Բնապահպանության նախարարությունն «ունքը չդզեց, աչքն էլ հանեց»

Բնապահպանության նախարարությունն «ունքը չդզեց, աչքն էլ հանեց»

«Ըստ էության առաջին օրվանից պարզ դարձավ, որ այդ մեթոդաբանությամբ  և այդ մասնագիտական ունակություններով հնարավոր չէ նորմալ օրենք գրել»․Լևոն Գալստյանը 3 ամսից դուրս է եկել նոր օրենքի մշակման ծրագրի մասնակցությունից։



Բնապահպաններն ահազանգում են, որ բնապահպանության նախարարության կողմից ընդունված նոր օրենքը չափից դուրս ռիսկային է․ «Ավելի վատացել է օրենքը , քան նախկինում մենք ունեցել ենք։ Պրոցեսները դժվարացել են, ուղղակի խառնաշփոթ է։ Նոր օրենքի ընդունման ամբողջ իմաստը եղել է Օրհուսի կոնվենցիային համապատասխանեցումն ու կատարումը»․ նշում է «Հայաստանի անտառներ» հկ-ի նախագահ Նազելի Վարդանյանը։ Վերջինս կետ առ կետ մատնանշեց նոր օրենքի բացթողումներն ու ռիսկային կետերը։



 



Նազելի Վարդանյանի կարծիքով օրենքն ըստ էության հետադարձել է, առաջընթաց գործելու փոխարեն․ «Գործընթացները պետք է շատ դյուրին լինեն և պարզ, որ ցանկացած մարդ կարդա և հասկանա։ Նոր օրենքով ամեն ինչ բարդացվել է։ 3 խմբի են բաժանված գործունեության տեսակները՝ առաջին երկուսի համար պետք է և՛ գնահատում, և՛ փորձաքննություն, երրորդ խմբի համար փորձաքննություն պետք չի։ Եվ այնպիսի շարադրանք է գրված օրենքի մեջ, որ անհասկանալի է, ինչ գործընթացով պետք է արվի։ Խառնաշփոթ է։ Հէկ-երն էլ ընկել են երրորդ խմբի մեջ, այսինքն՝ փորձաքննություն պետք չէ։ Հասարակության մասնակցությունը նվազագույնի է հասցված»։



Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն էլ տեղեկացրեց, որ իրենք նամակով դիմելու են նախագահ Սերժ Սարգսյանին։



«Հկ-ները շոկի մեջ են։ Այն ակտիվությունը որ այսօր ունենք, այլևս չի լինի։ Կարող է ընդհանրապես հանրային լսում չլինել։ Մեխանիզմ է ստեղծված, որպեսզի հանրային մասնակցությունն ընդհանրապես չլինի»։



Դե նորություն չէ, որ մեր կառավարությունը հակված է ընդունել օրենքներ, որոնք ունքը դզելու փոխարեն, աչքն են հանում․«Քաղաքաշինության ամբողջ բլոկը դուրս է մղվել օրենքից, և ինչ ուզեն այն էլ կանեն։ Հասարակությունը ժամանակ պետք է ունենա ծանոթանալու փաստաթղթերին և կարողանա իր եզրակացությունը գրել։ Առաջ տրված էր 45 օր, իսկ այսօր ընդամենը 7 օր»։



 



Սիրան Հունանյան