«Ազատություն ստանալու» 5 պատճառ

«Ազատություն ստանալու» 5 պատճառ

«Օրինաց երկիրը» դուրս եկավ կոալիցիայից, Արթուր Բաղդասարյանն էլ հրաժարական տվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Երեկ, սակայն, Բաղդասարյանի տրամադրությունը տեղն էր։ Նա մեկ ժամից ավելի պատասխանեց լրագրողներին հուզող բոլոր հարցերին, որոշներին կոմպլիմենտներ անելով, որոշներին էլ թեթեւ կծելով՝ իրեն ու ՕԵԿ-ին պարբերաբար «հիշելու» համար։ Կարեւորն այն էր, որ Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին դեռ համարում է իր ընկերը, ում հետ ճանապարհ է անցել, բայց այսուհետ ցանկանում է այդ ճանապարհը միայնակ անցնել՝ առանց նախագահ ընկերոջ, որովհետեւ «ազատություն է ուզում»։



 



Արթուր Բաղդասարյանը նախ շնորհակալություն հայտնեց իր արդեն նախկին կոալիցիոն գործընկերներին համատեղ աշխատանքի համար, շնորհակալություն հայտնեց նաեւ լրագրողներին՝ իրեն եւ իր կուսակցության գործունեությունը լուսաբանելու համար, ու խոստացավ մինչ ԱԱԽ շենքը լքելը մոտ օրերս հյուրընկալել առավել ակտիվներին՝ «պռաշչալնի» անելու համար, եւ սկսեց  բացատրել կամ արդարանալ, թե ինչու ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից՝ դրա համար հինգ «խիստ կարեւոր», բայց «պարզ» պատճառ նշելով. ՀՀ նախագահի հայտարարությունը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, որի անհրաժեշտությունն իրենք այս պահին չեն տեսնում, եւ որով նախագահն այլեւս չի հավակնելու զբաղեցնել նախագահի եւ վարչապետի պաշտոնները, սահմանադրական բարեփոխումների անցկացման փաստը, կուտակայինի մասին օրենքն ու ՍԴ հայտնի որոշումը, վարչապետի հրաժարականը եւ նոր կառավարության ձեւավորումը, որի ղեկավարի՝ վարչապետի պաշտոնը հավակնում էր զբաղեցնել ինքը, բայց չստացվեց։



 



Նա հիշեցրեց, որ իրենք կոալիցիայից դուրս են գալիս, որովհետեւ այս 6 տարվա ընթացքում քաղաքական գործընթացներում ՕԵԿ-ը որեւէ էական դերակատարում չի ունեցել, 4 անգամ ԱԺ նախագահ են ընտրել, սակայն դրանցից ոչ մեկի դեպքում կոալիցիոն քննարկում չի եղել, եւ, առհասարակ, իրենց խոսքի հետ հաշվի չեն նստել, ինչի արդյունքում իրենք չեն կարողացել անել այն, ինչ ցանկացել են։ «Մենք կոալիցիայից դուրս գալու որոշում կայացրինք՝ ելնելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակից եւ այն զարգացումներից, որոնց ծիրի մեջ գտնվում է երկիրը։ Մեր որոշումը միանգամայն փաստարկված էր եւ մանրակրկիտ քննարկված։ Կոալիցիոն համագործակցության շրջանակներում մեր ազդեցությունը որոշումների կայացման վրա սահմանափակ էր, ես սա ազնիվ եմ ասում։ Մի՞թե պետք է մոռանան, որ բազմաթիվ վիճահարույց օրենքներ ՕԵԿ քվեների շնորհիվ էին անցնում։ ՕԵԿ-ը քաղաքական կոալիցիայում չունեցավ որոշիչ դերակատարում։ Երկրի ռազմավարական հարցերում մեզ չի հաջողվել ունենալ ազդեցություն»,-ասաց Բաղդասարյանը, բայց եւ հիշեցրեց, որ ՕԵԿ-ն ԱԺ-ում 2013-ին ճանաչվել է տարվա լավագույն խմբակցություն եւ շուրջ 200 մայր օրենքների հեղինակ է եղել։



 



Նա նաեւ գովեց իր ղեկավարած կառույցը՝ ընդգծելով, որ իր օրոք ԱԱԽ-ն կարողացել է կայանալ։ Արթուր Բաղդասարյանի խոսքով, իրենք ինչ արել են, արել են բացառապես հանուն ժողովրդի ու հիմա էլ են այդպես վարվում. «2008-ին մենք հանուն ժողովրդի մտանք կոալիցիա՝ կանխելու մարտյան արյունահեղությունը, այսօր դուրս ենք գալիս կոալիցիայից՝ կրկին հանուն ժողովրդի»։



 



Ինչ վերաբերում է հարցին, թե կպահանջե՞ն Սերժ Սարգսյանի հրաժարականը, ՕԵԿ ղեկավարն ասաց. «Եթե ես Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեմ, դա իմ կողմից կլինի ոչ բարոյական քայլ։ Մենք իրար հետ 6 տարի ընկերներ ենք եղել եւ հիմա էլ ընկերներ ենք մնում»։ Սերժ Սարգսյանին ու նրա թիմին քննադատելու վերաբերյալ էլ կարծիք հայտնեց. «Իհարկե, կքննադատենք, քանի որ ընդդիմություն ենք արդեն, բայց եթե տեսնենք քննադատելու պատճառ, իսկ դրական նախաձեռնությունները պատրաստ ենք նախկինի պես պաշտպանել»։



 



Իսկ շփվելո՞ւ է իր «նախագահ ընկերոջ» հետ, Բաղդասարյանն ասաց. «Այսուհետ, ինչպես լինում է ընկերների մոտ շատ դեպքերում, ես կգնամ իմ ճանապարհով, ինքը՝ իր։ Ես ունեմ ապագայի իմ օրակարգը, իմ տեսլականը, որն այս դեպքում չի համապատասխանում Սերժ Սարգսյանի տեսլականի հետ: Մնացածը քաղաքական գործընթացներ են։ Ես հիմա կառուցում եմ իմ քաղաքական ապագան առանձին՝ իմ թիմի հետ»։ Նա խոսեց նաեւ քառյակին միանալու մասին, նշելով, որ իրենք հիմա մտնում են ընդդիմադիր դաշտ, բայց չեն պատրաստվում այնտեղ որեւէ մեկի տեղը զբաղեցնել։ Իսկ թե ինչու իրենց կուսակցության նախարարները դուրս եկան ՕԵԿ-ից, կուսակցության ղեկավարն ասաց. «Որովհետեւ նրանք չէին ուզում լինել ընդդիմություն։ Օրինակ՝ մենք Կոտայքի փոխմարզպետ ունեինք, ով ասաց, որ ինքը չի կարող լինել ընդդիմություն, ինքը միայն իշխանություն պետք է լինի»։



 



Երբ լրագրողները հիշեցրին 2008-ին իր վարքը եւ ժողովրդին «դավաճանելու» փաստը,  Բաղդասարյանը ներողություն խնդրեց ժողովրդից այն բանի համար, որ կոալիցիա մտնելու իր քայլը՝ հանուն ժողովրդի, չի կարողացել ըստ էության ներկայացնել, ինչի արդյունքում իրեն սխալ են հասկացել: Նշեց նաեւ, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին իմացել է հրաժարականից մեկ օր առաջ, իսկ կոալիցիայից դուրս գալու հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է շարունակել մնալ ԱԱԽ քարտուղարի պաշտոնում, սակայն ինքը հրաժարվել է։



 



Բայց ԱԱԽ նախկին քարտուղարն անպաշտոն չի մնա՝ նա այսուհետ կգլխավորի ՀԱՊԿ ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը, ինչի համար մոտ օրերս կմեկնի Մոսկվա՝ մի փոքր հանգստանալու եւ լիցքաթափվելու, ինչպես նաեւ իր նոր պաշտոնի հետ կապված աշխատանքային հանդիպումներ ունենալու։



 



Նա նաեւ խոսեց իր բիզնեսների ու դղյակների մասին, որոնք անընդհատ հիշատակվում են մամուլում՝ վստահեցնելով, որ ինքը ոչ մի դղյակ չունի, ապրում էր կառավարական ոչ այդքան ճոխ ամառանոցում, որը շուտով կլքի եւ իր 6 հոգանոց ընտանիքով կտեղափոխվի բնակվելու իր երեքսենյականոց բնակարանում: Իսկ բիզնեսներից էլ իրեն է պատկանում «Հայասի գրուպը», որը, իր հավաստմամբ, հիմնադրել է զրոյից, վարկերով։



 



Կոալիցիայից դուրս գալն ազատության զգացո՞ւմ է տվել: «Մենք ուզում ենք ազատություն, մարդը դրա կարիքն զգում է այն ժամանակ, երբ զգում է դրա պակասը»,-ասաց նա եւ ավելացրեց. չի բացառվում, որ 2018 թվականի նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը։



 



Ասուլիսից հետո մենք փորձեցինք զրուցել նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ: Հարցին, թե ինչպես են պատկերացնում իրենց աշխատանքն ԱԺ-ում եւ քննարկե՞լ են արդեն քառյակի հետ համագործակցության ձեւաչափը, Բիշարյանն ասաց. «Մենք բաց ենք մեր որոշումների եւ համագործակցության մեջ։ Քառյակը դա որոշակի հարցերի շուրջ ձեւավորված անվանում է, որ մի քանի հարցերի շուրջ իրենք ունեն ընդհանուր մոտեցումներ եւ անվանվել են «քառյակ», բայց շատ ու շատ հարցերի շուրջ իրենք չունեն ընդհանուր մոտեցումներ։ Կյանքը ցույց կտա, թե որ քաղաքական թիմի հետ ինչ հարցերում կշփվենք։ Մենք բաց ենք քաղաքական թիմերի հետ աշխատելու համար»։ Իսկ հնարավո՞ր է արդյոք արտահոսք լինի ՕԵԿ-ից, ինչպես Երիցյանի ու մյուսների դեպքում եղավ, Բիշարյանն ասաց. «Ո՞նց լինի արտահոսք։ Չունենք Երիցյանի նման լիքը պաշտոնյաներ, չունենք այլեւս։ Պաշտոնյաներ չունենք ընդհանրապես, վերջին պաշտոնյան հրաժարական տվեց հենց նոր, էլ չունենք, չկա՛ էլ պաշտոնյա, հանգի՛ստ եղեք»։ Կոալիցիայից դուրս գալը կուսակցության վարկանիշը կբարձրացնի՞, թե՞ կիջեցնի, Հեղինե Բիշարյանն ասաց. «Ընդհանրապես կուսակցության վարկանիշը կապված է նրա աշխատանքի հետ, մենք ավելի շեշտադրված եւ ավելի բաց ենք ապրելու, որը, վստահ եմ, ավելի կբարձրացնի մեր վարկանիշը»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ