Դասական երաժշտությունը՝ Youtube-ում

Դասական երաժշտությունը՝ Youtube-ում

YouTube.com վիդեո-նախագծային կայք-համացանցում ամեն օր մոտ 65 հազար վիդեո է բեռնվում



…մասնակիցները եւ այցելուները կարող են բեռնել, դիտել եւ բաժանել տեսանյութեր: YouTube-ի շտաբը գտնվում է Սան Բրունոյում եւ ստեղծվել է 2005 թվականի փետրվար ամսին: Կայքը գործում է Adobe Flash տեխնոլոգիայով, որ ցույց է տալիս ֆիլմեր, հեռուստատեսային հոլովակներ, երաժշտական աուդիո-վիդեո տեսահոլովակներ, վիդեո-բլոգներ, կարճ ձայնագրություններ: 2006 թ. նոյեմբերի 13-ին YouTube-ը 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարով գնվել է Google.com-ի կողմից… YouTube-ի վիքիպեդիայի էջն ասում է նաեւ, որ…
2008 թվականի փետրվարին YouTube-ն ուներ 2 մլն 750 հազար գրանցված մասնակից եւ ընդհանուր առմամբ 73 մլն 100 հազար անուն տեսանյութ: Ձեզ հարկավոր կլինի ավելի քան 1000 տարի, որպեսզի հասցնեք նայել YouTube-ի բոլոր հոլովակները: Հազար տարի ապրելու համար ժամանակակից մարդը դեռ շատ անելիքներ ունի, իսկ եթե նա ցանկանա միայն YouTube-ի բոլոր հոլովակները նայելու համար հազար տարի ապրել, մենք, որ հիմա ենք ապրում, չենք էլ կարող ամբողջովին ըմբռնել ապագայի մարդու այդօրինակ ցանկության ողջ «հուզիչ կողմը»: Բայց դասական երաժշտության լավագույն գանձերը լիարժեք վայելելու համար գոնե մի 300 տարվա կյանքը չէր խանգարի: YouTube-ում դասական երաժշտության բազմահազար ձայնագրություններ կան, եւ ամեն րոպե դրանց քանակն ավելանում է:



Պոստմոդեռնի ապոգեյը… Բախը, Հենդելը, Մոցարտը, Շյոնբերգը, Շելսին, Բերիոն, Քեյջը, Ջասթին Բիբերի, Լեդի Գագայի, Ջեյ Լոյի կողքին՝ ավելի համեստորեն, ավելի անաղմուկ:
Դասական երաժշտության գրեթե ողջ պատմական փուլերը YouTube-ում ներկայացված են՝ միջնադար, ռենեսանս, բարոկկո, կլասիցիզմ, ռոմանտիզմ, մոդեռնիզմ, ժամանակակից երաժշտություն: Հասանելիության արագությունն ու մատչելիությունն իրենց լավագույն օրերն են ապրում եւ կապրեն դեռ երկար ժամանակ:



Կոմիտասի, կոմպոզիտորներ Ավետ Տերտերյանի, Արամ Խաչատրյանի, Աշոտ Զոհրաբյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները՝ իհարկե ոչ լրիվությամբ, YouTube-ում տեղադրված են, բայց, օրինակ, եթե հայերենով փնտրենք մեր օրերի լավագույն կոմպոզիտորներից մեկի՝ Աշոտ Զոհրաբյանի անունը, առաջին 20 ձայնագրության մեջ չենք գտնի, իսկ ահա՝ անգլերենով Ashot Zohrabyan փնտրելուց հետո սկզբում կհայտնվեն հենց նրա գործերը: Իհարկե, դրսում ապրող այլազգի մարդկանց համար YouTube-ում հայ կոմպոզիտորներին անգլերենով որոնելու հնարավորությունը մեր երաժշտությունն ավելի ճանաչելի է դարձնում: Հընթացս դրա YouTube-յան հայագիր ձայնագրություններն անպայման պիտի ավելացնել:



Դասական երաժշտության լայնամասշտաբ կիրարկումն այսուհետ կապված է YouTube-ի հետ, որ մի պահ տիեզերական աղբարկղ է հիշեցնում, անմարդկային քաոս, բայց որտեղ հանկարծ հնչում է Բախի երաժշտությունը, ասես ներդաշնակելով ու համակարգելով անհնարինը… պոստմոդեռնիստական «վառվռուն» հումանիզմ: