Գագիկ Ծառուկյանի մակարդակով չի հնչել իշխանափոխության պահանջը

Գագիկ Ծառուկյանի մակարդակով չի հնչել իշխանափոխության պահանջը

Սարգիս Հովսեփյան, գրող - Ով պայքարում է այս իշխանությունների դեմ, ես այդ պայքարի ժամանակ չեմ խանգարում, անկախ նրանից, թե ես ոնց եմ վերաբերվում, իրեն հակառակ բան չեմ ասի։ Թող հասնեն իրենց նպատակին, հաջորդ օրը կլինեմ եւ իրենց դեմ կբողոքեմ, բայց այս պահին, քանի որ ինչ-որ մեկը բողոքում է, դուրս է գալիս, մի բան անում է, ես ամեն դեպքում իր կողմից եմ։ Իսկ հանրահավաքին հնարավոր է, որ մասնակցեմ։ Վճռական չեմ տրամադրված, քանի որ վստահություն չունեմ հարթակում կանգնածների նկատմամբ։ Բայց, ամեն դեպքում, դա ինձ ետ չի պահի։ Ես խանդավառված չեմ այդ մարդկանցով, բայց այս իշխանություններն այնքան վատն են, որ չեմ ուզենա ինչ-որ բան անողին խանգարեմ իմ պահով։ Խանգարողը ես չլինեմ, բայց այնտեղ իմ ներկայությամբ եթե ինչ-որ բան կփոխվի, ուրեմն թող փոխվի։ Այնպես չի, որ ես իրենց փնովեմ կամ մի հակառակ բան անեմ․ այդ պրոցեսում չեմ ուզենա ես ինքս խանգարող լինեմ։ 99 տոկոսով համոզված եմ, որ դրանք այն մարդիկ են, որոնք եկան իշխանության՝ հաջորդ օրը հենց իրենց դեմ պետք է պայքարել, բայց այս իշխանությունները պետք է գնան, քանի որ սա վերջն է։



Վահե Ափոյան, նկարիչ - Չեմ մասնակցելու, երեքին էլ չեմ վստահում, բացասական վերաբերմունք ունեմ երեքի նկատմամբ էլ։ Անհեթեթություն եմ համարում իրենց վստահելը․ ինչպե՞ս կարելի է վստահել այդ քաղաքական ուժերին։ Չեմ վստահում, որովհետեւ վստահելու ոչ մի պատճառ չունեմ․ երեքն էլ հարստացել են ու շարունակում են հարստանալ ժողովրդի հաշվին։ Ոտնահարել են ժողովրդավարության բոլոր գաղափարները։ Մինչեւ իշխանության մասին մտածելը մտածում եմ կրթության մասին, որտեղ իմ ներդրումն ունեմ նաեւ։ Մտահոգված եմ անգրագիտության համար, որը պատճառներից մեկն է անգրագետ իշխանություն ունենալու։ Կարծում եմ, որ դա գալիս է շատ խորքից։



Արգիշտի Կիվիրյան, վերլուծաբան - Ես պրակտիկորեն մասնակցում եմ Հայաստանում տեղի ունեցող գրեթե բոլոր հանրահավաքներին, քանի որ վերլուծաբան եմ եւ աշխատում եմ միշտ ներկա գտնվել, այս մեկին նույնպես մասնակցելու եմ։ Այս պահի դրությամբ, իմ պատկերացմամբ, ընդամենը տեղի է ունենալու ընդդիմության հերթական հանրահավաքը, որը նպատակ ունի մերձեցնել այդ երեք ուժերին։ Բայց մինչեւ այս պահը այդ երեք ուժերի կողմից միասնական կերպով, ոչ թե առանձին-առանձին, քանի որ ՀԱԿ-ը միշտ էլ դրել է իշխանափոխության պահանջը, նաեւ իշխանափոխության հասնելու հստակ մեխանիզմները։ Մենք, ի վերջո, պիտի հասկանանք, որ միտինգով որեւէ հարց չի լուծվում, այսինքն՝ իշխանափոխությունը տեղի է ունենում ծրագրի ի կատար ածելու շրջանակներում։ Հակառակ դեպքում, անկախությունից ի վեր մարդիկ հավաքվում են Ազատության հրապարակում եւ լսում են միտինգի կազմակերպիչներին, բայց դա չի հանգեցնում իշխանափոխության։ Այս պահի դրությամբ եռյակը չի հրապարակել իր ծրագիրը, իհարկե, հատուկենտ հայտարարություններ հնչել են, բայց կոնկրետ Գագիկ Ծառուկյանի մակարդակով չի հնչել իշխանափոխություն։ Բացի այդ, հրապարակելուց հետո էլ պետք է ներկայացնեն, թե ինչ մեխանիզմներով են հասնելու իրենց ցանկությանը։ Քանի դեռ այդ հրապարակումը չկա, վերածվում է հերթապահ հանրահավաքի։ Հնարավոր է, որ հերթապահ հանրահավաքը վերաճի այլ հանրահավաքների․ ես այս դիտարկումն անում եմ ընդամենը այս պահի դրությամբ։ Գուցե հանրահավաքի ժամանակ ներկայացնեն շատ ավելի խոր ծրագիր, բայց մենք մինչ այս պահը դա չենք տեսել։



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ