ՍԱՌՆԱՍՐՏՈՐԵՆ

ՍԱՌՆԱՍՐՏՈՐԵՆ

Բնավորության «դրական» գիծ, որի դեպքում ամենատարբեր, այդ թվում նաեւ վտանգավոր իրադրություններում պահպանվում է հանգստություն ու ինքնատիրապետում, կշռադատված վճիռներ կայացնելու ընդունակություն: (Պայմանավորված է նաեւ անտարբերությամբ, որը չի կարող բնավորության դրական գիծ համարվել։)




Մինչպատերազմյան իրավիճակում սառնասրտության խնդիրն առաջնայնություն չունի: Սակայն ամեն բան փոխվում է, երբ սահմանից եկող լուրերը դառնում են տագնապալի եւ օրակարգային: 20-րդ դարասկզբին վիեննական մամուլի գործող դեմքերից մեկը՝ գրող, հրապարակախոս Կառլ Կրաուսը, մարդկանց խորհուրդ էր տալիս արթնանալ կեսօրին՝ բաց թողնելով օրվա առաջին կեսի լրահոսը եւ դրանով զերծ մնալ խարխուլ, չփաստարկված տեղեկատվությունից, որտեղ ճշմարտությունը նենգորեն եղծվում է:
Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում վերջին շրջանի լարվածության մասին տեղական եւ օտարագիր լրահոսում ինչ ասես սղվում է: Բոլորն էլ երեւի թե գիտեն, որ այս մենամարտում տեղեկատվական պատերազմը, քարոզարանի աշխատանքը վճռորոշ դերակատարություն են ունենալու, եւ անճշտությունը, հուզառատ ալեկոծումներից հետո ափ նետված սխալ լրատուն, աճելով ու տարածվելով, կարող է ավերիչ, անվերականգնելի հետեւանքներ թողնել:




Հույզերը, անձնական եւ ոչ անձնական կարծիքները, լոզունգները, կոչերը տեղեկատվություն համարվել չեն կարող, բայց դրանք շրջանառության մեջ են եւ շատ ժամանակ գերիշխում են իրական լրատվությանը: Բազմիցս հորդորվում է դադարեցնել ադրբեջանական կայքերի ապատեղեկատվության տարածումը սոցիալական կայքերում ու բլոգներում, տուրք չտալ նեղմիտ սադրանքներին, չընկնել դրանց թակարդը եւ ավելի ու ավելի չխճճել իրականությունը: Այսօր շարունակական ֆրուստրացիաների ու հոգեկան ցնցումների արդյունքում առաջ եկած հիստերիան, որ դանդաղորեն կարող է սողոսկել լրատվական դաշտ եւ առաջացնել մեծ խուճապ, միանշանակ, լուրջ վնաս կհասցնի իրենց կյանքի գնով սահմանը պահող մեր զինվորներին ու, ընդհանուր առմամբ, բանակի հետագա քայլերին:




Երբ հնչում են կրակոցները, գեղագիտական զգացմունքների ժամանակը չէ: Գեղագիտական տեղեկատվությունը մոլեռանդների ու հոգեթովների սիրած զբաղմունքն է, պարապ վախտի խաղալիքը: Այս հաղթանակը հնարավորինս սառնասրտորեն պիտի տանել:



Արամ ՊԱՉՅԱՆ