Տարոն Մարգարյան և Ռոբինզոն Կրուզո (համեմատական ռեֆլեքսաբանություն)

Տարոն Մարգարյան և Ռոբինզոն Կրուզո (համեմատական ռեֆլեքսաբանություն)

Ինչ արեց Ռոբինզոն Կրուզոն անմարդաբնակ կղզում և ինչ է անում Տարոն Մարգարյանը 1,2 միլիոնանոց Երևանում: Նրանց գործողություններում, որքան էլ տարօրինակ թվա, նույնություններ կան:



 



Ոչ բառացի հիշենք Ռոբինզոնի մենախոսություններից մեկը.



 



-Տարօրինակ արարած է մարդը: Նա ուզում է նավակ պատրաստել: Դրա համար ընտրում է կղզու ամենահաստաբուն ծառը, հսկայական ուժեր է վատնում` կտրելու այն, տարիներ են անցնում, նավակը պատրաստում է, բայց պարզվում է, որ ուժերը չեն բավարարում` այն ծովին հասցնելու:



 



Որքա~ն գործեր սկսեց Տարոն Մարգարյանը, որոնք ՙծովին՚ չհասան: Իր քաղաքապետության արշալույսին Մաշտոցի պուրակն էր, երբ մի քիչ տարիք առավ` որոշեց տրանսպորտը թանկացնել և հիմա, երբ Ռոբինզոնի ասած` տարիքն առած և հասուն տղամարդ է, որոշել է Միկոյանի արձանը տեղադրել: Ուզում ենք հարցնել` հարգարժան քաղաքապետ, քանի՞ անգամ կարելի կտրել կղզու ամենահաստաբուն ծառը, որպեսզի վերջնականապես համոզվեք, որ այն չեք կարող ծովին հասցնել: Հուսանք` ՙկրկին փորձիր՚ չեք խաղում, չէ՞:



 



Միկոյանի արձանի տեղադրումով, հնարավոր է Երևանի փողոցներում անկարգություններ սկսվեն: Սխալ չհասկանաք: Ես ամենևին էլ ակտիվիստների, քաղաքական ուժերի և մտավորականների անկարգությունները նկատի չունեմ: Կարծում եմ մեր շատ երևելիների արձաններ Միկոյանի արձանի 7-ն ու քառսունքը մի տեղ կանեն: Օրինակ` փաստ է, որ Մարտիրոս Սարյանը Անաստաս Միկոյանին անվանել է ՙէշի գլուխ՚: Հիմա, եթե այդ նույն Մարտիրոս Սարյանը ձեռքի եղած-չեղածը տա Միկոյանի գլխով` ո՞վ է պատասխան տալու, Երևանի ավագանի՞ն, թե էլի վազելու են Վլադիմիր Գասպարյանի հետևից, թե արի, տես ինչ եղավ:



Նույն այդ Անաստաս Միկոյանը Թումանյանի տղայի գլուխն էլ կերավ: Թումանյանի կինը, երբ Անաստասը եկել էր մեծ բանաստեղծի տուն-թանգարանի բացմանը, նրա առաջը կտրեց, թե` անստվածը Օհաննեսի տուն մտնելու իրավունք չունի:



 



Իսկ ի՞նչ կանի Միկոյանին անգերեզման Չարենցը… հենց թեկուզ Ավետիք Իսահակյանը: Դուք նրա ձեռնափայտը տեսե՞լ եք: Մի մտածեք, որ ինչ է ինքը ողջ մնաց 37-ին` Միկոյանի դեմ բան չունի: Միամիտ չլինեք: Բա Տերյա՞նն ինչ կաներ Միկոյանին` հայտնի ՙԹուրքահայաստանի՚ ծրագիրը տապալելու համար:



 



Միկոյանի արաձանը չսիրողների բանակը նրա ժամանակակիցներով չի ավարտվում: Հայկի, Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի արձաններից ո՞ւր է փախչելու, որտե՞ղ է պատսպարվելու, երբ նրանց ցույց տան հայտնի փաստաթուղթը` հազարավոր հայերի կոտորելու խնդրանքով` ուղղված առ ժողովուրդների հայր Ստալինը:



 



Անկարգություններն իրենց հերթին, բայց, հարգելի Տարոն Մարգարյան և Երևանի ՀՀԿ-ա-ԲՀԿ-ական ավագանի, ձեզ չի թվո՞ւմ, որ ինչքան էլ հանճարեղ գործիչ եղած լինի Միկոյանը, նրա արձանը Երևանում առանց Ստալինի ու Լենինի չի նայվի: Բա ի՞նչ անենք, գուցե նրանցն է՞լ վերականգնենք:



 



Նորից Գանք Ռոբինզոնին: Այս Ռոբինզոնը շատ չարչարվեց, մինչև Ուրբաթին բացատրեց Աստծո և Բենամուկի տարբերությունը` Աստված բարի է, Բենամուկը չար, Աստված երկնքում է նստում, Բոնամուկը լեռան մեջ, Աստըված չի թողնում վատ բաներ կատարվեն, իսկ Բենամուկը չի կասեցնում մարդակերությունը: Քանի որ Ուրբաթը մի կերպ, այն էլ Ռոբինզոնի օգնությամբ էր ազատվել իր մարդակեր ցեղակիցների ճանկից, սկզբում հավատում է: Իսկ երբ Սպիտակ մարդիկ են գերիներին ափ հանում, նրա մեջ դարձյակ խոսում է Բենամուկը, և նա դիմում է Ռոբինզոնին` բա ինչո՞ւ Աստված թողի ձեր մարդեր ուտել մարդ:



 



Այս դրվագի գաղափարախոսության հիմքն այն է, որ Աստված և Բենամուկ իրականում կապ չունեն, երբ մարդը անխելք ու անպատասխանատու է լինում: Հիմա եկել, մեզ համոզում եք, որ մեր Բենամուկին մոռանանք ու բոլշևիզմի աստծուն պաշտենք, ինչ է, թե Միկոյանը կարիբյան ավազանի ճգնաժամի կարգավորման գործում դերակատարություն է ունեցել: Իսկ դա ի՞նչ կապ ունի մեզ հետ: Այդ մարդը աշխարհը փրկել է, բայց հայերին կոտորել: Մենք հավ պիտի լինենք, որ պաշտենք այդ մարդում: Ուրբաթը, նույնիսկ, դիմադրում էր Ռոբինզոնին: Բայց մենք հո Ուրբաթը չե՞նք ձեզ համար, որ շարունակ համոզում եք ու մուննաթ գալիս վրաներս:



 



Արդյոք արդեն կայացրած որոշո՞ւմն է պատճառը, որ ամեն անգամ այս հարցը բզբզում են: Չեմ կարծում: Երևանի ավագանին իր կիսամտավորականներով էն քաշը չունի, որ, ինչպես ասում են, հետևողականորեն գնա իր որոշման կատարման հետևից: Եթե այս որոշումը վերաբերեր աղբը երևանից դուրս հանելու ժամին, գուցե ավելի լուրջ մի բան լիներ: Բայց Միկոյանի արձան դնել-չդնելու հարցը, որքանով ծանոթ ենք այդ ավագանու էությանը, իրենց բոյից մեծ գործ է, հետևաբար նաև մի ծրագիր, որին Երևանի ավագանին մասնակցում է, որովհետև հրահանգված է մասնակցել:



 



Կարելի է փորձի համար հետ քաշվել և Տարոն Մարգարյանին ասել` խնդրեմ, հարգելի քաղաքապետ, դրեք այդ արձանը: Վստահեցնում եմ ձեզ` չեն դնի: Չեն համարձակվի դնել, որովհետև իրենց չեն հրահանգել` դնել, այլ հրահանգել են որոշումը կայացնել ու անընդհատ բզբզել: Իրենց հրահանգել են այդ հարցի շուրջ այնպիսի աղմուկ բարձրացնել, որ մինչև Բրյուսել, Մոսկվա ու Աստանա լսեն: Այդ մասին վերևները հարկ չեն համարել մեզ տեղյակ պահել ու հիմա այսպես, բանից անտեղյակ, կոտորում ենք մեզ` ապահովելով ՙՏարոն ջան սիրուն չի՚ սերիալի մասովկան:



 



Դրեք, թողնում ենք:



 



Ուղղակի հետո չասեք, թե ո՞վ տվեց, Միկոյանի արձանի գլուխը ճղեց և կամ ինչո՞ւ հերթական նավակը չհասավ ծովին: