Կուտակայինի հարցով կարծիքներն իրարամերժ են բոլոր ուժերում

Կուտակայինի հարցով կարծիքներն իրարամերժ են բոլոր ուժերում

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Քննարկման գլխավոր թեման «կուտակայինի» վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագիծն է:



 



Նախագծի վերաբերյալ առաջին ելույթն ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, ով ասաց, որ կառավարության ներկայացրած այս նախագիծը բավականին փոփոխվել է, էականորեն շտկում է իրավիճակը և տալիս է մի շարք հարցերի պատասխաններ:



 



«Թերևս որևէ մեկը չի ժխտի, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծվել է մի իրավիճակ, որ սուբյեկտիվ, թե օբյեկտիվ պատճառներով, ՍԴ որոշման վերաբերյալ մեկնաբանությունները տրամագծորեն հակադիր են. արմատապես իրար հակասող մեկնաբանություններ, տրամաբանության հակառակ բևեռներ: Շատերի կարծիքով ՍԴ որոշումը նշանակում էր, որ պետք է պարտադիր կուտակային վճարը պահպանվի մինչև սեպտեմբերի 30-ը, այն է` կառավարությանը և խորհրդարանին տրված ժամկետը` իրականացնելու ԱԴ իրավական դիրքորոշմանը համապատասխանող փոփոխություններ»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:



 



Նա նաև նկատեց, որ այս հարցով երկխոսելու եզրերը բավականին հեղհեղուկ են, և բարդ է պատկերացնել մի իրավիճակ, որ այսպիսի արմատապես հակադիր դիրքորոշումների պայմաններում հեշտ է գտնել երկխոսելու եզրեր:



 



Արփինե Հովհաննսիյանից հետո ելույթ ունեցով ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկեր, ներկայիս ընդդիմադիր ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով նշեց, որ իրենց նպատակն այն է, որ պարտադիրը փոխարինվի կամավորով:



 



«Գլխավոր հարցը մեզ համար մնում է այն, թե արդյոք մենք պե՞տք է օրենքով սահմանենք, ունենանք այդ պարտադիր կուտակային բաղադրիչը, թե՞ ոչ: Քանի որ լրամշակված նախագծում, ի տարբերություն այն նախագծի, որը շրջանառության մեջ էր դրվել և վերաբերում էր միմիայն 76-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչելուն, հիմա, իհարկե, ավելացվել է դրույթ, համաձայն որի` վարձու և պայմանագրային աշխատողներից չի պահվում այդ կուտակային վճարը, եթե նրանք դիմում են ներկայացրել, որ չեն ցանկանում իրենցից պահվի այդ գումարը: Հիմա այս փոփոխությունը տեղի է ունեցել, բայց պարզ չէ` ինչպես է լուծվելու այն հարցը, որ թվով 127.000 քաղաքացիներից արդեն իսկ պահվել են այդ գումարները»,-ասաց ՕԵԿ-ական պատգամավորը և ընդգծեց, որ իրենց խնբացկութոյւնը շրջանառության մեջ է  դրել մի նախագիծ, որով հստակ նախատեսվում է պարտադիր կուտակային բաղադրիչը ամբողջությամբ հանել օրենքից:



 



ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանն էլ իր ելույթում ասաց, որ այս անգամ օրենքի նախագիծը որևէ տարակարծություն և հասակական բան չի պարունակում, և, իր ձևակերպմամբ, «պարտադիր բաղադրիչն այլևս չկա», ուստի այս առումով կառավարությունը գոհացրել է ընդդիմությանը իր այս նախագծով: Հետևաբար, ինչպես նշեց Ա. Մինասյանը, որ ՀՅԴ խմբակցությունը կողմ կքվեարկի:



 



Հակառակ դրան` միանգամայն դեմ կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցությունից Լևոն Զուրաբյանը, ով նշեց, որ կառավարությունը, իրականում, չի ցանկանում պարտադիր բաղադրիչը հանել:



 



«Ակնհայտ է, որ իշխանությունն ուզում է այս համակարգը պահել ամեն գնով ու մինիմալ զիջումների գնալ: Կառավարությունն իրականում չի ուզում պարտադիր բաղադրիչը վերացնել: Ներկայացված օրինագիծն ուղղակի խաբեություն է»,- ասաց Զուրաբյանն ու ՀԱԿ խմբակցության անունից հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ