Պապից թոռ` մի աթոռ (Նոր հայկական Իշխանաշունչ)

Պապից թոռ` մի աթոռ (Նոր հայկական Իշխանաշունչ)

Авраам родил Исаака; Исаак родил Иакова; Иаков родил Иуду и братьев его... Азор родил Садока; Садок родил Ахима; Ахим родил Елиуда; Елиуд родил Елеазара; Елеазар родил Матфана; Матфан родил Иакова; Иаков родил Иосифа, мужа Марии, от Которой
родился Иисус, называемый Христос.






Սա` իմիջիայլոց, սովորական գիրք ծննդոց է, որ ամեն տոհմ կարող է ունենալ անունների տարբերությամբ: Պողոսյանների տոհմի մոտ, օրինակ, այն կարող է սկսվել այսպես` Պողոսը ծնեց Պետրոսին, Պետրոսը ծնեց Վարդգեսին, Վարդգեսը ծնեց Շմավոնին ու նրա որդիներին… Շմավոնի որդի Խաչիկը ծնեց Վաչիկին, Վաչիկը ծնեց Հրաչիկին, Հրաչիկը ծնեց Արմենչիկին…



 



Որպեսզի շատ չտանջեմ ընթերցողին, միանգամից ասեմ` որոշել եմ նորանկախ Հայաստանի Հանրապետության «Իշխանաշունչ» գրել, այլապես չգիտեմ, թե ուրիշ ով հետագայում կձեռնարկի այս գործը, ու ինչքա՜ն բան իրար կխառնվի այդ ժամանակ:



 



Հարմար գտանք սկսել ջրհեղեղից ու ջրերը քաշվելու պահից, երբ Լեւոնը, մեր փայ Աստծո սիրած որդիներից թերեւս ամենասիրելին ու նախընտրելին, մատը դուրս հանեց տապանի օդանցքից ու, տեսնելով, որ մատը չոր մնաց, հրամայեց խարիսխ նետել: Ու, քանի որ ջրերը քաշվել էին, խարիսխը զրնգալով կպավ ժայռերին ու կառչած մնաց այդպես: Ներսը ով կար` դուրս թափվեցին, տեսան մի դրախտ երկիր` քաղաքներ, գործարաններ, էլեկտրակայաններ, տեսան, որ նույնիսկ անասուններ կային այդ երկրում, թեեւ իրենք ամեն անասունից զույգ-զույգ տապան էին առել ջրհեղեղից առաջ: Ջրհեղեղ ասածն ուրիշ բան չհասկանաք: Դա սովետի քանդվելն է: Օ’քե՞յ:



 



Ինչ որ է, քանի որ շատ զրկանք էին կրել տապանում, օրերով մնացել սոված, վրա տվեցին ու սկսեցին ուտել ամեն բան, որպեսզի հագեցնեն իրենց քաղցը: Էլեկտրակայանները կանգ առան, գործարանները, երկաթամասը հանելուց հետո, փլուզվեցին, կենդանիները վերջացան, լույսը հովհարային կարգով մարմրեց ու մարեց վերջնականապես: Մոռացա պատերազմի մասին հիշեցնել: Հարեւան երկրում, երբ իմացան Լեւոնի տապանի կանգ առնելու մասին, ուզեցան այս դրախտավայր երկրից մի բան պոկել, ու Ղարաբաղ կոչվող երկրում պատերազմ սկսվեց: Բայց դա չխանգարեց ուտելու պրոցեսին, որովհետեւ, ինչպես ասացինք, տղերքը, տապանից իջած, քաղցած էին մի ուրիշ տեսակ:



 



Տեսնելով, որ սրա վերջը վատ է լինելու, եւ ամեն ինչ վերջացնելուց հետո միմյանց են ուտելու, Լեւոնը «ծնեց» Ռոբերտին: Սա շատ շնորհքով տղա դուրս եկավ, այնքան շնորհքով, որ Լեւոնի բազում «որդիները» սարսափելի նախանձով լցվեցին նրա հանդեպ: Իր «նորածին» որդուն Լեւոնը բոլորի գլխին վարչապետ կարգեց ու ասաց. «Ես տրվում եմ ընթերցանության, իսկ դու գնա աղետի գոտի (մինչեւ տապանի կանգ առնելն այս կողմերում ուժեղ երկրաշարժ էր եղել), վերականգնիր այն, լույսը միացրու, շինարարություն արա, մեր` այստեղ իջեւանելու կապակցությամբ արտագաղթած աբորիգեններին էլ տուն բեր»:



 



Ռոբերտը, մենք արդեն ասացինք, որ հունարով տղա էր, ամեն ինչ, ինչպես պատգամել էր «հայրը», կատարեց: Նախ չափավորեց բոլորի ախորժակները, ապա տարբեր տեղերում նշանակեց իր գլխավոր ուտողներին, որոնք հետագայում պետք է օլիգարխ կոչվեին: Տնտեսված փողերով Ռոբերտը մի քիչ աղետի գոտի վերականգնեց, մի քիչ շինարարություն արեց, մի քանի էլեկտրակայան աշխատացրեց, գազ քաշեց, մի քանի արտագաղթած մարդ հետ բերեց, տնտեսական աճի երկնիշ թվեր ցույց տվեց, ձեռքի հետ էլ` Ղարաբաղի հարցով զբաղվեց (վերոհիշյալ պատերազմը վերջացել էր, ու այդ ժամանակ բոլորը Ղարաբաղի հարցով մի քիչ զբաղվում էին` ռուսները, ֆրանսիացիները, ամերիկացիները, հայերը, նույնիսկ` ադրբեջանցիները): Բայց ամենակարեւորը՝ իր սերունդների համար միլիարդներ հետ գցեց, տարբեր բիզնեսների ու եկամուտ բերող ձեռնարկներին մասնակից դառնալով:



 



Աշխատանքով տարված` Ռոբերտը չնկատեց, թե ինչպես 10 տարին թռավ: Ուժերի ծաղկման շրջանում էր եւ չէր ուզում երիտասարդ թոշակառու դառնալ, բայց կարգ կար, որ 10 տարուց ավելի չի կարելի գլխավորել եւ իշխել: Վերջը որոշեց իր հոր օրինակով մի «որդի ծնել»: Որոշելն ու անելը մեկ եղավ: Ռոբերտը «ծնեց» Սերժին (հանդիպում է նաեւ Սերժիկ անվամբ): Բայց հազիվ էր Ռոբերտն իր Սերժ «որդուն» կարգել վարչապետ, երբ ընթերցանությունը դադարեցրած Լեւոն «հայրը», այսինքն, Սերժի «պապը», սենյակից դուրս եկավ ու ասաց` բա ո՞նց կլինի, ուզում եմ էլի իշխանավարել: Այդտեղ ամեն ինչ խառնվեց իրար: Տապանի ժողովուրդը, որ 10 տարի շարունակ ստիպված էր եղել չափավորել ախորժակը, ուտելիքի հոտից խելագարված, փողոց լցվեց` ցույց, ծեծուջարդ, սուգ, վայնասուն… Ռոբերտը ականջ չդրեց: Ամեն ինչ թողեց իր Սերժ «որդուն», բայց… եղավ արյուն: Սերժի ճակատին գրված էր, ասես, որ պիտի նմանվի մեր հին էպոսի Արտավազդին ու պիտի իրավունք ունենա իր Արտաշես հորը հանդիմանելու. «Ես այս արյունների վրա ինչպե՞ս թագավորեմ»: Եվ Ռոբերտը նրան ասաց. «Սա` դու, սա՝ քո Լեւոն «պապը», գնա, լեզու գտիր»: Ասաց ու որսի գնաց Մասիսն ի վեր, բայց դա, ըստ մեր հին էպոսի` Արտավազդի, այսինքն, Սերժի զբաղմունքը պետք է լիներ:



 



Ինչեւէ, Սերժն արեց, ինչպես պատգամել էր «հայրը»` փորձեց լեզու գտնել հալալ «պապի» հետ: Էլ երկխոսություն, էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, էլ քիրվայություն… ինչեր չարեց, որ «պապին» դուր գա: Հնար չեղավ: Այդպես նրա իշխելու հինգ տարին անցավ: Այդ ընթացքում Սերժին մի «որդի» ծնվեց, անունը դրեցին Տիգրան: Սերժն այնքան էր սիրում Տիգրանին, որ նույնիսկ իր ազգանունը տվեց նրան` Սարգսյան: Բայց այս Տիգրանը շատ անհաջող «որդի» դուրս եկավ, որովհետեւ եղածը քանդեց, այն մի քանի հոգուն, որ վերադարձել էին արտերկրից, քշեց Հայաստանից, իր դրախտավայր երկիրը թողած` սկսեց բիզնես անել արտասահմաններում ու այսպիսի բաներ: Տնտեսական առաջընթացի մասին էլ խոսք չկար, որովհետեւ կործանարար հետընթաց էր միայն:



 



Տեսնելով, որ Տիգրանից ոչինչ դուրս չի գա, իր իշխանավարմանը 4 տարի մնացած, Սերժը որոշեց նոր որդի «ծնել»: Եվ «ծնեց»: Նա իր «նորածին» որդուն բերեց, կանգնեցրեց գյուղամիջում ու հայտարարեց. «Ահա իմ Հովհաննես «որդին», որին կարճ անվանեցի Հովիկ, պիտի վարչապետի բոլորիդ գլխին ու արժանիորեն ժառանգի իմ իշխանավարությունը…»:



 



Այս պահի դրությամբ մեր նորանկախ երկրի Իշխանաշունչն ավարտվում է, բայց մենք կախման կետեր կդնենք, որովհետեւ «Լեւոնը «ծնեց» Ռոբերտին, Ռոբերտը «ծնեց» Սերժին, Սերժը «ծնեց» Տիգրանին եւ Հովիկին…» շարքը դեռ երկարելու է: Պոետը կասեր` կավարտվի այն ժամանակ, երբ արեւը մի բուռ մոխիր կդառնա: Եվ, բացի այդ, այս պահի գլխավոր հերոսի` Հովիկի հետ կապված հետաքրքիր զարգացումներ կան: Բանն այն է, որ հասարակությունը ոչ մի կերպ չի հավատում, որ Հովիկը Սերժի հալալ «որդին» է: Ասում են` վերցնովի է: Հայի բամբասանք, էլի: Բայց մյուս կողմից էլ` անկրակ ծուխ չի լինում: Օրերս բարեհաճել էր խոսել Հովիկի Ռոբերտ «պապը», թե նա իմ «որդիներից» է, եւ ես նրանից միշտ գոհ եմ եղել: Ի պատիվ Հովիկի, սակայն, պետք է ասել, որ նրան դուր չեկավ իր «պապի» այդ ինքնավստահ տոնը եւ, դեռ 10 օրական վարչապետ, հակադարձեց` ձեր ժամանակներն անցել են, ու ամեն «որդի» իր իսկական «հայրն» ունի:



 



Կապրենք` կտեսնենք, հարգելի Հովիկ Աբրահամյան: Գիրք ծննդոցների ամենահատկանշական կողմն այն է, որ ծննդաբանության մեջ սխալներ չլինեն: Այլապես ամեն ինչ խառնվում է իրար:



 



Էդիկ Անդրեասյան