«Ոսկե ծիրանի» հյուրերն ու ֆիլմերը

«Ոսկե ծիրանի» հյուրերն ու ֆիլմերը

«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի էլ կաշխուժացնի քաղաքի ամառային կյանքը. 7 օր շարունակ երեւանյան հանդիսատեսին կներկայացվեն փառատոնի մրցութային եւ արտամրցութային ֆիլմերը, երեւանյան պրեմիերաները, վարպետության դասերը, պատվավոր հյուրերը։ Չնայած այս տարի փառատոնի գլխավոր իրարանցումը դարձավ համաշխարհային եւ հարավկորեական ժամանակակից կինոյի դեմքերից Կիմ Կի-դուկի մասնակցությունը փառատոնին՝ պատվավոր հյուրի կարգավիճակում, բայցեւայնպես, քիչ չեն այն դեմքերը, որոնք իրենց ներկայությամբ ու վարպետության դասերով կլցնեն փառատոնային առօրյան։ Մասնավորապես, օպերատորական արվեստի վերաբերյալ վարպետության դաս կանցկացնի ավստրիացի կինեմատոգրաֆ, օպերատոր Քրիստիան Բերգերը: Ռեժիսորական արվեստի մասին կխոսի չինացի հռչակավոր ռեժիսոր Ցզյա Չժան-կեն: Վարպետության դասով հանդես կգա կինոգետ, Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն Ռիչարդ Պենյան: Սցենարական արվեստի գաղտնիքները ներկայացնող վարպետության դաս կանցկացնի գրող, վիպասան, սցենարի հեղինակ եւ գրական թարգմանիչ Պետրոս Մարկարիսը, իսկ դերասանական արվեստի վերաբերյալ՝ ֆրանսիացի անվանի դերասանուհի Աննա Մուգլալիսը:



 



Տպավորիչ է նաեւ այս տարի փառատոնին ներկայացված ֆիլմերի թիվը. ներկայացված ավելի քան 1500 հայտերից (շուրջ 95 երկրից) փառատոնի մրցութային 4 ծրագրում մասնակցության համար ընտրված է ընդհանուր թվով մոտ 70 ֆիլմ, այդ թվում. 10-ը՝ միջազգային խաղարկային, 12-ը` միջազգային վավերագրական, 18-ը` հայկական համայնապատկեր (որից 7-ը` լիամետրաժ խաղարկային, 6-ը` կարճամետրաժ, իսկ 5-ը` վավերագրական) եւ մոտ 30-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում: Ինչ վերաբերում է արտամրցութային ծրագրին, ապա այս տարի ֆիլմերի արտամրցութային ծրագրում ընդհանուր թվով կներկայացվի մոտ 100 ֆիլմ:



 



«Երեւանյան պրեմիերաներ» ծրագրում ներկայացվելու են միջազգային մեծ հնչեղություն ստացած մի շարք ֆիլմեր: Մասնավորապես` ծրագիրը կներառեն Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր թուրք ռեժիսոր Նուրի Բելգի Ջեյլանի «Ձմեռային քուն», նույն Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցույթից ռեժիսորներ Ժան Պիեռ եւ Լյուք Դարդեններ՝ «Երկու օր, մեկ գիշեր» ֆրանս-իտալական, Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր չինացի ռեժիսոր Յինան Դիայոյի «Սեւ ածուխ, բարակ սառույց» ֆիլմերը: Կներկայացվի երկու վավերագրական ֆիլմ` Երվանդ Ջանիկյանի եւ Անջելա Ռիչի Լուկկիի հեղինակած «Բարբարոս երկիր» եւ Վիտալի Մանսկու` Գրիգոր Նարեկացուն նվիրված «Գիրքը» ֆիլմերը: Քշիշտոֆ Զանուսիի 75-ամյակի կապակցությամբ կցուցադրվի նաեւ Կաննի կինոփառատոնի կրկնակի մրցանակակիր, 1980 թ.-ին նկարահանված «Անփոփոխ գործոն» ֆիլմը: Հետահայաց ցուցադրությունների ծրագիրը նույնպես հագեցած է լինելու, այստեղ կներկայացվի համաշխարհային մեծության հինգ ռեժիսորի ֆիլմերի ընտրանի: Մասնավորապես, աշխարհահռչակ կինոռեժիսորներ Սերգեյ Փարաջանովի, Կիմ Կի-դուկի (Հարավային Կորեա), Ցզյա Չժան-կեի (Չինաստան), Օթար Իոսելիանիի (Վրաստան-Ֆրանսիա) եւ Ամոս Գիտայի (Իսրայել) ֆիլմերը: Փառատոնի շրջանակներում «Փարաջանովյան թալեր» մրցանակով կպարգեւատրվեն Կիմ Կի-դուկը, Ցզյա Չժան-կեն, Օթար Իոսելիանին եւ Ամոս Գիտային, ովքեր փառատոնը կպատվեն իրենց ներկայությամբ:



 



Այս տարի փառատոնը համալրվել է նաեւ մի շարք նոր խորագրերով, ինչպիսիք են «Սոցիալական փոփոխությունների կինո», «Ուկրաինական պոետիկ կինո», «Նոր գերմանական կինո» ծրագրերը։ Ինչ վերաբերում է փառատոնի բացման եւ փակման ֆիլմերին, ապա կինոփառատոնը կմեկնարկի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությամբ եւ կփակվի ֆրանսիացի աշխարհահռչակ ռեժիսոր Ժան-Լյուք Գոդարի «Հրաժեշտ լեզվին» Կաննի մրցանակակիր ֆիլմով: Մնում է հաշվել օրերը եւ սպասել փառատոնի մեկնարկին։



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]