ԼՐԱԳՐԱՅԻՆ ՇԱՆՍՈՆ

ԼՐԱԳՐԱՅԻՆ ՇԱՆՍՈՆ

ԳԼԱՎԼԻՏ






Լույս է տեսել հայ մեծանուն քաղվիպասան Արտաշես Գեղամյանի հերթական գլուխգործոցը` «Հայաստանը Մաքսային միությունում` անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» վերտառությամբ: Գրքի շնորհանդեսին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ ՄՄ երկրներից, Գալուստ Գրիգորիչն անձամբ եւ Գեղամյանի բախտակից կիսաՀՀԿական որոշ շրջանակներ:



Ասենք, որ հեղինակի ռուսալեզության գոհարակերտ բարձունքներից մեկը հանդիսացող այս աշխատասիրությունը, որ նախնական տարբերակում վերնագրված էր՝ «Առաջ, դեպի անցյալ», մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը եղել է արգելված գրքերի շարքում:



 



ԵԿ, ՀԱՎԱՆԵԱՑ ԲԱՆԻՑ ԱՉԱԳԵՂՈՅ ՎԱՐՉԱՊԵՏԻՍ ՀԱՅՐԵՆՅԱՑ…






Վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ նրա կառավարությանը անվստահություն հայտնելու հարցում ոչ իշխանական ուժերը, կարծես, աներեւույթ արգելակներ են միացրել: Քանի կար, ասում էին` գնանք ջարդենք-փշրենք… Բայց հենց եկավ ջարդել-փշրելու պահը, սկսեցին արգելակել:



Լուրջ կասկածներ կան, որ Տիգրան Սարգսյանը թափով ծանոթներ է խաղացրել, որպեսզի այդ հարցում չորս ուժերի միավորում թույլ չտրվի:



 



ՏՈ ՊՈՂՈՍ, ՀՈՐԹՆ Ո՞ՒՐ Ա






Ֆերմայի վարիչ Պողոսին հայտնում են, որ չորս անմարդ կթվորուհիներ իրեն իմփիչմենթ են անելու: Պողոս, դու Պողոս… Չիմանալով դա ինչ է` վազում է տուն, լողանում, շորերը փոխում, գալիս-կանգնում ֆերմայի դռանը:



 



ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ՝ ԵՌԱՄՍՅԱ ԿՏՐՎԱԾՔՈՎ






Ճիշտ է, «Հայոց արծիվներ» ՀԿ-ի առաջնորդ Խաչիկ Ասրյանին դիմում են` Խաչիկ Մայիսի, բայց նա ծնվել է փետրվարին, ավելի ստույգ` փետրվարի 13-ին:



 



ԷՇԻՆ ՓԱԼԱՆ ՎՐԱ ՉԵԿԱՎ, ԳՅՈՒՄՐԻԻՆ` ՔԱՂԱՔԱՊԵՏ






Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն աշխատանքից ազատել է Գյումրիի չգործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկան եւ, ցուցադրաբար, վերջինիս փոխարեն աշխատանքի նշանակել իր քրոջ աղջկան, ով համատեղության կարգով նաեւ Սամվել Բալասանյանի փեսայի աղջիկն է, իսկ Սամվել Բալասանյանի փեսան էլ` համատեղության կարգով Գյումրիի փոխքաղաքապետը:



Եզրակացություն` ոչ Վարդան Ղուկասյանն էր մի բան, ոչ էլ Սամվել Բալասանյանը: Երկուսի ուշքումիտքն էլ Գյումրին ընտանեկան բիզնեսի ճյուղ դարձնելն է:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ