ՀՀ նախագահն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահին

ՀՀ նախագահն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահին

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:



 



Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական էներգետիկ համագործակցության ներկա մակարդակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: ՀՀ նախագահը և «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահն այդ թվում անդրադարձել են գազի ոլորտում փոխգործակցությանը՝ ամփոփելով վերջին տարիներին «Հայռուսգազարդ» համատեղ ձեռնարկության գործունեության արդյունքներն ու խոսել «Գազպրոմ Արմենիա» ընկերության հեռանկարային ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանի և Ալեքսեյ Միլլերի հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Գազպրոմ»-ի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին:



 



Արձանագրելով, որ 2002 թվականից հաջողվել է էապես բարձրացնել Հայաստանում գազիֆիկացման մակարդակը, գազի սպառման ծավալն ու գազամատակարարման հուսալիությունը, կողմերը քննարկել են «Գազպրոմ»-ի կողմից «Հայռուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարության 20 տոկոս բաժնեմասի ձեռքբերումից հետո, հետագա համատեղ աշխատանքներին, ինչպես նաև գազի սակագնին և գնագոյացմանը վերաբերող հարցեր: