ՀՀԿ-ական լինելը չի՞ խթանում մանկավարժների կարիերայի զարգացմանը

ՀՀԿ-ական լինելը չի՞ խթանում մանկավարժների կարիերայի զարգացմանը

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ով նաեւ գործող մանկավարժ է (դասավանդում է ԵՊՀ-ում), մինչ պատգամավոր դառնալը եղել է Երեւանի թիվ 43 դպրոցի տնօրենը, 2006-ից ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, իսկ 2012-ից՝ «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ: Հայտնի է նաեւ նրանով, որ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի մտերիմ ընկերուհին է ու շատ ջերմ հարաբերությունների մեջ է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ։ Տիկին Մուրադյանին պատգամավորական աթոռին հասցրել է նրա ՀՀԿ-ական լինելը, քանի որ դպրոցի տնօրենները մեզանում ընտրությունների ժամանակ մեծ ծառայություններ են մատուցում իշխանությանը։ Ով ավելի լավ է մատուցում, նա էլ լավ առաջ է գնում՝ ընդհուպ մինչեւ անձեռնմխելիության աստիճան։ Այս ամենի, ինչպես նաեւ դպրոցներում համատարած կուսակցականացման մասին խոսեցինք Ռուզաննա Մուրադյանի հետ։



 



- Դուք, որպես մանկավարժ ու ՀՀԿ-ական պատգամավոր, ի՞նչ եք անում, որ դպրոցները չկուսակցականացվեն եւ ընտրություններում տնօրեններն ու ուսուցիչները «գլուխ չջարդեն»  ՀՀԿ-ին ձայն բերելու համար։



- Ուրեմն հարցի մեջ առաջին մասի ձեւակերպման՝ «որպեսզի կուսակցականություն» չլինի, համաձայն եմ, դա արդեն պրոֆեսիոնալ լրագրողի ձեւակերպում էր։ Բայց որ մասնավորեցնում եք Հանրապետականը, տարիներ առաջ էդ նույնը «Օրինաց երկիրն» էր…եկեք, ուրեմն, սկսենք այդ տարիներից։ Համաձայն եմ, որ էսօր Ձեզ էդ հարցը մտահոգում է, բայց նաեւ մենք պիտի իմանանք, որ յուրաքանչյուր մանկավարժ նաեւ քաղաքացի է, յուրաքանչյուր քաղաքացի ունի իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու, իր քաղաքացիական ակտիվությունն իրացնելու տարբեր ձեւեր։ Դրանցից մեկն է նաեւ որեւէ կուսակցության անդամ լինելը։ Էնպես որ, ես չեմ գտնում, որ դա էն թեման է, որը պիտի խանգարի մանկավարժին։ Ես համաձայն եմ, որ մանկավարժն իր աշխատանքի ընթացքում չպիտի զբաղվի իր կուսակցական գործունեությամբ։ Լավ մանկավարժը, հաստատ, որ ուզենա էլ, ժամանակ չի ունենա իր ընդհանուր աշխատանքային պրոցեսում զբաղվել այլ գործունեությամբ։



- Խոսքը հատկապես ընտրությունների շրջանում ՀՀԿ-ի համար ձայն բերելու քարոզչական գործի մասին է, որին լծվում են տնօրենները։



- Չկա նման բան, ես չեմ ընդունում, որ կա։ Եվ իրոք, անկեղծ, իրականում չեմ ընդունում, որովհետեւ դա պարզապես ուրիշ մի բան է։ Սա այդ ժամանակ արդեն՝ ընտրությունների նախաշեմին, բոլորի ուշադրությունն այնքան է կենտրոնանում, այ, Ձեր իսկ բարձրացրած արհեստական խնդրին, որ ինքնըստինքյան ոնց որ արհեստականությունից փորձում եք դարձնել բնական։ Այդպիսի բան չկա, մանկավարժները շարունակում են իրենց մանկավարժական գործունեությունը, տնօրենները՝ իրենց տնօրենի գործունեությունը, իսկ դրանից հետո յուրաքանչյուրը, բնականաբար, եթե որեւէ կուսակցության անդամ է, նաեւ իր կուսակցական գործն է անում։ Մանկավարժը մինչեւ օրվա որոշակի հատված է իր մանկավարժական գործունեությամբ զբաղվում։



- Մենք բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել, որ դպրոցի տնօրենը նաեւ ՀՀԿ-ական է, ընտրություններում էլ ՀՀԿ-ի կողմից հանձնաժողովի նախագահ է լինում ու դպրոցում էլ ակտիվորեն զբաղվում է քարոզչական գործունեությամբ։ Ի դեպ, Դուք էլ էիք ՀՀԿ անդամ, երբ դպրոցի տնօրեն էիք։



- Դուք մասնավոր օրինակ եք բերում։ Բայց բան չունեմ ասելու, կարող է նաեւ… բա իհարկե, ես էլ եմ հանրապետական եղել իմ դպրոցում, բայց դա չի խանգարել իմ դպրոցական գործունեությունը շատ լավ կազմակերպելուն, դա չի խանգարել կրթական խնդիրները բարձրացնելուն, այդ խնդիրներին լուծում տալուն ակտիվ մասնակցելուն։ Ես ինքս 2000 թվականից ակտիվորեն մասնակցել եմ կրթական համակարգի պրոբլեմներին, խնդիրներին եւ բարեփոխումներին։ Այսինքն՝ ոչ միայն խնդիր եմ բարձրացրել, այլ նաեւ լուծողների աշխատանքային խմբերում եմ եղել։ Ակտիվորեն մասնակից եմ եղել բարեփոխումների շատ ու շատ ծրագրերին։



- Ընտրությունների ժամանակ քարոզչությամբ չե՞ք զբաղվել։



- Ասենք, քարոզչությունը քո աշխատանքի մեջ չի տեղավորվում։ Բայց ես նաեւ ՀՀԿ կանանց խորհրդի գաղափարաքարոզչական հանձնախմբի քարոզչության անդամ եմ, առանց այդ էլ իմ գործունեությունը կանանց խորհրդում արդեն բոլորովին այլ հարթության մեջ ա եղել։



- Իսկ ուսուցիչների շրջանո՞ւմ։



- Ուսուցիչների շրջանը դրա հետ կապ չունի։ Ձեր պատկերացումները, ես չեմ կարող ասել՝ սխալ են կամ ճիշտ են, որովհետեւ Դուք Ձեր դիտարկումն ունեք, բայց Ձեր պատկերացումները ընդհանուր առումով կուսակցական գործունեությունը ճիշտ չեն բնութագրում, ինձ կներեք, բայց էդպես ա, կուսակցական գործը դա լրիվ ուրիշ բան է, մանկավարժական գործը լրիվ ուրիշ բան է, եկեք չխառնենք իրար։ Առանց էդ էլ մեր մանկավարժների վարկանիշը բարձրացնելուն մենք բոլորս պիտի ամեն ինչ անենք, որ ոչ թե մանկավարժի վարկանիշը գցենք, այլ բարձրացնենք, որովհետեւ մենք էսօր ունենք այդ խնդիրը։



- Իսկ երբ մանկավարժը կուսակցականացվում է դրանով ինքն իր վարկանիշի վրա չի՞ ազդում։ Դուք՝ օրինակ, կուսակցականացվել եք։



- Չկա նման բան։ Բժիշկն էլ է կուսակցականացվում, ինչի՞ եք մենակ մանկավարժին ասում։ Չկա նման պարտադիր բան, որ անկախ իր կամքից կուսակցականացվի։ Ամեն մարդ ինքն է որոշում։ Ես եմ որոշում իմ քաղաքական, կուսակցական կամ այլ դիրքորոշումները։ Տարիներ առաջ, երբ մարդիկ տարբեր կուսակցության անդամներ էին, ես շատ երկար ժամանակ ոչ մի կուսակցության անդամ չէի։



- Միգուցե որոշել եք, որ ՀՀԿ շարքերը համալրելը կխթանի Ձեր կարիերայի զարգացմանը, դրա համա՞ր եք անդամագրվել այդ կուսակցությանը։



- Տեսեք, եթե մի բանը Դուք ձեւակերպում եք «միգուցե»-ով, ես Ձեզ հետ համաձայն չեմ։ Ոչ, էդպես չեմ որոշել։ Երբ ես դարձել եմ կուսակցության անդամ, բացարձակապես չեմ էլ մտածել, որ իմ կարիերայի համար ինչ-որ բան անեմ, ես մտածել եմ, որ էդ կուսակցության գաղափարախոսությունը շատ հոգեհարազատ է իմ գաղափարախոսությանը, շատ հոգեհարազատ է այն արժեքներին, որ ես կրում եմ։



- Ամեն դեպքում՝ ՀՀԿ-ական դառնալուց հետո Ձեր կարիերան զարգացում ապրեց։ Դուք տնօրեն էիք, հիմա պատգամավոր եք։



- Դե, զարգացում ապրեց, որովհետեւ ես նվիրված աշխատեցի, ես ինչպես նվիրված մանկավարժ եմ… ես որպես մանկավարժ էլ իմ կարիերայում բավականին առաջընթաց ունեցել եմ՝ որպես դպրոցի տնօրեն։ 2006 թվականին ճանաչվել եմ Հայաստանի Հանրապետության տարվա լավագույն տնօրեն եւ դա մրցույթով եմ անցել, դրանից առաջ շատ ու շատ մրցույթներ հաղթահարել եմ, եւ եթե պետք է եղել ինչ-որ տեղ ինչ-որ կոնֆերանսի մասնակցել մրցույթի արդյունքում, անցել եմ այդ մրցույթում։ Ու այդ ժամանակ ես ՀՀԿ-ական չեմ եղել։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ