Շոտլանդիան և Շոտլանդիան

Շոտլանդիան և Շոտլանդիան

Քաջասիրտների երկիր Շոտլանդիայում անկախության հանրաքվե է անցկացվում: Շոտլանդացիները դարեր են սպասել, ու հիմա, գուցե արդեն ժամեր անց, նրանք ի վերջո ձեռք կբերեն այն անկախությունը եւ ազատությունը, որ միշտ սահմանվել է Լոնդոնի կողմից:



Լեռնազանգվածներով հարուստ Շոտլանդիան միշտ էլ իր ուրույն հմայքն ունեցել է: Ես հիշում եմ, թե մեզ վրա ինչ տպավորություն էր թողել Մել Գիպսոնի «Խիզախ սիրտը» պատմական դրաման: Մենք դարձել էինք անգլիական հարստահարությունների դեմ շատ ժամանակ մեն մենակ պայքար տվող Ուիլիամ Ուոլլեսներ:
Ու իրոք՝ Ուոլլեսը կինոյի միջի տղեն էր:



Նրա զգացմունքայնությունը, նրա սերը Շոտլանդիայի հանդեպ, ֆիլմում շոտլանդական լեռների մեղմ կանաչությունը, մառախուղը, անձրեւը, պարկապզուկի սքանչելի մեղեդայնությունը եւ մեր երկրների ճակատագրի նմանությունը մեր ներսում մի տեսակ ջերմ զգացողություններ էին առաջացնում: Ֆիլմի վերջում անգլիացիներն Ուոլլեսին տանջամահ անելով՝ գլխատում են: Հոգեվարքի մեջ նա հավաքում է ուժերն ու բացականչում՝ ազատություն: Դա ֆիլմի ամենադրամատիկ պահն է: Լոնդոնի ողջ բնակչությունը, անկողնում մեռնող Անգլիայի թագավորը, բոլորը սպասում են՝ ուր որ է Ուոլլեսը կկոտրվի, մարմնական տանջանքներին չի դիմանա ու ներողություն կխնդրի թագավորից… բայց Ուոլլեսը բացականչում է՝ ազատություն, վերջնականապես ինֆարկտահար անելով Անգլիայի թագավորին: Եվ Ուոլլեսը պարտվում է, քանի որ շարժմանը դավաճանում է շոտլանդական ազնվականությունը:
Այսօր նույնպես ազգությամբ շոտլանդացի անվանի մարդկանց շրջանակում պառակտում կա:



Հանրահռչակ դերասան Շոն Քոններին, որ իրեն ազգայնական է համարում, գտնում է, որ Շոտլանդիան, անկասկած, պիտի անկախանա ու ազատագրվի Բրիտանիայից: Արձակագիր Իրվին Ուելշը, դերասան Ջերալդ Բաթլերը նույնպես կողմ են: Իսկ ահա՝ Հարրի Փոթերի նախամայրը, աշխարհի ամենահարուստ գրողներից մեկը՝ Ջոան Ռոուլինգը, «Մանչեսթր Յունայթեդ» ակումբի լեգենդար մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում են, որ Շոտլանդիայի անկախացումն ու առանձնացումը Մեծ Բրիտանիայից պարապ վախտի խաղալիք է, որ իրենք բրիտանական մեծ ընտանիքի մի մասն են կազմում:



Առանց շոտլանդական շրջազգեստի



Նրանց զոլավոր, գեղեցիկ կիլտերը… Մինչեւ «Խիզախ սիրտը» ֆիլմը եւ նրա հերոսին տեսնելը շատերն էին ձեռ առնում տղամարդու շոտլանդական ազգային հագուստը… Կարճ շրջազգեստ հագնող տղամարդկանց որտե՞ղ էին տեսնում… տղամարդկային հասարակության մեջ դա թուլության, իգականության նշան է համարվում… իսկ ֆիլմից հետո շատերն էին ասում՝ «յուբկեքին մի նայեք, տեսեք, թե էդ յուբկեքով ինչ են անում անգլիացիներին»…
Եվ շոտլանդական կիլտերն ընդունվեցին ոչ թե՝ որովհետեւ գեղեցիկ են ու հարմար, այլ, ցավոք, նորից ու նորից դրանց ներսում կռվող տղամարդկային անասնական ուժը գնահատվեց:
Շոտլանդիան եւ Շոտլանդիան: Եկել է ընտրելու ժամանակը, իսկ երրորդ տարբերակ չկա: