովուրդը հաղթեց, դա մեծ ազդակ կլինի մյուսներին, կթուլացնի Ռուսաստանին, եւ կկոտրվի այն միֆը, թե Ռուսաստանն է ամեն ինչ թելադրում: Նույնը կարող է լինել՝ ինչպես արաբական գարնան ժամանակ, որովհետեւ շատ նման իրադրություններում ենք գտնվում։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ քաղաքացիական անհնազանդության խաղաղ ձեւերը շատ ավելի արդյունավետ են, ուղղակի շատ ավելի բարդ կազմակերպվող ու գիտակցական մեծ բաղադրիչ են պարունակում։ Կարծում եմ, որ Հայաստանում էլ կամաց-կամաց հասունանում է այդ բաղադրիչը, իրավիճակը նույնն է, պարզապես համախմբվել է պետք եւ ժողովրդին ցույց տալ, թե ուր ենք գնում, ոչ միայն ազատվել այս վարչախմբից, այլ նաեւ ինչի համար ազատվել։



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ