ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցի արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ։ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը տարածաշրջան են այցելել մայիսի 16-ից 19-ը:



 



Ինչպես նշված է հայտարարությունում՝ այցի հիմնական նպատակն է եղել Լեռնային Ղարաբաղում, Քարվաճառում և Բերձորում իրավիճակին ծանոթացումը՝ համաձայն իրենց ունեցած մանդատի:



 



«Ճանապարհորդելով այս տարածքներով՝ նրանք (համանախագահները) ենթակառուցվածքներում բարելավման նշաններ են նկատել, բայց չեն նկատել վերջին տարիներին բնակչության թվաքանակի փոփոխության որևէ նշան»,- ասված է հայտարարությունում։



 



Համանախագահները նաև այցելել են Սարսանգի ջրամբար և քննարկել դրա կարգավիճակը կառավարիչների հետ։ Նրանք հույս են հայտնել, որ կողմերը համաձայնության կհասնեն այս ջրային ռեսուրսները համատեղ կառավարելու հարցում՝ ի շահ տարածաշրջանի:



 



Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, մայիսի 19-ին համանախագահները հատել են շփման գիծը Տերտերի մոտակայքում: Նրանք իրենց ափսոսանքն են հայտնել հրադադարի շարունակվող խախտումների և դրանց հետևանքով առաջացած մարդկային զոհերի վերաբերյալ: «Հրադադարի այս խախտումները քննելու մեխանիզմի բացակայությունը թույլ է տալիս կողմերին մեղքը բարդել մեկը մյուսի վրա»,- ասված է հայտարարությունում:



 



Այցի ընթացքում համանախագահները հանդիպել են Երևանի և Բաքվի պաշտոնատար անձանց հետ։ «Հանդիպումների ընթացքում նրանք քննարկել են խաղաղության գործընթացը և ընդգծել, որ խնդրի տևական կարգավորման հիմք են շարունակում մնալ 2009-ից 2013 թվականներին համանախագահող երկրների նախագահների կողմից արված հայտարարություններում նշված բաղադրիչները»,- նշվում է հայտարարության մեջ: