Բախչագուլյանից էլ ազատվեցին

Բախչագուլյանից էլ ազատվեցին

Գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի աշխատանքից ազատման լուրը, որը երեկ շրջանառվում էր կառավարության միջանցքներում, ոչ մեկին չզարմացրեց՝ ոչ հասարակ քաղաքացիներին, որոնց կերած սննդի որակը, ժամկետանց արտադրանքը, որ նրանք տեսնում են խանութներում, արդեն վկայում է այս կառույցի աշխատանքի մասին, ոչ էլ չինովնիկներին: Ապարատում այս պաշտոնանկությանն սպասում էին դեռեւս օգոստոսի վերջից, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արտահանողների հետ հանդիպման ժամանակ կոշտ նկատողություն էր արել Բախչագուլյանին: Պատճառը, ըստ կառավարական շրջանակների, վարչապետի ականջին հասած դժգոհություններն էին Հայաստանից արտահանվող սննդի որակից, որը հեռու է ներկրող երկրների չափանիշներից: Այս պատճառով որոշ արտասահմանյան գործարարներ նույնիսկ դադարեցրել էին համագործակցությունը Հայաստանի սննդի ձեռնարկությունների հետ:



Ինքը՝ Բախչագուլյանը, վարչապետի կողմից նկատողության արժանանալու փաստը ժխտում է: Սակայն նրանից այլ պարզաբանում ստանալ պաշտոնանկության վերաբերյալ չհաջողվեց, քանի որ նա երեկ անջատել էր բջջայինը: Բախչագուլյանի պաշտոնանկության շրջանառվող մյուս, առավել իրական բացատրությունը Տիգրան Սարգսյանի կադրերի նկատմամբ Հովիկ Աբրահամյանի անբարյացակամ վերաբերմունքն է եւ վերջիններից ազատվելու ցանկությունը: Սակայն նույն Տիգրան Սարգսյանի թիմակիցները վստահեցնում են, որ նախկին վարչապետը եւս դժգոհ էր Սննդի անվտանգության ծառայության պետից, եւ որ նշանակման օրվանից այդ մարդու կառույցը բացարձակ անգործ էր: «Իսկի տարին մեկ մի ստուգում չէին անում»,- ասաց մեր աղբյուրը, վստահեցնելով, որ օֆիսային ծույլ կյանքը Բախչագուլյանի համար մեծ հմայք ուներ: Առավոտից կառավարական շրջանակներում սկսեցին նաեւ փսփսալ, որ Բախչագուլյանի հետ «վատ» էր նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Մեր տեղեկություններով, սակայն, որոնք ստացանք գյուղնախարարությանը մոտ աղբյուրից, Աբրամ Բախչագուլյանի ազատումը կապված է արտահանման ընթացքում առաջացած սերտիֆիկատների խայտառակ վիճակի հետ: Սննդի տեսչությունը դրանք հաճախ տրամադրել է առանց պատշաճ ստուգումներ կատարելու, եւ արտահանվող սննդատեսակի մեծ խմբաքանակներ հետ են եկել: Կասկածներ կան, որ այս սերտիֆիկատները տրամադրվել են որոշակի կոռուպցիոն պայմաններով, ինչից նաեւ արտահանողներն իրենք են դժգոհել: Աբրամ Բախչագուլյանը Հանրապետական կուսակցության անդամ է, իսկ նախկինում նրա զբաղեցրած ամենատեսանելի պաշտոնը եղել է ԿԸՀ քարտուղարինը: Վերջին շրջանում Աբրամ Բախչագուլյանի անունը շոշափվեց ՊԵԿ նախկին պաշտոնյա, ԵՊՏՀ դասախոս Արտակ Ղուկասյանին առեւանգելու, ծեծի ենթարկելու եւ նրա ունեցվածքը խլելու քրեական գործում: Դատարանում Արտակ Ղուկասյանը, ի թիվս իրեն տոկոսով փող տվող պաշտոնյաների, նշել էր նաեւ Բախչագուլյանի անունը, ով 25 հազար դոլար գումար էր տվել:



ՀԳ. Սննդի անվտանգության ծառայության պետի ազատման մասին տեղեկությունը դեռ պաշտոնապես չհաստատված, հայտնի դարձավ նոր պետի անունը՝ սփյուռքի նախկին փոխնախարար Արմեն Հայրապետյան, որը երիտասարդ տարիներին կոմսոմոլի հրահանգիչ է եղել, իսկ 92-ից «Սամսունգ» ֆիրմային խանութի հիմնադիր «Մարկ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի համասեփականատերերից է: Նա նույն օրում ազատվեց զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվեց ծառայության պետ: