Այլ երկրներում այսպե~ս, այլ երկրներում այնպե~ս...

Այլ երկրներում այսպե~ս, այլ երկրներում այնպե~ս...

Երբ ընդդիմությանը պետք է ճանապարհ ցույց տալ, ՀՀԿ-ն ճանապարհ ցույց տվողների մեջ միշտ առաջինն է: Եվ, որպես կանոն, ՀՀԿ-ն մատնացույց է անում օրինավոր երկրներին՝ տեսեք՝ նրանց ընդդիմությունն այսպես, նրանց ընդդիմությունն այնպես...



 



Բայց և շատ շուտ նեղանում են, երբ իրենց մեկնումեկն ասում է՝ նորմալ երկրների իշխանությունն այսպես, առաջավոր երկրների իշխանությունն այնպես...



 



Ահավասիկ Էդուարդ Շարմազանովը, այսօր, ՀՀԿ ԳՄ նիստից հետո որոշել է հերթական դասախոսությունը կարդալ ոչ իշխանական 4 ուժերի գլխին, թե այլ երկրներում կառավարության հրաժարական պահանջելու դեպքում ընդդիմությունը ստվերային կառավարության կազմ է հրապարակում, ծրագիր է ներկայացնում, իսկ դուք, հասկանում ես, եկել եք այստեղ, առանց այդ բաների կառավարության հրաժարական եք պահանջում, շոու եք անում, մի բաժակ ջրում փոթորիկ եք անում, մեր քեֆը փչացնում եք, որ ի՞նչ անեք:



 



Կամ Շարմազանովը մոռացել է, որ մենք Հայաստանում ենք ապրում և այստեղ այլ երկրների օրենքները չեն անցնում և կամ իսկականից հավատում է Տիգրան Սարգսյանի կառավարության զորությանը: Որ կողմից էլ մոտենում ենք նրա հայտարարությանը, ստացվում է, որ սխալ բաներ է ասում:



 



Նույնիսկ ակամա հիշեցի Րաֆֆի Հովհաննիսյանի, հազար քաղաքական ողորմի նրան, կազմած ստվերային կառավարույունը: Թե ինչպես ՀՀԿ-ն ընդունեց դա, բոլորս տեսանք: բայց ոչինչ: Ենթադրենք՝ ոչ իշխանական ուժերը ստվերային կառավարության կազմ ու ծարագիր հռչակեն, ՀՀԿ-ն պատրա՞ստ է այդպիսի բան քննարկել: Իսկ քննարկելուց հետո ՀՀԿ-ն պատրա՞ստ է որևէ կառավարական աթոռ, կամ հենց վարչապետինը զոհաբերել կուտակային կենսաթոշակի այս խայտառակ օրենքի հետ միասին:



 



Միայն թե Շարմազանովը չասի՝ այո, պատրաստ ենք: Դա շատ ծիծաղելի կլինի, քանզի օդից էլ պարզ է, որ դրանից հետո ամբողջ ՀՀԿ-ն այլևս անելիք չի ունենա երկրում:



 



Ու թերևս մյուս կողմից էլ ոչ իշխանական չորս ուժերի համար պարզ է, որ ՀՀԿ-ն առաջնորդվում է «ոչ մի թիզ հող ժողովրդին» նշանաբանով և այդ պատճառով էլ, պարոն Շարմազանով, Ձեր նախանշած տուն-տունիկը չեն խաղում ձեզ հետ:



 



Էդ.Ա.